
Դերասանները
թատրոն են գալիս փորձի: Առաջին դերասանուհին ինչպես միշտ ուշանում է: Առաջին դերասանը
դժգոհում է, որ ստիպված է պիեսի ընթացքում դնել խոհարարի գլխարկը: Տնօրենը բացականչում
է, որ ինքը մեղք չունի: Ի՞նչ կարող է անել, եթե Ֆրանսիան դադարել է իրենց լավ պիեսներ
տրամադրել, և նրանք ստիպված են բեմադրել ինչ-որ Պիրանդելլոյի պիեսները: Հանկարծ սրահում
են հայտնվում թատրոնի շվեյցարը և վեց կերպարներ, որոնց առաջնորդում է Հայրը, ով բացատրում
է, որ նրանք թատրոն են եկել հեղինակ գտնելու հույսով: Նրանք թատրոնի տնօրենին առաջարկում
են լինել նրա նոր պիեսը: Կյանքը լի է այնպիսի անհեթեթություններով, որոնք նմանակման
կարիք չունեն, քանի որ իրենք են ճշմարտությունը, և ճշմարտության պատրանք ստեղծելը,
ինչպես դա հաճախ պատահում է թատրոնում, խելագարություն է: Հեղինակը կյանք է տվել կերպարներին,
սակայն այլևս չգիտի, թե ինչ կարելի է անել նրանց հետ: Իսկ նրանց մեջ խաղում են կրքերը և նրանք ուզում
են ապրել ինքնուրույն:
Ընդհատելով
միմյանց կերպարներն ուզում են բացատրել, թե բանն ինչում է: Հայրը ամուսնացել է մոր
հետ, սակայն շուտով նկատել է, որ սա անտարբեր չէ քարտուղարի հանդեպ: Դրամ է տալիս նրանց,
որ հեռանան և ապրեն իրենց համար: Որդուն, որն այդ ժամանակ երկու տարեկան էր, նա ուղարկում
է գյուղ, որտեղ ստնտու է վարձում: Սակայն Հայրը հետևում է Մոր նոր ընտանիքին: Մայրը
ևս երեք զավակ է ծնում՝ Խորթ աղջիկ, Տղա և Աղջիկ: Օրինական Որդին ատում է ապօրինի զավակներին,
քանի որ նրանք ապրօրինի են: Իր սիրեկանի մահից հետո Մայրը վերադառնում է հարազատ քաղաք
և դրամ վաստակելու համար կար է անում: Սակայն պարզվում է, որ նորաձևության կրպակի տիրուհին՝
տիկին Պաչեն, ստիպում է Խորթ աղջկան զբաղվել անառակությամբ: Նա թերացումներ է գտնում
Մոր կարի մեջ և ստիպում է դրա համար Խորթ աղջկան հատուցել անառակությամբ: Խորթ աղջիկը
մեղադրում է մե´րթ Հորը, մե´րթ Որդուն. սրանք արդարանում են: Մայրը տառապում է և ուզում
է հաշտեցնել բոլորին: Հայրը ասում է, որ դրամայի մասնակիցներից յուրաքանչյուրի մեջ
ոչ թե մեկ, այլ բազում պատրանքներ են: Խոսել անձի միասնության մասին անիմաստ է: Որդին,
որին Խորթ աղջիկը համարում է ամեն ինչում մեղավորը, գանգատվում է, որ ինքը դրամատիկորեն
չիրագործված կերպար է: Կերպարները գժտվում են և տնօրենն ասում է, որ միայն հեղինակը
կարող է վերահաստատել կարգը: Ուզում է մի հեղինակ առաջարկել, սակայն Հայրն ասում է,
որ տնօրենն ինքը կարող է փայլուն հեղինակ լինել:
Սկսում
են դեկորացիաներ պատրաստել. տիկին Պաչեի հաստատության սենյակներից մեկն է: Տնօրենն
առաջարկում է կերպարներին փորձնական բեմադրություն անել, որպեսզի դերասանները պատկերացում կազմեն խաղի
մասին: Սակայն կերպարներն իրենք են ցանկանում հանդես գալ հանդիսատեսի առաջ: Տնօրենը
բացատրում է, որ դա անհնար է: Իրենց պիտի խաղան դերասանները. Խորթ աղջկան Առաջին դերասանուհին,
Հորը՝ Առաջին դերսանը: Իսկ հիմա կերպարները կբեմադրեն դրաման դերասանների համար, որոնք
կլինեն հանդիսատես: Տնօրենը ուզում է տեսնել առաջին տեսարանը՝ տիկին Պաչեի զրույցը
Խորթ աղջկա հետ: Սակայն տիկին Պաչեն եկած կերպարների թվում բացակայում է: Հայրն ասում
է, որ բեմը կարգին պատրաստելու դեպքում տիկին Պաչեն կհայտնվի: Երբ բեմում կախիչներ
են դնում և կախում են գլխարկները, տիկին Պաչեն իսկապես հայտնվում է: Գեր է, սիգարետը
ձեռքին: Նրան տեսնելով դերասանները փախչում են, իսկ Հայրը չի հասկանում, թե ինչու վուլգար
նմանություն ստանալու համար պետք է սպանել իրականության այդ հրաշքը, որը կյանքի է կոչված
իրադրությամբ: Տիկին Պաչեն իտալա-իսպաներեն բացատրում է Խորթ աղջկան, որ իր Մոր աշխատանքը
շատ վատն է և նա որպես հատուցում պիտի զոհի իրեն: Մայրը, լսելով դա, հարձակվում է Պաչեի
վրա, պոկում է նրա գլխից կեղծամը: Տնօրենը հազիվ կարողանալով հանգստացնել դերասաններին՝
խնդրում է Հորը խաղալ այդ տեսարանի շարունակությունը: Հայրը ներս է մտնում, ծանոթանում
է Խորթ աղջկա հետ, հարցնում է, թե որքան ժամանակ է Խորթ աղջիկը տիկին Պաչեի մոտ: Նվեր
է տալիս գեղեցիկ գլխարկ: Երբ Խորթ աղջիկը տեղեկացնում է Հորը, որ սուգի մեջ է, Հայրը
պատվիրում է նրան արագ հանել զգեստը: Առաջին դերասանը և դերասանուհին փորձում են կրկնել
այդ տեսարանը: Նրանց կատարմամբ ամեն բան ավելի մեղմ ու գեղեցիկ է: Դերասանների խաղը
շարժում է կերպարների ծիծաղը: Տնօրենը խոստանում է այլևս չկանչել կերպարներին, իսկ
հիմա խնդրում է խաղալ տեսարանի շարունակությունը: Ուզում է հանել պիեսից այն հատվածը,
որտեղ հայրն առաջարկում է Խորթ աղջկան հանել սգո զգեստը: Խորթ աղջիկն առարկում է, որ
դա ճշմարտությունն է, իսկ տնօրենն ասում է, որ ճշմարտությունը թատրոնում լավ է միայն
որոշ սահմաններում: Խորթ աղջիկը գրկում է Հորը և ներս է վազում Մայրը, որը անջատում
է նրանց՝ բղավելով. «Դժբա´խտ, չէ՞ որ սա իմ դուստրն է»: Դերասանները և տնօրենը հուզված
են: Կերպարները համոզված են, որ կարևորն այն է, որ հենց այդպես էլ տեղի է ունեցել իրականում:
Տնօրենը կարծում է, որ առաջին տեսարանն ունի հաջողություն:
Նոր
դեկորացիա. այգի, որտեղ կա լողավազան: Մի կողմում նստած են դերասանները, մյուսում՝
կերպարները: Տնօրենը հայտարարում է երկրորդ գործողության սկիզբը: Խորթ աղջիկն ասում
է, որ հակառակ Որդու կամքի ընտանիքը տեղափոխվել է Հոր տուն: Մայրն ասում է, որ զուր
փորձել է հաշտեցնել Որդուն և Խորթ աղջկան: Հայրը վիճում է տնօրենի հետ պատրանքի և իրականության
մասին: Դերասանի վարպետությունը իրականության պատրանք ստեղծելն է, մինչդեռ կերպարներն
ունեն իրենց իրականությունը: Դերասանը կարող է լինել նաև «Ոչ ոք»: Դերասանի իրականությունը
փոխվում է, կերպարինը՝ ոչ: Ծնվելով՝ կերպարը դառնում է անկախ, անգամ հեղինակից: Հայրը
դժգոհում է, որ հեղինակային երևակայությունը ծնունդ է տվել իրենց, իսկ հիմա փորձում
է զրկել գոյությունից, ահա ինչու նրանք պիտի պաշտպանեն իրենց իրավունքները: Շատ են
խնդրել նորից ձեռքը վերցնել գրիչը, բայց հեղինակը դա չի արել և ահա իրենք են եկել թատրոն:
Խորթ
աղջկան շատ է խանգարում Որդին: Վերջինս փորձում է լքել բեմը, սակայն աներևույթ մի ուժ
պահում է նրան: Խորթ աղջիկը տեսնելով դա սկսում է ծիծաղել: Որդին մնում է բեմում, սակայն
հրաժարվում է մասնակցել գործողությանը: Աղջիկը խաղում է լողավազանի մոտ: Տղան թաքնվել
է ծառի ետևում: Նրա ձեռքին ատրճանակ է: Մայրը մտնում է Որդու սենյակ, որպեսզի խոսի
նրա հետ: Սակայն Որդին չի լսում: Հայրը փորձում է ստիպել նրան լսել, բայց Որդին ընդդիմանում
է: Կռվում են: Որդին հատակին է նետում Հորը: Նա ասում է, որ սոսկ ենթարկվում է նրա
կամքին, ով չցանկացավ իրենց բեմ հանել: Տնօրենը խնդրում է անձամբ իրեն պատմել, թե ինչ
է պատահել: Որդին պատմում է, որ լողավազանի կողքով անցնելիս տեսել է այդտեղ Աղջկան:
Նետվել է դեպի Աղջիկը, սակայն նկատել է Տղային, որը խելագար աչքերով դիտում էր խեղդված
քրոջը: Երբ Որդին ավարտում է պատմել, ծառի ետևից լսվում է կրակոց: Տղային տանում են
բեմից: Ոմանք կարծում են, որ Տղան իսկապես մահացել է: Ոմանք կարծում են, թե դա խաղ
է: Հայրը գոռում է, որ դա հենց իրականությունն է: Տնօրենը բոլորին գրողի ծոցն է ուղարկում
և կարգադրում է միացնել լույսը:
Բեմը
և դահլիճը լուսավորվում են: Տնօրենը նյարդայնացած է: Ողջ օրը կորած է: Փորձը սկսելու
համար ուշ է: Դերասանները հեռանում են: Տնօրենը հրամայում է անջատել լույսը: Մթնում
է, հետո հանկարծ վառվում է կանաչ լույս: Երևում են կերպարների մեծ ստվերները, բացի
Տղայի և Աղջկա ստվերներից: Տեսնելով նրանց Տնօրենը վախեցած փախչում է: Բեմի վրա մնում
են կերպարները:
Տես նաև Ալբերտո Մորավիա Անտարբեր մարդիկ և Ումբերտո Էկո Վարդի անունը
Պիրանդելլո | Հեղինակ փնտրող վեց կերպարներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 15, 2015
Rating:
