Խորխե Լուիս Բորխես | Աստվածաբանները


Պարտեզներն ավերելուց, սկիհներն ու խորաններն անարգելուց հետո, հոները ձիեր հեծած մտան վանական գրադարան և պատառոտեցին, անպատվեցին ու այրեցին բոլոր անհասկանալի գրքերը, երևի վախենալով, որ այդ տառերն իրենց Աստծո՝ երկաթյա կեռ սրի դեմ հայհոյանքներ են պարունակում:
Մագաղաթներ ու հիշատակարաններ այրվեցին, բայց խարույկի ընդերքում, մոխիրների մեջ, գրեթե ամբողջապես, պահպանվեց Civitas Dei-ի տասներկուերորդ գիրքը, որ պատմում է, թե ինչպես Պլատոնը Աթենքում ուսուցանել է, որ դարերի ընթացքում ամեն ինչ վերագտնելու է իր նախկին դրությունը, և ինքն Աթենքում, նույն հանդիսականների առաջ ուսուցանելու է այդ նույն ուսմունքը: Խարույկից փրկված տեքստն անցավ հատուկ պաշտամունքի, և ովքեր այդ հեռավոր նահանգում ընթերցեցին և վերընթերցեցին այդ գիրքը, մոռացան, որ հեղինակն այդ ուսմունքը հիշատակել է, որպեսզի հետո այն հիմնավորապես հերքի:
Մի դար անց Աքվիլիայում առաջնորդի օգնականի պաշտոն վարող Աուրելիանոն տեղեկացավ, որ Դանուբի ափերում «մոնոտոնների» (նաև անուլյարներ անվանվող) նորագույն աղանդը գտնում է, որ պատմությունը մի շրջան է, և որ ոչինչ չկա, որ երբևէ չի եղել և չի լինելու:
Անիվն ու Օձը այդ լեռնային մարզերում դուրս մղեցին Խաչին: Բոլորն ահաբեկված էին, սակայն բոլորն էլ հանգստանում էին այն լուրերով, թե Խուան դե Պանոնիան, որ աչքի էր ընկել Աստծո յոթերորդ հատկանիշի մասին տրակտատ գրելով, պիտի պայքարի այդ գարշելի հերետիկոսության դեմ:
Աուրելիանոն ատեց այդ նորությունները, մանավանդ վերջինը: Գիտեր, որ աստվածաբանական հարցերում անվտանգ նորություն չկա. հետո մտածեց, որ ժամանակի շրջանաձև տեսությունը շատ անհեթեթ ու զարմանալի է և չի կարող մեծ վտանգ ներկայացնել: (Վտանգավորները ուղղափառության հետ շփոթվող հերոտիկոսություններ են): Ցավալին Խուան դե Պանոնիայի մասնակցություն-միջամտությունն էր: Երկու տարի առաջ իր ճոռոմ ու մեծածավալ De septima affectione Dei sive de aeternitat-ով խլել էր Աուրելիանոյի մասնագիտական ոլորտին պատկանող մի թեմա, իսկ հիմա կարծես թե իրեն պատկաներ ժամանակի խնդիրը, և, հնարավոր է, Պրոկրուստի փաստերով, օձի թույնից էլ վտանգավոր հակաթույներով ուզում էր հերքել աննուլյարներին… Այդ գիշեր Աուրելիանոն թերթեց գուշակությունների անկման մասին Պլուտարքոսի հին երկխոսությունը, քսանիններորդ դրվագում անհամար արևներով, լուսիններով, ապոլոններով, դիանաներով, պոսեյդոններով անհամար աշխարհների գոյությունը պաշտպանող ստոիկների դեմ ուղղված մի պարբերություն հայտնաբերեց: Գյուտը նա հաջողության նախանշան համարեց և որոշեց կանխել Խուան դե Պանոնիային և հերքել Անիվի պաշտամունքի հերետիկոսներին:
Ինչպես նրանք, ովքեր կնոջ սերն են որոնում նրան մոռանալու համար, այդպես էլ Աուրելիանոն ուզում էր գերազանցել Խուան դե Պանոնիային ոչ թե նրան վատություն անելու, այլ նրա ներշնչված ատելությունից ձերբազատվելու համար: Աշխատանքի մեջ սիլոգիզմներ և ամբաստանություններ հնարելով, nego-ներով, autem-ներով և nequamquam-ներով զբաղված կարողացավ մոռանալ այդ ատելությունը: Միջանկյալ նախադասություններով խճողված, ընդարձակ և գրեթե անհասկանալի պարբերություններ կառուցեց, ուր կարծես անփութությունն ու քերականական սխալն արհամարհանքի բաղկացուցիչ մասն էին: Աններդաշնակությունը գործիք դարձրեց: Մտածելով, որ Խուանը անուլյարներին մարգարեական հանդիսավորությամբ պիտի ջախջախեր, նրան չնմանվելու համար նախընտրեց ծաղրական ձևը: Օգոստինոսը գրել էր, թե անհավատների շրջանաձև լաբիրինթոսներից ազատվելու միակ ուղիղ ճանապարհը Հիսուսն է: Աուրելիանոն որպես ջանասեր աշակերտ, նրանց համեմատեց Իքսիոնի, Պրոմեթևսի լյարդի, Սիզիփոսի, Թեբեի երկու արև տեսնող արքայի, կակազության, թութակների, հայելիլների, արձագանքների, ջորիների և երկանդամ սիլոգիզմների հետ: (Որպես ոճական զարդանախշ՝ հեթանոսական առասպելները դեռևս պահպանվում էին): Բոլոր գրադարան ունեցողների պես Աուրելիանոն ինքն իրեն մեղավոր էր զգում այն մինչև վերջ չիմանալու համար. այս հակաճառությունը թույլ տվեց նրան անդրադառնալ մի քանի գրքերի, որոնք կարծես երեսով էին տալիս իր անհոգությունը: Այդպիսով նա կարողացավ ներդնել Օրիգենեսի De principiis գործից մի հատված, ուր մերժվում է այն հանգամանքը, որ իբր Հուդա Իսկարիովտացին նորից է ծախելու Տիրոջը, և Պողոսը Երուսաղեմում նորից է տեսնելու Ստեփանոսի տառապանքը, ինչպես նաև մի հատված Կիկերոնի Academica priora-ից, ու սա ծաղրում է բոլոր նրանց, ովքեր քարոզում են, թե մինչ ինքը զրուցում է Լուկուլլոսի հետ, համանման անհամար աշխարհներում անհամար այլ Լուկուլլոսներ և Կիկերոններ անում են միևնույն բանը: Բացի այդ Աուրելիանոն մոնոտոնների դեմ բերեց Պլուտարքոսի հիշատակած տեքստը և իր դժգոհությունն արտահայտեց առ այն, թե իբր հեթանոսի վրա Lumen naturae-ն ավելի մեծ ներազդեցություն է ունեցել, քան Աստծո խոսքը՝ նրանց վրա:
Ինն օր տևեց այդ աշխատանքը, տասներորդ օրը նրան հասավ Խուան Պանոնիայի հերքման թարգմանությունը:
Գրեթե ծիծաղելիորեն համառոտ էր. Աուրելիանոն սկզբում արհամարհանքով նայեց, ապա՝ երկյուղած: Առաջին մասը «Թուղթ եբրայեցիներին»-ի վերջին իններորդ գլխի վերջին պարբերությունների կրկնությունն էր, այնտեղ ասվում է, որ Հիսուսը աշխարհի սկզբից ոչ թե բազում անգամներ է նահատակվել, այլ մեկ անգամ և հավիտյան: Երկրորդ մասում հիշատակվում էր հեթանոսների ունայն շատախոսությունների դեմ ուղղված աստվածաշնչյան պատվիրանը (Մատթեոս 6, 7) և Պլինիուսի յոթերորդ գրքի այն հատվածը, որ հաստատում է, թե ընդարձակ տիեզերքում երկու նույնանման դեմքեր չկան: Խուան դե Պանոնիան ավելացնում էր, նույնանման հոգիներ էլ չկան և որ ամենաստոր մեղանչողն անգամ այնքան թանկ է, որքան նրա համար թափված Քրիստոսի արյունը: Մի մարդու արարքը (պնդում էր) ավելի մեծ կշիռ ունի, քան բոլոր ինը համակենտրոն երկինքները, և երազել, թե հնարավոր է կորչել ու վերադառնալ՝ աղաղակող թեթևամտություն է: Ժամանակը չի վերականգնում կորսվածը, հավերժությունն այն պահպանում է դրախտի երանության և դժոխքի կրակի համար: Տրակտատի շարադրանքը հստակ էր, ընդգրկուն, կարծես շարադրողը որոշակի անձ չլիներ, այլ «ամենայն մարդ» կամ ամբողջ մարդկությունը:
Աուրելիանոն գրեթե ֆիզիկական նվաստացում զգաց: Մտածեց ոչնչացնել կամ փոխել իր սեփական աշխատանքը, հետո քինոտ արժանապատվությամբ, առանց որևէ տառ փոխելու, ուղարկեց Հռոմ: Ամիսներ անց, երբ Պերգամոյի ժողովը հավաքվեց, մոնոտոնների սխալները դատապարտող աստվածաբանը (ինչպես կարելի էր ենթադրել) Խուան դե Պանոնիան էր. նրա կիրթ ու չափավոր հերքումը բավարար եղավ աղանդապետ Էվթուրբիոսին կրակի դատապարտելու: «Այս բոլորն արդեն պատահել է և նորից կպատահի, ասաց Էվթուրբիոսը: Դուք կրակ չեք վառում, վառում եք կրակե մի լաբիրինթոս: Եթե միանային իմ տեսած բոլոր խարույկները, չէին տեղավորվի երկրում, և հրեշտակները կկուրանային: Բազում անգամներ եմ կրկնել այս ամենը»: Հետո գոռաց, քանի որ բոցերն արդեն հասել էին մարմնին:
Անիվը խոնարհվեց Խաչի առաջ, բայց Աուրելիանոն և Խուանը շարունակեցին իրենց գաղտնի պատերազմը: Երկուսն էլ մարտնչում էին նույն բանակում, նույն պարգևն էին տենչում, նույն թշնամու դեմ պատերազմում, սակայն Աուրելիանոն ոչ մի բառ չգրեց, որպեսզի բնազդաբար չձգտեր Խուանին գերազանցելու: Նրա տառապանքները անտեսանելի էին, եթե բազմաթիվ աղբյուրներն ինձ չեն խաբում, Մինյայի Patrologia-յում հավաքված Աուրելիանոյի բազմաթից ժողովածուներից ոչ մեկում չի հիշատակվում «մյուսի» անունը: (Խուանի գործերից պահպանվել է միայն 20 բառ): Երկուսն էլ մերժեցին Կոստանդնուպոլսի երկրորդ ժողովի բանադրանքները: Երկուսն էլ դատապարտեցին Որդու հավիտենական էությունը մերժող արիաներին: Երկուսն էլ ընդունեցին երկիրը հրեական խորանի պես քառանկյունի համարող Կոսմասի Topographia christiana-ի ուղղափառությունը: Դժբախտաբար երկրի չորս ծագերում մի նոր կատաղի աղանդ տարածվեց: Եգիպտոսում և Ասիայում (վկայությունները տարբերվում են, և Բոսսեթը չի ուզում ընդունել Հառնաքի պատճառաբանությունները) ծագած այս աղանդը վարակեց արևելյան նահանգները և տաճարներ կանգնեցրեց Մակեդոնիայում, Կարթագենում և Տրիրում: Այն մոլեգին ավերածություններ էր անում ամենուր. պատմում էին, որ Բրիտանիայի առաջնորդարանում գլխիվայր շուռ էին տվել խաչելության պատկերը, և որ Կեսարիայում Տիրոջ պատկերը փոխարինվել էր հայելիով: Հայելին և լուման նոր հերձվածողների  խորհրդանշանն էին դարձել:
Պատմությանը նրանք ծանոթ են բազմաթիվ անուններով (հայելականներ, անդնդականներ, կայենականներ), սակայն ամենատարածվածը հիստրիոններ անվանումն է, որ նրանց տվել է Աուրելիանոն, և որը նրանք ընդունել են խիզախորեն: Փռյուգիայում, նաև Դարդանելում նրանց անվանեցին ուրվականներ: Հովհան Դամասկեցին նրանց կոչեց ձևականներ, սակայն արդարացի կլինի հիշել, որ այդ հատվածը Էրֆյորդը մերժել է: Աղանդաբան չկա, որ սարսափով չնշի նրանց այլանդակ ավանդները: Բազմաթիվ հիստրիոններ ճգնավորներ են եղել, ոմանք, Օրիգենեսի նման իրենց խեղանդամել են, ուրիշները բնակվել են գետնի տակ, կոյուղիներում, ոմանք հանել են իրենց սեփական աչքերը, այլոք (Նիտրիայի «նաբուգոդոնոսորները») «արածում էին եզների պես, և նրանց մազերն աճում էին արծիվներինի պես»: Ինքնաձաղկումներից և խստամբերությունից հաճախ անցնում էին ոճրի, որոշ համայնքներ հանդուժում էին գողությունը, ուրիշները՝ սպանությունը: Կար նաև սոդոմականություն՝ արյունապղծություն և անասնապղծություն ընդունողներ: Բոլորն էլ պիղծ էին, ոչ միայն քրիստոնեական Աստծուն էին պղծում, այլ նաև իրենց սեփական դիցարանի գաղտնի աստվածությունները: Սուրբ գրքեր ստեղծեցին, որոնց անհայտացումը ողբացել են գիտնականները: 1658 թվականին սըր Թոմաս Բրաունը գրել է. «Ժամանակը ոչնչացրել է հիստրիոնական հպարտ Ավետարանները, բայց ոչ այն լուտանքները, բայց ոչ այն մտրակները, որոնցով մտրակվեց նրանց Ամբարշտությունը»: Էրֆյորդն ասում է, որ այդ «լուտանքները» (հունական մի հիշատակարանում պահպանված) կորած ավետարաններն են: Այդ անհասկանալի կթվա, եթե հիստրիոնների տիեզերաբանությունը չիմանանք:
Փակ, գաղտնի գրքերում գրված է, որ այն, ինչ կա ներքևում, նույնն է, ինչ կա վերևում, իսկ վերևում եղածը նման է ներքևում եղածին, «Զոհարում»՝ ստորին աշխարհը բարձրագույնի արտացոլանքն է: Հիստրիոններն իրենց ուսմունքը հիմնում էին այդ գաղափարի աղավաղման վրա: Երկնքում երկրի ազդեցությունն ապացուցելու համար հիշատակում են Մատթեոս, 6, 12 տողերը (Եվ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց) և 11, 12 (Արքայութիւնն երկնից բռնադատի), ապացուցելու համար, որ մեր ամբողջ տեսածը կեղծ է, նաև հիշատակում են Ա Կորնթ., 13, 12 (Այժմ տեսանեմք իբրև ընդ հայելի):
Գուցե մոնոտոններից վարակված երևակայեցին, որ յուրաքանչյուր մարդ երկու մարդ է, և որ իսկականը մյուսն է՝ երկնքինը: Երևակայեցին նաև, որ մեր գործողություններն ունեն հակադարձ արտացոլանք, այնպես որ եթե մենք արթուն ենք, մյուսը քնած է, եթե շնանում ենք, մյուսն անբիծ է, եթե գողանում ենք, մյուսն առատաձեռն է: Երբ մահանանք, կմիանանք նրան և կլինենք նա: (Այս գաղափարախոսության ինչ-որ արձագանք պահպանվել է Բլուայի մոտ): Ուրիշ հիստրիոններ կարծում էին, որ աշխարհը կհասնի իր վախճանին, երբ լրանա նրա հնարավորությունների թիվը և նկատի ունենալով, որ կրկնություններ չեն կարող լինել, արդարը պետք է բացառի (կատարի) ամենաստոր գործողությունները, որպեսզի դրանք չպղծեն ապագան և որպեսզի արագանա Հիսուսի թագավորության գալուստը: Ուրիշ աղանդներ մերժեցին այդ դրույթը կարծելով, որ աշխարհի պատմությունը պետք է կատարվի յուրաքանչյուր մարդու մեջ: Շատերը Պյութագորասի նման ազատությունն ստանալու համար պետք է բազմաթիվ մարմիններով թափառեն. մի քանիսը՝ պրոտեիկները «միակ կյանքի ընթացքում լինում են առյուծներ, վիշապներ, վարազներ, ջուր և ծառ»: Դեմոսթենեսի համար անարատություն այն ցեխն է, որին ենթարկվում են օրփեական խորհուրդների սկսնակները, նույն համաբանությամբ պրոտեիկներն անարատությունն որոնեցին չարի մեջ: Հասկացան, Կարպոկրատեսի պես, որ ոչ ոք դուրս չի գա զնդանից, մինչև չվճարի վերջին լուման (Ղուկաս, 12, 59), այս համարով էլ էին հաճախ խաբում մեղապարտներին՝ «Ես եկի զի զկեանս ունիցին, և առաւել եւս ունիցին» (Հովհաննես 10,10): Նաև ասում էին, որ չար չլինելը սատանայական հոխորտանք է… Հիստրիոնները բազմաթիվ ու բազմապիսի դիցաբանություններ հնարեցին. մի քանի ճգնավորություն քարոզեցին, ուրիշները՝ ցոփություն, բոլորն էլ շփոթեցրին շատերին: Բերենիչեի հիստրիոն Թեոպոմբոն մերժեց բոլոր առասպելներն ու ասաց, որ մարդը աշխարհն զգալու աստվածապարգև օրգան է:
Աուրելիանոյի առաջնորդարանի շրջանում գործող աղանդավորները պատկանում էին այն խմբին, որը գտնում էր, թե ժամանակը կրկնություններ չի հանդուրժում, և ոչ մյուս խմբին, որ հաստատում էր, թե ամեն մի գործողություն արտացոլվում է երկնքում: Հռոմեական իշխանություններին հղված տեղեկագրերից մեկում Աուրելիանոն հիշատակել է այդ հանգամանքի տարօրինակությունը: Տեղեկագիրն ընդունող առաջնորդը կայսրուհու խոստովանահայրն էր, բոլորն էլ գիտեին, որ այդ հոգսաշատ պաշտոնը նրան զրկում էր հայեցողական աստվածաբանության ներքին հաճույքներից: Նրա քարտուղարը՝ Խուան դե Պանոնիայի հին օգնականը՝ այժմ նրա հետ թշնամացած, հերետիկոսների քննախույզ բանադրողի համբավ էր վայելում, Աուրելիանոն մի տեղեկագիր էլ ավելացրեց հիստրիոնների աղանդի մասին, այն աղանդի մասին, որ հանդիպում էր Գենուայի և Աքվիլեասի վանքերում: Շարադրեց մի քանի հատված, և երբ ուզում էր գրի առնել այն դաժան տեսությունը, թե իբր երկու նույնանման պահեր չկան, նրա փետուրը կանգ առավ: Չգտավ պետք եղած բանաձևը: Նոր գաղափարախոսության ազդարարությունները (Ուզո՞ւմ ես տեսնել այն, ինչ չեն տեսել մարդկանց աչքերը: Լուսնի՛ն նայիր: Ուզո՞ւմ ես լսել, ինչ չեն շոշափել ձեռքերը: Հո՛ղը շոշափիր: Ճշմարիտ եմ ասում, Աստված աշխարհը դեռ չի ստեղծել) ընդօրինակման համար անհարմար էին, չափազանցված և փոխաբերական: Հանկարծ քսան բառից բաղկացած մի նախադասություն հայտնվեց հոգում: Գոհունակությամբ գրի առավ. քիչ անց նրան անհանգստացրեց այն կասկածը, թե ուրիշին է պատկանում այդ նախադասությունը: Հաջորդ օրը հիշեց, որ տարիներ առաջ այդ տողը կարդացել էր Խուան դե Պանոնիայի գրած Adversus annulares-ում: Ստուգեց մեջբերումը, այնտեղ էր: Անորոշությունը տանջեց նրան: Փոխել կամ վերացնել այդ բառերը՝ կնշանակեր թուլացնել արտահայտությունը, թողնել՝ կնշանակեր բանագողել իր ատած մարդուն, իսկ նշել աղբյուրը՝ հավասար էր նրան մեղադրելուն: Աղերսեց Աստծո օգնությունը: Երկրորդ մայրամուտից առաջ նրա պահապան հրեշտակը միջին մի լուծում թելադրեց: Աուրելիանոն պահպանեց բառերը, սակայն նրանցից առաջ տեղադրեց հետևյալ ծանուցումները. «Այն, ինչի մասին խոսում են այժմ աղանդապետերը» հավատը խարխլելու համար, արդեն ասել է մեր դարում գիտուն մի այր՝ ավելի շուտ հնարամտությունից, քան թե մեղավորությունից»: Հետո պատահեց սարսափելին, սպասվածը, անխուսափելին: Աուրելիանոն հարկադրված խոստովանեց, թե ով էր այդ այրը, Խուան դե Պանոնիան մեղադրվեց աղանդավորական գաղափարներ ունենալու համար:
Չորս ամիս անց Ավետինոյի մի դարբին՝ խաբված հիստրիոնների բանդագուշանքներից, որպեսզի իր որդու նմանակը երկնքում թռչի, նրա ուսերից կախեց երկաթե ահագին մի գունդ: Երեխան մահացավ. Դեպքի առաջացրած սարսափը Խուանի դատավորներին պարտադրեց անողոք խստություն: Սա չուզեց բառերից հրաժարվել և կրկնեց, որ մերժել իր առաջարկը՝ կնշանակեր ընդունել մոնոտենների նողկալի աղանդը: Նա չէր հասկանում (կամ չէր ուզում հասկանալ), որ մոնոտոնների մասին խոսելը նույնն է, ինչ մոռացված մի բանի մասին խոսելը: Ծերունական համառությամբ գովաբանեց իր հին վեճերի փառավոր ժամանակները. դատավորները չէին էլ լսում այն, ինչը երբևէ կլանել էր նրանց: Հիստրիոնականության ամենաչնչին մասնիկից անգամ ազատվելու փոխարեն նա փորձեց ապացուցել իր մտքի ուղղափառությունը: Վիճեց այն մարդկանց հետ, որոնց դատավճռից էր կախված իր բախտը և ցուցադրեց ամենամեծ անմտությունը՝ նրանց հետ հմտությամբ և հեգնանքով վիճեց: Հոկտեմբերի քսանվեցին, երեք օր ու գիշերվա վեճերից հետո, նրան խարույկի նետելու մահով դատապարտեցին:
Աուրելիանոն ներկա էր մահապատժին, քանզի ներկա չլինել՝ կնշանակեր խոստովանել մեղավորությունը: Տանջանքի վայրը մի բարձրավանդակ էր, որի կանաչ գագաթին խոր խրված մի գերան կար, գերանի շուրջը՝ փայտի բազմաթիվ կույտեր: Մի պաշտոնյա կարդաց դատարանի վճիռը: Ժամը տասներկուսի արևի տակ, վայրենի բղավոցներ արձակելով, դեմքը փոշու մեջ թաղած, պառկած էր Խուան դե Պանոնիան: Նա ճանկռոտում էր հողը, բայց դահիճները պոկեցին նրան գետնից, մերկացրին և վերջապես կապեցին մեղապարտի սյունին: Ծծմբապատ ծղոտե պսակը հագցրին գլխին, կողքին՝ չարաղետ Adversus annulares-ի օրինակներից մեկն էր: Նախորդ գիշեր անձրև էր եկել և փայտը վատ էր վառվում: Խուան դե Պանոնիան սկզբում հունարեն, ապա՝ անծանոթ մի լեզվով աղոթեց: Խարույկն արդեն լափում էր նրան, երբ Աուրելիանոն համարձակվեց բարձրացնել աչքերը: Այրող կայծկլտոցները կանգ առան. Աուրելիանոն առաջին ու վերջին անգամ տեսավ ատելի մարդու դեմքը: Ինչ-որ մեկի դեմքն հիշեցրեց, սակայն չկարողացավ ճշտել, թե ում: Հետո բոցերը ծածկեցին նրան, հետո այրվողը ճչաց, և թվում էր, թե խարույկն է ճչում:
Պլուտարքոսը պատմում է, թե Հուլիոս Կեսարը ողբացել է Պոմպեոսի մահը. Աուրելիանոն չողբաց Խուանինը, սակայն զգաց այն, ինչ կարող էր իր կյանքի մի մասը կազմող անբուժելի հիվանդությունից բուժված զգալ: Աքվիլեասում, Եփեսոսում և Մակեդոնիայում նա ապրեց բազում տարիներ: Կայսրության մռայլ սահմանները, խուլ ու հեռավոր ճահճուտներն ու չգնավորական անապատները որոնեց, որպեսզի մենակությունն օգներ իրեն իր ճակատագիրն հասկանալու: Մավրիտանական մի խցում վերստին մտածեց Խուան դե Պանոնիայի բարդ դատավճռի մասին և ևս մի քանի անգամ արդարացրեց դատավճիռը: Դժվարը իր մեղադրանքն արդարացրելն էր: Ռուսադդիրում կարդաց «Ուրացողի մարմնում ջահերի ջահը» արդեն անտեղի քարոզը: Հիբեռնիայում, անտառապատ վանքի խրճիթներից մեկում, մի գիշեր, արշալույսի մոտ, նրան հանկարծակիի բերեց անձրևի շրշյունը: Հռոմեական մի գիշեր վերհիշեց այդպիսի մի շրշյուն: Կեսօրին կայծակն այրեց ծառերը, և Աուրելիանոն կարողացավ մեռնել Խուանի մահով:
Այս պատմության վերջաբանը հնարավոր է միայն փոխաբերությունների միջոցով արտահայտել, քանի որ տեղի է ունեցել երկնային արքայությունում, ուր ժամանակ գոյություն չունի: Գուցե հարկ է ասել, որ Աուրելիանոն զրուցեց Աստծո հետ, և Աստված՝ արհամարհելով կրոնական վեճերը, նրան շփոթեց Խուան դե Պանոնիայի հետ: Սակայն այս միտքն ակնարկում է աստվածային բանականության խառնաշփոթությունը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ դրախտում Աուրելիանոն հասկացավ, թե անըմբռնելի աստվածության համար ինքն ու Խուան դե Պանոնիան (ուղղափառն ու հերետիկոսը, ատողն ու ատվածը, մեցադրողն ու մեղապարտը) միևնույն անձնավորությունն են:

Թարգմանությունը իսպաներենից՝ Հովհաննես Բոդուկյանի

Խորխե Լուիս Բորխես | Աստվածաբանները Խորխե Լուիս Բորխես | Աստվածաբանները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:28:00 Rating: 5
Технологии Blogger.