
Պիեսի գլխավոր հերոսուհին՝ լեդի Մարգարեթ Ուինդերմիրը, տոնում
է իր ծննդյան տարեդարձը: 21 տարեկան է: Նա սիրված կին և երիտասարդ մայր է, որի հանդեպ ճակատագիրը
բարեհաճ է գտնվել: Այդ օրն առավոտյան նա ընդունում է ընտանիքի բարեկամ բարձրաշխարհիկ
դատարկաբան լորդ Դարլինգտոնին, որի մութ ակնարկները և աֆորիզմները թողնում են նրան
շփոթմունքի մեջ: Գալիս է դքսուհի Բերվիկը իր դստեր հետ, որը հայտնում է, որ պարոն Ուինդերմիրը
հանդիպումներ է ունեցել ոմն տիկին Էռլինի հետ: Բոլոր կանայք էլ անցյալ ունեն, սակայն
տիկին Էռլինի դեպքում այն շատ մեծ է: Չցանկանալով հավատալ բամբասկոտ կնոջը՝ լեդի Ուինդերմիրը
ստուգում է ամուսնու նոթատետրը և գտնում է այնտեղ Բերվիկի խոսքերի ապացույցը: Երբ ամուսինը
տուն է գալիս, ոչ միայն չի հերքում իր ծանոթությունը տիկին Էռլինի հետ, այլև առաջարկում
է կնոջը հրավիրել նրան երեկույթի: Նա ասում է, որ մտադիր է օգնել այդ կնոջը վերականգնել
բարձր աշխարհում երբեմնի ունեցած դիրքը: Լեդի Ուինդերմիրը կտրուկ հրաժարվում է և ասում,
որ եթե այդ կինը ոտք դնի իր տուն, նա հրապարակավ կանպատվի նրան: Լորդ Ուինդերմիրը
հուսահատության մեջ է: Նա չի կարող չհրավիրել տիկին Էռլինին, սակայն չի կարող հայտնել
կնոջը իր և տիկին Էռլինի հարաբերության մասին:
Երեկույթին տիկին Էռլինը, այդուհանդերձ, գալիս է: Մարգարեթը
չի համարձակվում կոպտել նրան և միայն հետևում է, թե ինչպես է այդ կինը նախ գրավում
ծեր ամուրի պարոն Օգաստուսին, իսկ հետո նաև լորդ Ուինդերմիրին: Լորդ Դարլինգտոնը սկսում
է համոզել Մարգարեթին թողնել ամուսնուն և կապվել իր հետ: Մարգարեթին հաջողվում է լսել
տիկին Էռլինի և իր ամուսնու զրույցի մի հատվածը: Տիկին Էռլինն ասում է, որ մտադիր է
ամուսնանալ պարոն Օգաստուսի հետ, իսկ լորդ Ուինդերմիրը պիտի ապահովի նրա ապրուստը:
Մարգարեթը հրաժեշտի նամակ է գրում ամուսնուն և հեռանում է: Նամակը պատահաբար գտնում
է տիկին Էռլինը: «Ճակատագիրը կրկնվում է: Այս խոսքերը ես 21 տարի առաջ գրել եմ նրա
հորը»,- ասում է նա: Պարզվում է տիկին Էռլինը Մարգարեթի մայրն է, իսկ լորդ Ուինդերմիրը,
որը գիտի դա և իրավասու չէ բացահայտել այդ գաղտնիքը, ցանկացել է ինչ-որ կերպ նյութապես
օգնել այդ կնոջը:
Տիկին Էռլինը վերցնում է նամակը և շտապում է լորդ Դարլինգտոնի
տուն, որտեղ հույս ունի ետ պահել Մարգարեթին սխալ քայլից: Դարլինգտոնի տան հյուրասենյակում
նա գտնում է արդեն զղջացող Մարգարեթին: Տիկին Էռլինը ցույց է տալիս նրա նամակը, նետում
է այն բուխարու մեջ և ասում, որ Մարգարեթի տեղն իր ամուսնու և երեխայի կողքին է:
Այդ պահին լսվում են պարոն Օգաստուսի, Սեսիլ Գրեմի, լորդ
Դարլինգտոնի և լորդ Ուինդերմիրի ձայները: Կանայք թաքնվում են: Սակայն ներս մտած տղամարդիկ
հայտնաբերում են բազմոցի վրա լեդի Ուինդերմիրի հովհարը: Լորդ Ուինդերմիրը բացատրություն
է պահանջում Դարլինգտոնից: Տիկին Էռլինը դուրս է գալիս հարևան սենյակից: Մարգարեթը
կարողանում է աննկատ հեռանալ:
Հաջորդ առավոտյան կրքերը հանդարտվում են: Անգիտության մեջ
մնացած լորդ Ուինդերմիրը ներողություն է խնդրում իր կնոջից և պարսավում է տիկին Էռլինին՝
«այդ անուղղելի կնոջը»: Սակայն կնոջ մեջ տեղի է ունեցել զարմանալի վերափոխություն:
Նա պաշտպանում է տիկին Էռլինին: Սպասավորը հայտնում է, որ եկել է տիկին Էռլինը և ուզում
է տեսնել լեդի Ուինդերմիրին՝ ասելով, որ հավետ լքում է Անգլիան: Լորդ Ուինդերմիրը դժկամորեն
հեռանում է: Մնալով Մարգարեթ Ուինդերմիրի հետ միայնակ՝ տիկին Էռլինը խնդրում է, որ
սա իրեն նվիրի իր որդու հետ լուսանկարը և այն հովհարը: Միայն այստեղ է Էռլինը հայտնում,
որ Մարգարեթի մայրն է: Ջերմորեն հրաժեշտ տալով նա հեռանում է: Քիչ անց գալիս է լորդ
Օգաստուսը և հայտարարում է, որ պատրաստվում է ամուսնանալ տիկին Էռլինի հետ:
Տես նաև Դորիան Գրեյի դիմանկարը, Իդեալական ամուսինը,
Աստղամանուկը և Քենթրվիլի ուրվականը
Ֆիլմը կարող եք դիտել Այստեղ
Ֆիլմը կարող եք դիտել Այստեղ
Օսկար Ուայլդ | Լեդի Ուինդերմիրի հովհարը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 23, 2016
Rating:
