Մկրտիչ Պեշիկթաշլյան «Ծերն Վանայ»



Մութ գիշերս, ինչպէս սիրտս ալ.
Եւ թուխ ալիք մշտափրփուր
Վանայ ծովուն ծիածաւալ
Հառաչանօք լի են տըխուր:
Գոց են ամպով աստղունք… եւ յոյս.
Դեռ շատ հեռու է Արշալոյս:

Ո՜վ նազուհի դուստր ի Մեհեկ,
Շուշան եւ վարդ դաշտաց մերոց,
Եկո՛ւ, եւ հօռդ ծերուկ ու հէք,
Առաջնորդէ՛ ի Ձորն Հայոց:
Գոց են ամպով աստղունք… եւ յոյս.
Դեռ շատ հեռու է Արշալոյս:

Քու սիրատարփ, կտրիճ Արտակ
Տխուր երգեց, ո՜հ, այս գիշեր.
Սէրն էր երգոց իւր նըպատակ,
Բայց Թորգոմայ զաղէտսն յիշէր.
Գոց են ամպով աստղունք… եւ յոյս.
Դեռ շատ հեռու է Արշալոյս:

«Ո՜հ, ինչուան ե՞րբ հաճոյք եւ սէր
Առանց սուգի պիտի չըլլան.»
Այսպէս ի քնարն իւր նա երգէր,
Ուր արցունքով աչք մեր լըցան.
Գոց են ամպով աստղունք… եւ յոյս.
Դեռ շատ հեռու է Արշալոյս:

Հոս են շիրիմք մեր նախահարց,
Նոճ մի ունի ամէն դամբան.
Երբ փոթորիկ գոռայ յանկարծ,
Հեծեն՝ ննջող ոգւոց փոխան.
Գոց են ամպով աստղունք… եւ յոյս.
Դեռ շատ հեռու է Արշալոյս:

Հին են ցավերս,, հեծեմ եւ ես.
Ժամ է իջնամ ի գերեզման,
Երթամ վեհից Հայոցն ի տես,
Վանայ կոհակք թող զիս ողբան:
Եւ դու Մեհեկ, կուլա՞ս անյոյս,
Ո՜չ, ո՛չ, հընա՛… գայ Արշալոյս:

Մկրտիչ Պեշիկթաշլյան «Ծերն Վանայ» Մկրտիչ Պեշիկթաշլյան «Ծերն Վանայ» Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 31, 2016 Rating: 5
Технологии Blogger.