Ինգեբորգ Բախման

Ինգեբորգ Բախմանը (1926-1973, Ավստրիա) 20-րդ դարի գերմանալեզու գրականության ամենանշանավոր դեմքերից է: Սկզբնական շրջանում գրել է պոեզիա, իսկ ավելի ուշ՝ նաև արձակ: Հատկապես բարձր է գնահատվում հիսունական թվականների նրա քնարերգությունը և ուշ շրջանի արձակը:
Հեղինակ է բանաստեղծությունների երկու ժողովածուի՝ «Ապրած ժամանակ» (1953) և «Մեծ արջի կանչը» (1956), որոնք նրան մեծ ճանաչում և հաջողություն բերեցին: Երկրորդ աշխարհամարտից հետո Ինգեբորգ Բախմանի ստեղծագործությունը մեծ ազդեցություն թողեց գերմանալեզու պոեզիայի զարգացման միտումների վրա:
Ինգեբորգ Բախմանը եղել է «Խումբ 47» (1953) գրական խմբակի անդամ: Այդ ժամանակ էլ նա առաջին անգամ մեկնել է Հռոմ, որտեղ անցկացրել է իր հետագա կյանքի մեծ մասը: 1950-ական թվականների կեսերին Բախմանը դասախոսություններ է կարդացել Գերմանիայի ու ԱՄՆ-ի համալսարաններում: Համագործակցել է Հանս Վերներ Հենցեի հետ, գրել է նրա «Ապուշը» (1955) բալետի, «Համբուրգի արքայազնը» (1960, ըստ Հենրիխ ֆոն Քլայստի դրամայի) օպերայի լիբրետոները, իսկ Հենցեն գրել է երաժշտություն Բախմանի «Ճպուռներ» (1955) ռադիոպիեսի համար: Այդ տարիներին մտերմություն է արել և երկար ժամանակ նամակագրվել է Պաուլ Ցելանի հետ:
1958-1963 թվականներին Բախմանը մտերիմ է եղել շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի հետ: Հետագայում հիվանդագին է տարել իրենց բաժանումը: Նրանց հարաբերությունների հետ կապված հանգամանքները հետագայում նկարագրել է իր «Մալինա» վեպում, իսկ Մաքս Ֆրիշը մարմնավորել է Բախմանին «Ինձ կկոչեմ Գանտենբայն» վեպի հերոսուհու կերպարում:
1960-ականներին Բախմանը հրաժարվում է պոեզիայից և միայն արձակ է ստեղծագործում: Նրա «Երեսուն տարեկանում» (1961), «Զիմուլտան» (1972) պատմվածքների ժողովածուները և «Մալինա» (1971) վեպը մեծ հաջողություն են ունենում քննադատների և ընթերցողների շրջանում:
Բախմանն արժանացել է բազմաթիվ գրական հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ գերմանական հայտնի գրական միավորման՝ «47 խմբի» հատուկ մրցանակին, Գեորգ Բյուխների և Անտոն Վիլդգանսի անվան մրցանակներին: 1977 թվականից գրողի ծննդավայր Քլագենֆուրտ քաղաքում կազմակերպվում են գրականության օրեր, որի գլխավոր մրցանակը կրում է նրա անունը և համարվում է գերմանալեզու երկրներում ամենակարևոր գրական մրցանակներից մեկը:

Տես նաև Շտեֆան Ցվայգ Շախմատային նովել
Ինգեբորգ Բախման Ինգեբորգ Բախման Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:30:00 Rating: 5
Технологии Blogger.