
Իսպանացի փիլիսոփա Միգել դե Ունամունոյի (1864-1936) աշխատություններից կարելի է առանձնացնել՝ «Դոն Կիխոտի
և Սանչո Պանսայի կյանքն ըստ Միգել դե Սերվանտեսի՝ բացատրված և մեկնաբանված Միգել դե
Ունամունոյի կողմից» (1905), «Պուրիզմի մասին» (1902), «Իմ կրոնը և այլ ակնարկներ»
(1910) և «Մարդկանց և ժողովուրդների մոտ կյանքի ողբերգական զգացության մասին»
(1913):
«Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի» մասին իր գրքում Ունամունոն
ասում է, որ ոչ թե բանականությունը, այլ կամքն է մեզ համար աշխարհ ստեղծում: Բանականությունը
հետևում է կամքին: «Կյանքն է ճշմարտության մասին մեր դատողությունների չափանիշը, այլ
ոչ թե բանականության տրամաբանական համաձայնեցվածությունը: Եթե իմ հավատը թույլ է տալիս
ինձ աճել, ապա ո՞ւմ և ինչի՞ համար են պետք իմ ապացույցները… Ճշմարտություն է վերջին
հաշվով այն, ինչը ստիպում է գործել: »
Առողջ բանականության «ժանտախտին» Ունամունոն հակադրում է
«իսկական խելագարությունը», որը պակասում է «բոլորիս»: Դոն Կիխոտի գերեզմանը հարկ է
փրկել Բանականության ջենթլմենների իշխանությունից: Դոն Կիխոտը խելագար է դառնում ոգու
հասունությունից: Դա հոգու շռայլության հավիտենական օրինակ է: «Մի՞թե նման չէ Դոն Կիխոտին
այնպիսի ասպետը, ինչպիսին է Իգնատիուս Լոյոլան»:
Մարդկությունը իրապես գոյություն չունի: Կա միայն առանձին
մարդը, որի կյանքը պետք չէ արդարացնել: Կենդանի ամեն բան իռացիոնալ է, մինչդեռ ամեն
իռացիոնալ բան հակառակ է կյանքին: Հասկացությունները չափազանց նեղ են կյանքի իմաստը
ներառելու համար, դրանք «ողբերգական» են: Իսկական ինտելեկտուալը նա է, ով երբեք գոհ
չէ ո´չ ինքն իրենից, ո´չ էլ ուրիշներից:
Ունամունոյին չի բավարարում ռոցիանալ թոմիզմը: Աստված գոյություն
ունի ոչ այն պատճառով, որ դրա համար կան ռացիոնալ հիմքեր, այլ այն պատճառով, որ մեր
մեջ գոյություն ունի մահը հաղթելու մեծ կամք: Կյանքին չհպատակվելու կամքը կյանքի ողբերգական
զգացողության աղբյուրն է: Դա ստիպում է մարդուն նորից ու նորից ստեղծել կենդանի Աստծուն:
«Ոչ ոք չի կարող ապացուցել ինձ ոչ Աստծո գոյությունը, ոչ
էլ չգոյությունը»: Աթեիստների փաստարկները մինչև իսկ ավելի մակերեսային են, քան թեիստների
փաստարկները:
Աստված նա է, ով դիմում է սրտին. դա Աբրահամի, Իսահակի և
Հակոբի Աստված է, այլ ոչ փիլիսոփաների և աստվածաբանների Աստված: Ունամունոն կոչում
է իրեն «իսպանական Պասկալ» և «Կիերկեգորի եղբայր»:
Շնորհիվ Միգել դե Ունամունոյի ոչ միայն մոռացությունից դուրս
է բերվում Կիերկեգորը, այլև նոր լիցքեր է ստանում Պասկալից և Շլայերմախերից եկող կրոնական
էկզիստենցիալիզմի ավանդույթը:
Միգել դե Ունամունո | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 02, 2015
Rating:
