
Աշխարհը երկակի է մարդու համար
նրա հետ հարաբերվելու երկակիության շնորհիվ:
Մարդու հարաբերվածությունը
երկակի է շնորհիվ այն երկու հիմնական բառերի, որոնք նա կարող է ասել:
Հիմնական բառերը ոչ թե առանձին
բառեր են, այլ բառերի զույգեր:
Առաջին հիմնական բառը Ես-Դու
համադրությունն է:
Մյուս հիմնական բառը` Ես-Այն
համադրությունը. ընդ որում՝ չփոխելով հիմնական բառը, Այն-ի տեղում կարող են հայտնվել
Նա և Նէ բառերը:
Այսպես, երկակի է նաև մարդու
Ես-ը:
Քանզի Ես-Դու հիմնական բառի
Ես-ը տարբեր է Ես-Այն հիմնական բառի Ես-ից:
***
Հիմնական բառերը չեն արտահայտում
մի բան, որը կարող էր դուրս լինել նրանցից, այլ լինելով արտաբերված, դրանք առաջադրում
են գոյություն:
Հիմնական բառերը գալիս են մարդու
էությունից:
Երբ ասվում է Դու-ն, ասվում
է նաև Ես-Դու համադրության Ես-ը:
Երբ ասվում է Այն-ը, ասվում
է նաև Ես-Այն համադրության Ես-ը:
Ես-Դու հիմնական բառը կարող
է ասված լինել միայն ողջ էությամբ:
Ես-Այն հիմնական բառը երբեք
չի կարող ասվել ողջ էությամբ:
***
Չկա ինքնին Ես, կա միայն Ես-Դու
հիմնական բառի և Ես-Այն հիմնական բառի Ես-ը:
Երբ մարդն ասում է Ես, նա ենթադրում
է դրանցից մեկը: Նրա ենթադրած Ես-ը, ներկա է, երբ նա խոսում է, երբ նա ասում է Ես:
Եվ երբ նա ասում է Ես կամ Այն, ներկա է հիմնական բառի Ես-երից մեկը:
Լինել Ես և ասել Ես նույնն
է: Ասել Ես և ասել հիմնական բառերից մեկը նույնն է:
Նա, ով ասում է հիմնական բառը,
մուտք է գործում դրա մեջ և գտնվում է դրա մեջ:
***
Մարդկային էակի կյանքը չի սահմանափակվում
անցողական բայերի ոլորտով: Այն չի հանգում այնպիսի գործունեության, որն ունի Ինչ-որ
բան որպես իր առարկա: Ես ընկալում եմ ինչ-որ բան: Ես ինչ-որ բան զգայում եմ: Ես ինչ-որ
բան պատկերացնում եմ: Ես ինչ-որ բան ցանկանում եմ: Ես ինչ-որ բան զգում եմ: Ես ինչ-որ
բան մտածում եմ: Մարդկային էակի կյանքը բաղկացած չէ միայն դրանից և դրա նման բաներից:
Այս ամենը և դրան նմանը Այն-ի
թագավորությունն է:
Դու-ի թագավորությունը ունի
ուրիշ հիմունք:
***
Նա, ով ասում է Դու, ոչինչ
չունի որպես առարկա: Քանզի այնտեղ, որտեղ Ինչ-որ բան կա, կա նաև ուրիշ բան. ամեն Այն
սահմանակցում է ուրիշ Այն-երի: Այն-ը գոյություն ունի այն բանի շնորհիվ, որ սահմանակցում
է ուրիշների հետ: Բայց երբ ասվում է Դու, չկա ոչ մի Ինչ-որ բան: Դուն անսահման է:
Նա, ով ասում է Դու, չունի
ոչ մի բան, նա ոչինչ չունի: Բայց նա հարաբերության մեջ է:
***
Ասում են, որ մարդը ձեռք բերելով
փորձ, ճանաչում է աշխարհը: Ի՞նչ է դա նշանակում: Մարդը շարժվում է իրերի մակերեսով
և փորձում է դրանք: Նա իմացություն է քաղում դրանց առկա վիճակի մասին, որոշակի փորձ:
Նա իմանում է, թե ինչպիսին են դրանք:
Բայց միայն փորձը չէ, որ թույլ
է տալիս մարդուն ճանաչել աշխարհը:
Քանզի ձեռք բերելով փորձ, մարդը
ճանաչում է սոսկ աշխարհը, որը բաղկացած է Այն-ից և Այն-ը և նորից Այն-ը, Նրանից, Նրան,
Նէից և Նէին և նորից Այն:
Ձեռք բերելով փորձ, ես Ինչ-որ
բան եմ իմանում:
Ոչինչ չի փոխվում, եթե «արտաքին»
փորձին գումարվում է «ներքինը», հետևելով հավերժական բաժանմանը, որը արմատավորված է
մահվան խորհուրդը իր սրությունից զրկելու մարդկային ցեղի ձգտման մեջ: Ներքին իրերը,
ինչպես արտաքինները, իրեր են իրերի մեջ:
Ձեռք բերելով փորձ ես ինչ-որ
բան իմանում եմ:
Եվ ոչինչ չի փոխվի, եթե «ակնհայտ»
փորձին ավելացվի «գաղտնին» այն ինքնավստահ իմաստության մեջ, որը գիտի իրերի մեջ խորհրդավորը,
որը պահվում է հաղորդվածների համար, և վարպետորեն գործադրում է բանալին: Օ՜, խորհրդավորություն,
առանց խորհրդի, օ՜, տեղեկությունների կուտակում: Ա՛յն, Ա՛յն, Ա՛յն:
***
Ձեռք բերող փորձը հաղորդակից
չէ աշխարհին: Չէ՞ որ փորձը «նրա մեջ է», այլ ոչ թե նրա և աշխարհի միջև:
Աշխարհը հաղորդակից չէ փորձին:
Այն ճանաչել է տալիս իրեն, բայց դա նրան ոչ մի կերպ չի շոշափում, որովհետև աշխարհը
ոչնչով չի նպաստում փորձի ձեռքբերմանը և նրա հետ ոչինչ տեղի չի ունենում:
***
Աշխարհը որպես փորձ պատկանում
է Ես-Այն հիմնական բառին: Ես-Դու հիմնական բառը ստեղծում է հարաբերության աշխարհը:
Գոյություն ունի երեք ոլորտ,
որտեղ կառուցվում է հարաբերության աշխարհը:
Առաջին. կյանքը բնության հետ:
Այստեղ հարաբերությունը տատանվում է մութի մեջ՝ չհասնելով խոսքի մակարդակին: Արարածները
շրջում են մեր առաջ, բայց չեն կարող մոտենալ, և մեր Դու-ն, որն ուղղված է նրանց, սառչում
է խոսքի շեմին:
Երկրորդ. կյանքը մարդկանց հետ:
Այստեղ հարաբերությունը բաց է և այն ձևավորված է խոսքի մեջ: Մենք կարող ենք տալ և ընդունել
Դու-ին:
Երրորդ. կյանքը հոգևոր էությունների
հետ: Այստեղ հարաբերությունը պատված է ամպով, բայց բացվում է, այն չունի խոսք, սակայն
ստեղծում է այն: Մենք չենք լսում Դու-ին, սակայն լսում ենք, որ մեզ ձայն տվեցին, մենք
պատասխանում ենք ստեղծելով, մտածելով, գործելով. մեր ողջ էությամբ մենք ասում ենք հիմնական
բառը՝ չկարողանալով բերանով արտասանել՝ Դու:
Ինչպե՞ս հանդգնեցինք ներառել
հիմնական բառի աշխարհի մեջ այն, ինչը ընկած է խոսքի հիմնական սահմաններից դուրս:
Ամեն ոլորտում, ողջ կայացողի
միջով, որ հիմա և այստեղ հառնում է մեր առաջ, մեր հայացքը որսում է հավերժական Դու-ի
եզրը, յուրաքանչյուրի մեջ մեր լսողությունը որսում է դրա շունչը, յուրաքանչյուր Դու-ի
մեջ մենք դիմում ենք Հավերժական Դու-ին, յուրաքանչյուր ոլորտում համապատասխան ձևով:
Թարգմանությունը գերմաներենից՝ Ս. Ստեփանյանի
Մարտին Բուբեր | Ես և Դու | հատված
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 29, 2016
Rating:
