Հովհաննես Թումանյան | Խելոքն ու հիմարը | համառոտ


Երկու եղբայր են լինում. մեկը խելոք, մյուսը՝ հիմար: Խելոք եղբայրը միշտ բանեցնում ու չարչարում է հիմար եղբորը: Սա հուսահատվում է և որոշում հեռանալ: Ունեցվածքը բաժանում են խելոքի խորհրդով. ապրանքը ջրից բերելիս որը գոմը մտնի՝ խելոքին, որը դուրսը մնա՝ հիմարին: Հիմարը համաձայնում է: Ձմեռվա ցուրտ օր է: Սառած անասունները բոլորը մտնում են տաք գոմը, դրսում մնում է միայն  մի հիվանդ քոսոտ մոզի գերաններին քոր անելիս: Հիմարը վերցնում է իր բաժին ժառանգությունը և տանում ծախելու: Մի հին ավերակի մոտից անցնելիս ձայն է տալիս՝ «ա´ մոզի, արի, հե՜յ…», ավերակի արձագանքը կրկնում է՝ «հե՜յ…», հիմարը՝ «ինձ հետ ես խոսում, հա՞…», ավերակը՝ «հա՜…», հիմարը՝ «մոզին ուզում ես՞», արձագանքը՝ «ե~ս…», հիմարը՝ «քանի՞ մանեթ կտաս», ավերակը՝ «տա~ս…», հիմարը՝ «հիմա կտա՞ս, թե չէ», ավերակը՝ «չէ՜…», հիմարը՝ «դե էգուց կգամ, որտեղից որ է՝, ճարի՜», ավերակը՝ «արի՜»: Հիմարը համաձայնում է և մոզին ծախած համարելով, կապում է ավերակի դռանը ու գնում: Մյուս օրը գալիս է փողերն առնելու: Գայլերը գիշերը մոզին կերած են լինում, իսկ սա կարծում է, թե ավերակն է կերել: Դարձյալ խոսում է ավերակի հետ, ու ավերակի արձագանքներից ենթադրում, թե իր փողը չի ուզում տալ, բարկանում է, ու ձեռի փայտով հարվածում ավերակի խարխուլ պատերին: Մի քանի անգամ զարկելուց պատերից մի քանի քար են ընկնում: Պարզվում է, այդտեղ ոսկի է եղել պահած: Ոսկին թափվում է հիմարի առաջը: Սա ասում է, թե այդքան չի ուզում, վերցնում է իր տասը մանեթը ու գնում տուն: Եղբորը ամեն բան պատմում է: Խելոքը հասկանում է, բանը ինչումն է ու հիմարին ասում, որ տեղը ցույց տա: Հիմարը չի ուզում ցույց տալ, քանի որ եղբայրը ամբողջ ոսկին իր շալակը կդնի ու կստիպի ծանր-ծանր գնալ: Խելոքը խոստանում է, որ ինքը կտանի և եղբորն էլ նոր շորեր կգնի ու գնում են ավերակի մոտ: Խելոքը ոսկին հավաքում է, հարստանում, բայց եղբոր համար նոր շորեր չի գնում: Հիմարը գնում է դատավորի մոտ գանգատ, բայց հենց ասում է, թե մոզին վաճառել է ավերակին, դատավորն ընդհատում է նրան, ծիծաղում ու հրամայում, որ հիմարին դուրս տանեն: Հիմարը շատերին է գանգատվում, բայց բոլորն էլ ծիծաղում են վրան: Ու ասում են, թե մինչև այսօր հիմարը կիսամերկ ման է գալիս, պատահողին գանգատվում է, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրան, իսկ խելոք եղբայրն էլ ծիծաղում է ամենքի հետ:  

Հովհաննես Թումանյան | Խելոքն ու հիմարը | համառոտ Հովհաննես Թումանյան | Խելոքն ու հիմարը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:53:00 Rating: 5
Технологии Blogger.