Ներսես Շնորհալի | Եդեսիայի ողբը | համառոտ


Ներսես Շնորհալու «Եդեսիայի ողբը» («Ողբ Եդեսիոյ») պոեմի գրության առիթ է դառնում 1144 թ. Եդեսիա քաղաքի գրավումը Հալեպի Զանգի ամիրայի կողմից։ Պոեմը գրված է դիմառնության հնարքով։ Այրի կնոջ պատկերով Եդեսիան ողբում է իր դժբախտությունը՝ ողբակցության հրավիրելով քրիստոնյա աշխարհը։
Դիմելով Մեծ Հայքին՝ Եդեսիան հիշում է անցյալի վեհությունը, հակադրելով այն ներկայի թշվառությանը։ Ու՞ր են հայոց երբեմնի թագն ու պսակը, զինակիրները, նախարարներն ու իշխանները:

Ո՞ւր քաղցրաձայն երաժշտի,
Կամ գեղգեղումն եղանակի...
Արդ ու՞ր գահոյք թագաւորի,
Վաղարշապատ քոյ քաղաքի...։

Վաղարշապատն ու Անին Շնորհալու երկում դառնում են հայոց անցյալի փառքի, միաժամանակ նաև անմխիթար ներկայի խորհրդանիշներ։ Խորհրդանշական են Եդեսիայի որդիների՝ շրջակա ավանների, բնական գեղեցկությունների ու հարստությունների, առատ ու շեն կյանքի նկարագրերը, որոնք անցյալին են վերաբերում և ավելի ակնառու դարձնում հակադրությունը։
Վարպետությամբ է կերտված որդեկորույս մոր կերպարը, որն օժտված է մարդկային հոգեբանական գծերով։ Պատմողի տրամադրությունը դեպքերի ու խտացող գույների հետ փոփոխվում է, ըստ այդմ սաստկանում է և խոսքը, այնքան, որ ողբացողն անկարող է շարունակել։ Համակողմանի ու բնական գունավորում են ստացել պոեմում ռազմական իրադարձությունները։ Այստեղ ևս Շնորհալին դիմում է հակադրության։ Պաշարյալները, որ իրենց երկիրը պաշտպանում են անօրեն-անհավատներից, բարոյական բարձր կարգի մարդիկ են, կռվում են հայրենիքի համար, նրանց ոգևորում են նախնիների սխրանքները։ Մարտի դաշտում են նույնիսկ քահանաները, եպիսկոպոսները, ովքեր քաջալերում են կռվողներին։ Մինչդեռ թշնամուն ոգեշնչողը ավարի տենչն ու հարստանալու մոլուցքն է։
Հավաքական կերպարներից բացի «Ողբում» կա նաև անհատ հերոս՝ Զանգին, ով բարբարոս ու դաժան արևելյան բռնակալ է: Սրա էական հատկանիշներից է խաբեությունը։ Երդվելով, որ քաղաք մտնելիս ոչ մի վնաս չի պատճառի անձնատուր եղած բնակիչներին, դրժում է իր խոսքը, կոտորում բոլորին։
Ողբացող Որբևայրին (Եդեսիա քաղաքը) անիծում է թշնամուն և մխիթարվում նրանով, որ իր որդիները կպսակվեն անճառ լույսով։ Իսկ վերապրողներին նա հուսադրում է խաչակրաց երկրորդ արշավանքի հեռանկարով։ Բանաստեղծը հավատում է, որ աշխարհի չորս ծագերից կգան, կհավաքվեն հալածյալներն ու ցրվածները «ի տուն հայրենի»։
Շնորհալին ոչ թե «երկնային մխիթարություն» է խոստանում տառապողներին, այլ հավատացնում է, որ փրկությունը կլինի այս կյանքում, հորդորում է տոկալ չարչարանքներին և «յուսով սպասել այսըր կենաց»:
Բանաստեղծի նպատակն է եղել օգտագործելով առիթը, հեռանկարի նկատմամբ հավատ ներշնչել իր հայրենակիցներին և մխիթարել:
12-րդ դարից խաչակիրներից ակնկալվող օգնությունը սկսում է քաղաքական իմաստ ձեռք բերել՝ կապվելով իրական ծրագրերի հետ։ Այս առումով Շնորհալու պոեմն ուշագրավ է խաչակրությանը վերաբերող գեղարվեստական գործերի մեջ։ Խաչակրաց արշավանքներին նվիրված ամենանշանավոր երկը եվրոպական գրականության մեջ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմն» է, որտեղ ամեն ինչ լինում է Աստծո կամքով: Աստծո միջամտությամբ խաչակիրները գրավում են Երուսաղեմը։ Ներսես Շնորհալու «Ողբը» հուշում է, որ կորովն ու կամքը շատ բան են վճռելու քրիստոնյաների համատեղ պայքարում։

Տես նաև Լոդովիկո Արիոստո Մոլեգին Ռոլանդը, Գրիգոր Նարեկացի Մատյան ողբերգության և Ֆրիկ Գանգատ

Ներսես Շնորհալի | Եդեսիայի ողբը | համառոտ Ներսես Շնորհալի | Եդեսիայի ողբը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:34:00 Rating: 5
Технологии Blogger.