Խորխե Լուիս Բորխես | Խորհրդավոր հրաշքը


Եվ Ատված մեռցրեց նրան հարյուր տարով և ապա կենդանացրեց ու ասաց.
-Որքա՞ն ժամանակ է այստեղ ես:
- Մի օր կամ օրվա մի մասը
Ղուրան, 2, 261
 1939 թ. թվականի մարտի 14-ի գիշերը Պրահայի Zeltengrass-ում գտնվող մի բնակարանում «Թշնամիներ» անավարտ ողբերգության, «Հավերժության արդարացում» գրքի և Յակոբ Բյոմեի վրա անուղղակի ազդեցություն թողած աղբյուրների քննության հեղինակը՝ Յարոմիր Հլադիկը, երազում երկարատև շախմատային խաղ տեսավ: Խաղացողները ոչ թե երկու անհատներ, այլ երկու հայտնի ընտանիքներ էին, և խաղն սկսվել էր դարեր առաջ, ոչ ոք այլևս չէր հիշում պարգևի չափը, սակայն լուրեր էին շրջում, թե այն հսկայական է, գուցե և անհատնում: Խաղաքարերն ու խաղատախտակը գաղտնի մի աշտարակում էին: Յարոմիրը (երազի մեջ) այդ թշնամացած ընտանիքներից մեկի միակ ժառանգն էր: Ժամացույցն ազդարարում էր անհետաձգելի խաղաքայլի յուրաքանչյուր ժամը, երազողը վազում էր անձրևոտ անապատի ավազներում և չէր կարողանում հիշել ոչ խաղաքարերի ձևը, ոչ էլ շախմատի օրենքները: Այդ պահին արթնացավ: Դադարեց անձրևի և սարսափելի ժամացույցների աղմուկը: Zelterglass-ից բարձրանում էր միապաղաղ և համառ մի ժխոր, որ երբեմն ընդհատվում էր հրաման արձակվող ձայներով: Լուսանում էր. Երրորդ ռայխի առաջատար զորքերը Պրահա էին մտնում:
Տասնիննին իշխանությունները մի մատնագիր ստացան, նույն օրը երեկոյան Յարոմիր Հլադիկը ձերբակալվեց: Նրան Վլտավայի հակառակ ափին գտնվող վարակազերծ և սպիտակեցված մի զորանոց ուղեկցեցին: Նա գեստապոյի ներկայացրած մեղադրանքի ոչ մի կետը չկարողացավ հերքել. նրա մայրական ազգանունը Յարոսլավսկի էր, նրա արյունը հրեական էր, Բյոմեի մասին աշխատանքը հրեական քարոզչություն էր, ստորագրությունը ամփոփում էր Anschluss-ի դեմ ուղղված բողոքագրի ցանկը: 1928 թվականին «Herman Barnsdorf» հրատարակչության համար թարգմանել էր «Sapher Yazirah»-ը: Հրատարակչությունը ավետարանի մեջ չափազանցրել էր թարգմանչի համբավը, այդ քարտարանը թերթել էր այն աստիճանավորներից մեկը, որի ձեռքում էր Հլադիկի բախտը՝ Յուլիուս Ռոթը: Չկա մարդ, որ իր մասնագիտությունից դուրս դյուրահավատ չլինի, գոթական տառերով գրված մեկ թե երկու ածականներ բավարար եղան, որպեսզի Յուլիուս Ռոթը ընդուներ Հլադիկի հեղինակությունը և թելադրեր նրա մահվան դատավճիռը pour encourager les autres: Գնդակահարությունը տեղի էր ունենալու ամսի քսանիննի առավոտյան ժամը իննին: Այդ ուշացման պատճառը (որի կարևորությունը հետո կնկատի ընթերցողը) բույսերի և մոլորակների անկիրք ու անշտապ գործելու վարչական ցանկությունն էր:
Հլադիկի առաջին զգացածը մերկ սարսափն էր: Մտածեց, որ կախաղանը, գլխատումը կամ մորթվելը չէին ահաբեկի իրեն, բայց գնդակահարությամբ մեռնելն անտանելի էր: Զուր կրկնեց, թե երկյուղալին ոչ թե կոնկրետ հանգամանքներն են, այլ մեռնելու ընդհանուր և անբիծ գործողությունը: Առանց հոգնելու երևակայում էր այդ հանգամանքները, անհեթեթորեն փորձում էր սպառել բոլոր տարբերակները: Անընդհատ գուշակում էր դատի ելքը՝ անքուն արշալույսից սկսած մինչև խորհրդավոր գնդակահարությունը: Մինչև Յուլիուս Ռոթի կողմից սահմանված օրը նույնիսկ երկրաչափությունն հոգնեցնող անկյուններ և ձևեր ունեցող տարբեր բակերում, տարբեր զինախմբերի՝ մերթ շատ հեռվից, մերթ շատ մոտիկից արձակված կրակոցներից հարյուրավոր մահերով մահացավ: Այդ երևակայական գնդակահարումներն ընդունում էր իրական սարսափով (գուցե իրական քաջությամբ), յուրաքանչյուր փորձ տևում էր մի քանի վայրկյան: Երբ շրջանն ավարտվում էր, Յարոմիրն անվերջանալիորեն վերադառնում էր մահվան դողդոջ նախօրյակը: Հետո մտածելով, որ իրականությունն ընդհանրապես չի համապատասխանում գուշակումներին, չարամիտ տրամաբանությամբ երզրակացրեց, որ պատահական մանրամասները նախագուշակելը նշանակում է արգելել դրանց իրականացումը: Հավատարիմ այդ թույլ դյութանքին, հնարում էր (որպեսզի չկատարվեին), դաժան դրվագներ, բնականաբար, վերջում վախեցավ, որ այդ դրվագները կարող է մարգարեական լինեն: Գիշերները, ընկճված, փորձում էր ինչ-որ ձևով հաստատվել փախչող ժամանակի մեջ: Գիտեր, որ ժամանակը սլանում է դեպի քսանիննի արշալույսը և բարձրաձայն տրամաբանում էր. հիմա քսաներկուսի գիշերն է, այս գիշեր (ու ևս վեց գիշեր) ես անխոցելի եմ, անմահ: Կարծում էր, որ երազի գիշերները խորունկ ու մութ արվարձաններ են, ուր հնարավոր էր սուզվել: Մեկ-մեկ անհամբերությամբ տենչում էր վերջնական գնդակահարություն, որ վատ թե լավ՝ իրեն ազատելու էր երևակայելու ունայն զբաղմունքից: Քսանութին, երբ վերջին մայրամուտը փայլատակում էր բարձր ճաղերի վրա, այդ նեղմիտ նկատառումներից նրան շեղեց իր «Թշնամիները» դրամայի պատկերը:
Հլադիկն արդեն քառասուն անց էր: Մի քանի բարեկամներից և բազում սովորություններից բացի՝ նրա կյանքն ամբողջացնում էր գրականության պրոբլեմատիկ զբաղմունքը, բոլոր գրողների պես մյուսների արժանիքները չափում էր իրենց իսկ կատարածով,  բայց ուզում էր, որ իրենը չափեին իր մտածածով ու ծրագրածով: Նրա հրատարակած բոլոր գրքերն այժմ նրա մեջ անբավարարություն էին ծնում: Բյոմեի, Իբն Էզրայի և Ֆլադդիի ստեղծագործությունների քննության մեջ այժմ հիմնականում տեսնում էր ջանասիրություն, «Sepher Yazirah»-ի թարգմանության մեջ՝ անփութություն, ծուլություն և անճշտություններ: Գուցե պակաս թերի էր համարում «Հավերժության արդարացումը», որի առաջին հատորը պատմում էր մարդկանց հնարած բոլոր հավերժությունների մասին՝ սկսած Պարմենիդեսի անշարժ գոյից մինչև Հինտոնի փոխվելու հնարավորություն ունեցող անցյալը, երկրորդը (Ֆրենսիս Բրեդլիի հետ) հերքում է, թե տիեզերքի բոլոր դեպքերը ժամանակային կարգ են կազմում: Պնդում էր, որ մարդու հնարավոր փորձերի քանակն անսահման չէ, և որ մի «կրկնությունը» բավական է ժամանակի կեղծ լինելը փաստելու համար… Դժբախտաբար նույն կեղծիքով են վարակված այդ կեղծիքն ապացուցող փաստերը, որոնց հաճախ շինծու զարմանքով անդրադառնում էր Հլադիկը: Մի շարք էքսպրեսիոնիստական բանաստեղծություններ էլ էր գրել, որոնք, ավաղ, ի զարմանս բանաստեղծի, հրատարակվեցին 1924 թվականին մի անթոլոգիայում ու հետագա անթոլոգիաներից և ոչ մեկից դուրս չմնացին: Այս ամբողջ կեղծ ու տկար անցյալը Հլադիկն ուզում էր քավել «Թշնամիները» չափածո դրամայով: (Հլադիկը շեփորում էր չափածոն, քանի որ սա թույլ էր տալիս, որ հանդիսատեսը մոռանա իր մտացածին լինելը՝ արվեստի պայմանը):
Այս դրաման պահպանում էր ժամանակի, տեղի և գործողության միասնությունը, դեպքերը կատարվում էին տասնիններորդ դարի վերջին երեկոներից մեկի ժամանակ Hardcany-ում, բարոն Rochmerstadt-ի գրադարանում: Առաջին գործողության առաջին տեսարանում մի անծանոթ այցելում է Rochmerstadt-ին: (Ժամացույցի զանգակները հնչեցնում են ժամը յոթը, վերջալույսը փայլեցնում է ապակիները, օդում հնչում է հունգարական կրքոտ ու ծանոթ մի մեղեդի): Այս տեսարանին հետևում են ուրիշները, Rochmerstadt-ը չի ճանաչում իրեն ձանձրացնող մարդկանց, բայց նրան թվում է, թե ինչ-որ տեղ տեսել է նրանց, գուցե երազում: Բոլորը բացահայտ շողոքորթում են նրան, բայց պարզվում է՝ սկզբում՝ միայն դրամայի հանդիսականների համար, հետո՝ հենց բարոնի, որ սրանք գաղտնի թշնամիներ են, որոնք հավաքվել են իրեն կործանելու համար: Rochmerstadt-ը կարողանում է կասեցնել կամ հեգնել նրանց բոլոր մեքենայությունները: Երկխոսության ժամանակ հիշատակում են բարոնի նշանածին՝ Julia de Weidenau-ին և ոմն Յարոսլավ Քուբինի, որը ինչ-որ ժամանակ աղջկան զզվեցրել էր իր սիրով: Այդ Քուբինը այժմ գժվել և ինքն իրեն Rochmerstadt է համարում… Վտանգի հնարավորությունը մեծանում է. Rochmerstadt-ը երկրորդ գործողության ընթացքում պարտադրված սպանում է դավադիրներից մեկին: Սկսվում է երրորդ գործողությունը՝ վերջինը: Աստիճանաբար շատանում են անհեթեթությունները՝ բեմ են վերադառնում այնպիսի դերակատարներ, որոնք կարծես մինչ այդ դուրս էին մնացել հանգույցից. մի պահ  Rochmerstadt-ի սպանած մարդն էլ է վերադառնում: Մեկն ակնարկում է, որ դեռ չի իրիկնացել. ժամացույցի զանգակները խփում են ժամը յոթը, վերևի ապակիներում փայլփլում է մայրամուտի արևը. օդի մեջ հնչում է հունգարական հայտնի և կրքոտ մի մեղեդի: Երևում է առաջին հյուրը ու կրկնում առաջին գործողության առաջին տեսարանի խոսքերը: Rochmerstadt-ը խոսում է առանց զարմանքի, հանդիսատեսն հասկանում է, որ Rochmerstadt-ը հենց թշվառ Յարոսլավ Քուբինն է: Դրամա տեղի չի ունեցել, այն ընդամենը Քուբինի հավերժորեն ապրած և վերապրած շրջանաձև ցնորքն է:
Հլադիկը երբեք ինքն իրեն չէր հարցրել, թե այդ կրկնվող սխալների կատակերգական ողբերգությունը արդյոք գլուխգործոց է, թե դատավարություն, պատահականությունների շարան, թե խորազնին ու հետևողական գործ: «Իմ նկարագրած սյուժեի սահմաններում նախազգում էի թերությունները քողարկելու և արժանիքները հաստատելու անհաջող հնարքը, որ հաստատում էր նաև (գոնե սիմվոլիկ) կյանքի հիմնական դրվագները պահպանելու հնարավորությունը»: Արդեն ավարտվել էր առաջին գործողությունը ու երրորդի մի քանի տեսարանները: Ստեղծագործության չափածո լինելը նրան թույլ էր տալիս, առանց ձեռագիրն աչքի առաջ ունենալու, հաճախակի քննել ու ստուգել հեքզամետրերը: Մտածում էր, որ դեռ պակասում է երկու գործողություն, և որ շուտով մեռնելու է: Մթության մեջ խոսեց Աստծո հետ. Եթե իսկապես գոյություն ունեմ, եթե քո կրկնություններից և վրիպումներից մեկը չեմ, ապա գոյություն ունեմ որպես «Թշնամիների» հեղինակ, այդ դրաման ավարտելու համար, որ կարող է արդարացնել և՛ ինձ, և՛ քեզ, ինձ հարկավոր է ևս մի տարի: Դու, որ դարերի և ժամանակի տերն ես, տուր ինձ այդ օրերը: Վերջին գիշերն էր, բայց տասը րոպե անց պղտոր ջրի պես նրան համակեց քունը:
Լուսադեմին երազում տեսավ, որ ինքը թաքնվել է Կլեմենտինումի գրադարանի գավիթներից մեկում: Սև ակնոց դրած գրադարանի մի աշխատող հարցրեց. Ի՞նչ եք որոնում: Հլադիկը պատասխանեց. Աստծուն եմ որոնում: Գրադարանի աշխատողն ասաց. Աստված Կլեմենտինումի չորս հարյուր հազար հատորներից մեկի էջերի տառերից մեկում է: Իմ ծնողներն ու ծնողներիս ծնողներն արդեն որոնել են այդ տառը, ես որոնելով եմ կուրացել: Հանեց ակնոցը, ու Հլադիկը տեսավ նրա մեռած աչքերը: Ինչ-որ քարտեզագիրք վերադարձնելու համար ներս մտավ մի ընթերցող: Այս քարտեզագիրքն անպետք է, ասաց և հանձնեց Հլադիկին: Սա բացեց քարտեզագիրքը ու Հնդկաստանը պատկերող մի հիասքանչ քարտեզ տեսավ:  Հանկարծակիորեն վստահ՝ ձեռքը հպեց փոքրիկ տառերից մեկին: Համատարած մի ձայն լսվեց: Գործիդ համար անհրաժեշտ ժամանակը պարգևված է: Այստեղ Հլադիկն արթնացավ:
Հիշեց, որ մարդկանց երազները պատկանում են Աստծուն, և որ Մայմոնիդեսը գրել է, թե աստվածային են երազի այն բառերը, որ տարբերակված ու հստակ են, և հնարավոր չէ տեսնել, թե ով է արտասանել այդ բառերը: Հագնվեց, խուց մտան երկու զինվորներ և հրամայեցին հետևել իրենց:
Դռան մյուս կողմում Հլադիկը ենթադրել էր անցումների, աստիճանների և տաղավարների լաբիրինթոս: Իրականությունը ավելի համեստ էր, երկաթյա միակ աստիճանով իջավ ետնաբակ: Զինվորները՝ մի քանիսը չկոճկված համազգեստներով, տնտղում և վիճում էին մի մոտոցիկլետի համար: Տասնապետը նայեց ժամացույցին՝ ութն անց քառասունչորս էր: Պետք է սպասեին, մինչև ժամը ինը: Հլադիկը, իրեն առավելապես աննշան, քան դժբախտ զգալով, փայտերի մի կույտի վրա նստեց: Նկատեց, որ զինվորների հայացքները խուսափում  էին իրենից: Սպասումը թեթևացնելու համար տասնապետը ծխախոտ հյուրասիրեց: Հլադիկը չէր ծխում, բայց քաղաքավարությունից կամ համեստությունից դրդված՝ ընդունեց: Վառելու ժամանակ զգաց, որ ձեռքերը դողում են: Երկինքն ամպոտեց, զինվորները խոսում էին ցածրաձայն, կարծես իրեն արդեն մեռած էին համարում: Ապարդյուն փորձեց հիշել այն կնոջը, որի խորհրդանիշն էր Julia Weidenau-ն:
Կազմվեց կրակողների ջոկատը, պատրաստվեց: Հլադիկը, կանգնած զորանոցի պատի տակ՝ սպասեց կրակոցին: Մեկը վախ հայտնեց, թե պատը կարող է արյունոտվել, ուստի գերուն հրամայվեց, որ մի քանի քայլ առաջ շարժվի: Հլադիկն անհեթեթորեն հիշեց լուսանկարիչների նախապատրաստական շարժումները: Անձրևի ծանր մի կաթիլ ընկավ նրա քունքին և դանդաղորեն գլորվեց այտով. տասնապետն արձակեց վերջին հրամանը:
Ֆիզիկական տիեզերքը կանգ առավ:
Զենքերն ուղղված էին Հլադիկի վրա, բայց այն մարդիկ, որոնք պետք է սպանեին նրան, անշարժացել էին: Տասնապետի ձեռքը հավերժացնում էր անավարտ մի շարժում: Բակի սալահատակներից մեկի վրա արտացոլվում էր մեղվի անշարժ ստվերը: Ասես նկարի մեջ՝ քամին կանգ էր առել: Հլադիկը փորձեց գոռալ, շշնջալ, ձեռքերը շարժել: Անմիջապես հասկացավ, որ կաթվածահար է: Ընդարմացած աշխարհից ոչ մի շշուկ չէր հասնում: Մտածեց՝ դժոխքում եմ, մեռած եմ: Մտածեց՝ գժվել եմ: Մտածեց՝ ժամանակը կանգ է առել: Հետո մտածեց, որ այդ դեպքում կանգ կառներ նաև իր միտքը: Փորձեց (առանց շրթունքները շարժելու) կրկնել Վերգիլիուսի խորհրդավոր չորրորդ էկլոգը: Մտածեց, որ արդեն ետ քաշված զինվորների հետ էլ է նույնը կատարված՝ ուզեցավ հարցնել նրանց: Նրան զարմանք պատճառեց այն, որ այդքան երկար անշարժությունը գլխապտույտ չառաջացրեց, և որ հոգնություն էլ չզգաց: Անորոշ ժամանակից հետո քնեց: Երբ արթնացավ, աշխարհը դեռ անշարժ էր ու խուլ: Նրա այտին դեռ կանգ էր առել ջրի կաթիլը, բակում՝ մեղվի ստվերը, կանգ էր առել նաև իր նետած ծխախոտի ծուխը: Դեռ մի օր էլ պիտի անցներ, մինչև Հլադիկը հասկանար. Հլադիկն Աստծուց մի տարի էր խնդրել իր գործն ավարտելու համար, Աստծու ամենակարողությունը պարգևում էր այդ տարին: Աստված նրա համար գործադրում էր խորհրդավոր մի հրաշք՝ ինքն սպանվելու էր նախատեսված ժամին և գերմանական փամփուշտով, սակայն իր մտքում հրամանի և կատարման միջև անցնելու էր մի ամբողջ տարի: Զարմանքից անցավ ապշանքին՝ ապշանքից՝ համակերպվածության:
Հիշողությունից բացի այլ փաստ չուներ. Յուրաքանչյուր հեքզամետրի վերհիշումը նրան պատճառում էր մի այնպիսի հաճելի խստություն, որի բարիք լինելու մասին կասկածել անգամ չեն կարող նրանք, ովքեր մոռանում կամ հանդգնում են մանրուք թվացող հատվածներ ավելացնել: Չաշխատեց ոչ ապագայի, ոչ էլ Աստծո համար, որի գրական ճաշակի մասին գաղափար չուներ: Մանրակրկիտ, անշարժ, գաղտնի, ժամանակի ընթացքում հնարեց իր անտեսանելի ու կատարյալ լաբիրինթոսը: Երրորդ գործողությունը վերսկսվեց երկու անգամ: Ջնջեց մի քանի շատ ակնառու խորհրդանիշներ՝ կրկնվող զանգակներն ու մեղեդին: Ոչ մի հանգամանք նրան չէր խանգարում: Դուրս թողեց, հապավեց, ընդարձակեց, որոշ տեղերում էլ նախընտրեց սկզբնական տարբերակը: Սկսեց սիրել բակը, զորանոցը, իր դիմաց գտնվող զինվորներից մեկի դեմքը փոխեց Rochmerstadt-ի կերպարի իր պատկերացումը: Հայտնաբերեց, որ Ֆլոբերին մտահոգող տխրահռչակ տարաձայնությունները զուտ տեսողական սնահավատություններ են՝ գրավոր և ոչ թե բանավոր խոսքի թուլություններ ու խանգարումներ… Դրաման ավարտել էր, նրան մնում էր ճշտել մի միակ մակդիր: Գտավ, ջրի կաթիլը սահեց այտն ի վար: Գոռաց, շուռ տվեց երեսը, կրակոցը տապալեց նրան:
Յարոմիր Հլադիկը մահացավ մարտի քսանիննին, առավոտյան, ժամը ինն անց երկու րոպեին:

Թարգմանությունը իսպաներենից՝ Հովհաննես Բոդուկյանի  

Խորխե Լուիս Բորխես | Խորհրդավոր հրաշքը Խորխե Լուիս Բորխես | Խորհրդավոր հրաշքը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 15, 2016 Rating: 5
Технологии Blogger.