
Այդ մարդը հայտնվեց Հարավային Անգլիայից, 1877 թվականի ձմռան
մի առավոտ: Արնագույն դեմքով, հզոր կազմվածքով և ճնշող տեսքով՝ նրան անխուսափելիորեն
բոլորն անգլիացի համարեցին, և իրոք որ նա իսկ և իսկ Ջոն Բուլի հետնորդն էր: Գլխին կնգուղավոր
գլխարկ ուներ, վրան՝ կուրծքը հազիվ ծածկող մի տարօրինակ բրդյա վերմակ:
Ակնհայտ անհամբերությամբ
նրան էր սպասում տղամարդկանց, կանանց ու երեխաների մի խումբ. շատերի վզերը շրջանակված
էին կարմիր գծով, ոմանք առանց գլխի էին և շարժվում էին դողդոջուն, խավարում քայլողների
նման վեհերելով: Նորեկին զգույշ շրջապատեցին, ետևներից պարզ հնչեցին հայհոյանքներ,
բայց մի հինավուրց սարսափ զսպեց նրանց, և ավելիին չհամարձակվեցին: Բոլորից առաջ կանգնեց
դեղնականաչավուն մաշկով ու ածխի պես աչքերով մի զինվորական. երկար, խռիվ մազերն ու
թավ մորուքը կարծես հափռել էին դեմքը: Տաս-տասներկու երկարավուն մահացու վերքեր վագրի
մորթու շերտերի նման ակոսում էին նրա մարմինը: Նրան տեսնելով նորեկը շփոթվեց, բայց
անմիջապես առաջացավ ու ձեռքը մեկնեց նրան.
- Ինչ մեծ վիշտ է ինձ համար այսպիսի հզոր ռազմիկի տեսնել
նենգության զենքերից խորտակված,- վճռական ասաց նա: - Բայց և ինչ խոր գոհունակություն,
անձամբ հրամայված լինելուդ համար, որ ոճրագործները իրենց ոճիրը քավեին կախաղանով, Հաղթանակի
հրապարակում:
- Եթե խոսքը Սանթոս Պերեսի և Ռեյնաֆե եղբայրների մասին է,
ապա իմացեք, որ ես նրանց արդեն երախտահատույց եմ եղել,- անշտապ ու ծանր ասաց արյունալի
վիրավորվածը:
Մյուսը նրան նայեց կատակ կամ սպառնալիք կասկածելով, բայց
Կիրոգան շարունակեց.
- Դուք ինձ երբեք չհասկացաք, Ռոսաս: Եվ ինչպե՞ս պիտի հասկանայիք,
երբ մեզ վիճակվեցին այդքան տարբեր ճակատագրեր: Ձեզ տրվեց իշխել մի քաղաքում, որը դեմքով
Եվրոպային է նայում և կդառնա ամենահռչակավորներից մեկը աշխարհում, իսկ ինձ՝ կռվել ամերիկյան
թավուտների ամայության մեջ, թշվառ գաուչոների աղքատ հողում: Իմ իշխանությունը բաղկացել
է նիզակներից ու աղաղակներից և ավազակներից ու մոռացված վայրերում գրեթե անհայտ հաղթանակներից:
Հիշողության մեջ դրանք ի՞նչ անուններով են մնալու: Ես ապրում եմ և շատերի հիշողության
մեջ կապրեմ հենց միայն նրա համար, որ սրերով ու ձիերով մարդիկ ինձ սպանեցին կառքում,
Բարանկա Յակո կոչված վայրում: Այդ անսովոր մահվան համար Ձեզ եմ պարտական: Այն ժամանակ
չկարողացա գնահատել նվերը, բայց հաջորդողները չցանկացան դա մոռանալ: Դուք երևի չգիտե՞ք
այն չքնաղ փորագրությունն ու բռնագրավված գիրքը, որը հետագայում գրել է սանխուանցի
մի շնորհալի մարդ:
Արդեն ինքն իրեն գտած Ռոսասը արհամարհանքով նայեց նրան:
- Ռոմանտիկ եք,- կտրուկ ասաց նա: - Հետագայի գովասանքը ավելին
չարժե, քան ժամանակակիցների հիացմունքը, որը ևս ոչ մի արժեք չունի և կարելի է ունենալ
մի քանի գրոշով:
- Ձեր մտածածը ես ճանաչում եմ,- պատասխանեց Կիրոգան,-
1852 թվականի ճակատագիրը, մեծահոգաբար կամ գուցե Ձեզ մինչև վերջ փորձելով, առաջարկեց
տղամարդուն արժանի մահ՝ զոհվել ճակատամարտում: Դուք ցույց տվեցիք, որ անարժան եք այդ
նվերին, քանի որ վախեցաք կռվից ու արյունից:
- Վախեցա՞,- բացականչեց Ռոսասը: - Ե՞ս, որ ձիեր եմ վարժեցրել
Հարավում, իսկ հետո սանձել մի ամբողջ երկիր: Առաջին անգամ Կիրոգան քմծիծաղեց:
- Այո, գիտեմ,- ասաց դանդաղ,- եթե հավատանք Ձեր անկաշառ ենթակաների
պատմածին, Դուք թամբի վրա հրաշքներ եք գործել: Բայց այդ նույն ժամանակ Ամերիկայում,
նույնպես թամբի վրա, կատարվեցին և ուրիշ հրաշքներ, որ կոչվեցին Չակաբուկո և Խունին,
Պալմա Ռեդոնդա և Կասարես:
Ռոսասն անշարժ դեմքով լսեց նրան և պատասխանեց այսպես.
- Ես քաջության կարիք չունեի: Իմ, ինչպես Դուք անվանեցիք,
հրաշքները եղան այն, որ ինձ ու իմ փրկության համար մարտնչեցին և զոհվեցին ինձնից քաջ
մարդիկ: Օրինակ, Ձեզ վերջ տվող Սանթոս Պերեսը: Քաջությունը դիմադրության հարց է՝ ոմանք
դիմադրում են շատ, ոմանք՝ քիչ, բայց վաղ թե ուշ բոլորն էլ տեղի են տալիս:
- Հնարավոր է, ասաց կիրոգան,- բայց ես՝ ապրելով կյանքս և
ընդունելով մահ, մինչև հիմա էլ չեմ իմացել, թե ինչ է վախը: Ես հիմա գնում եմ, որ ջնջեն
ինձ և տան ուրիշ դեմք ու ճակատագիր, որովհետև պատմությունը հագենում է բռնությունից:
Չգիտեմ՝ ո՞վ կլինի այդ մյուսը, ի՞նչ են անելու ինձ, բայց գիտեմ, որ նա երբեք վախ չի
ունենալու:
Ինձ բավարարում է ինքս լինելը,- ես չեմ ուզում մեկ ուրիշը
դառնալ:
- Քարերն էլ են ուզում ընդմիշտ քար մնալ,- ասաց Կիրոգան,-
և քանի դեռ չեն փշրվել, դարեր շարունակ քար են մնում: Ես էլ էի Ձեզ նման մտածում մահվան
մեջ մտնելիս, բայց այստեղ շատ բան սովորեցի: Նայեք, մենք երկուսս էլ արդեն ուրիշ ենք
Բայց Ռոսասը նրան չլսեց և բարձրաձայն մտածելու պես ասաց.
- Գուցե ես չեմ ծնվել մեռնելու համար, այլապես ինչո՞ւ են
ինձ այս վայրերը և այս վեճը թվում երազ, և նույնիսկ ոչ թե իմ կողմից տեսնվող երազ,
այլ մեկ ուրիշի, որը դեռ չի ծնվել:
Այլևս նրանք ոչ մի բառ չարտաբերեցին, որովհետև այդ վայրկյանին
Մեկը կանչեց նրանց:
Տես նաև Մեռյալը, Հարավը և Շեմին նստած մարդը
Խորխե Լուիս Բորխես | Մեռյալների զրույցը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 27, 2016
Rating:
