Րաֆֆի | Մինն այսպես, մյուսը այնպես



Թիֆլիսի վաճառականների կյանքից
Թիֆլիսի Սոլոլակ կոչված թաղի գեղեցիկ եռահարկ տունը պատկանում է Աղա-Պարոնովին, որը նույն ինքը Սերգեյ Եգորիչն է՝ Թիֆլիսի ամենահարուստ վաճառականներից մեկը:
Վեպը սկսում է նրանով, որ Արտեմ Պետրովիչը, սպասավորների և ծառաների «դալալը», դուրս է գալիս այդ տնից՝ մտքում դժգոհելով աղջիկ պարոնից, որը շատ քմահաճ է սպասավորների ընտրության հարցում և ոչ մեկին չի հավանում: Արտեմ Պետրովիչը այցելում է մի աղքատ կնոջ՝ Քեթևանին, որպեսզի նրա որդուն՝ Նիկոլին, տանի Աղայի մոտ, սակայն Քեթևանը չի համաձայնվում՝ պատմելով, որ վերոհիշյալ Սերգեյ Եգորիչն է պատճառ դարձել իր աղքատության, «խլնքոտ Սաքուլը հիմա Աղա-Պարոնով է դարձել, «աղան» բավական չէր, «պարոնն» էլ պոչին է կպցրել»: Նա իր ամուսնու խանութում գործակատար էր և ամուսնու վատ գործերի դրությունից օգտվելով, մյուս պարտատերերից ազատելու խոստումով, ամուսնուն սուտ վեքսիլներ առնել տվեց և բանը հասցրեց նրան, որ ամբողջ ունեցվածքը իր անունով դարձրեց: Ամուսնու մահից հետո այդ խաբեբան տիրեց նրանց բոլոր կայքերին և ընտանիքը մի կտոր հացի կարոտ թողեց: Այժմ խեղճ կինը մեշոկներ կարելով է ապրում, որդին ևս օգնում է նրան: Արտեմ Պետրովիչը, ձևացնելով, թե տեղյակ չէ այդ պատմությանը, հեռանում է՝ թողնելով զրույցը մեկ ուրիշ ավելի հարմար ժամնակի: Անցնում է  ութ ամիս, և Քեթևանը մահանում է ցրտից ու քաղցից: Նույն օրը Աղա-Պարոնովի տանը խնջույք է, նրա դստեր՝ Անիչկայի ծծնդյան տոնախմբությունը: Տանը կա նոր սպասավոր՝ Փրիդոն՝ մի իմերել ծառա, սիրուն դեմքով ու ճակատով: Տանտիկինը՝ Մարիա Սերգեևնան, նրա անունը մի առանձին քնքշությամբ է տալիս: Հյուրերի թվում է մի երիտասարդ բժիշկ՝ Դաբաղյանը, որը միտք ունի ամուսնանալ Անիչկայի հետ, թեև աղջիկը բավականին արհամարհական վերաբերմունք ունի նրա հանդեպ: Այս երիտասարդին լայն ասպարեզ է սպասում ավելի շատ իր ճարպկություններով, քան թե գիտությամբ պայմանավորված: Աղա-Պարոնովի տունը աչքի է ընկնում ընտիր իրեղեններով՝ արծաթյա անոթներ, թանկագին ֆարֆոր ու բյուրեղ, կարմիր ատլասով պատած և թանկագին փայտից շինված գեղաքանդակ կարասի, հայելիներ, ջահեր, արծաթյա աշտանակներ: Բայց այդ բոլորը չափազանց արհեստական ու կեղծ է, քանի որ չկա ճաշակ, կարգ և տունը ավելի շուտ խանութի, քան բնակարանի տպավորություն է թողնում: Տան հյուրերից է նաև Յակուլ Յակուլիչը, որը Դաբաղյանին Անիչկայի գովքն է անում և բացատրում, որ չի լինում լավ աղջիկ և շատ փող երկուսը միասին, պետք է քիչ փող ուզել, «թամահը» պակասեցնել: Անիչկան, ձանձրանալով հյուրերից, գնում է պարտեզ, ապա իր սենյակ, որպեսզի փոխի իր ցեխոտված զգեստը և գա նվագելու հյուրերի համար և այդպես էլ չի գնում:
Քաղաքի Երևանյան հրապարակի վրա կանգնած է մի քառակուսի մեծ շենք, որ կոչվում է քարվանսարա: Սա Թիֆլիսում առաջին շենքն է, որ պահպանելով ասիական անունը, իբրև թե դարձել է եվրոպական առևտրական տուն, հավաքելով այն վաճառականներին, որոնք նույնպես պահպանելով ասիական բարքն ու վարքը, միայն իրենց արխալուղն ու գաբան եվրոպական սերթուկի են փոխել: Այստեղ է գտնվում նաև Սերգեյ Եգորիչի խանութը: Վաճառում է հիմնականում բրդեղեն, մետաքսյա գործվածքներ: Ամբողջ օրը խանութում է և սիրում է ամեն ինչ ինքը անել: Նրա խանութին կից փոքրիկ կրպակ ունի մի նրբակազմ երիտասարդ՝ Ռուբեն Արուսյանը, որը թիֆլիսեցի չէ, գավառական մի փոքրիկ քաղաքից է եկել, ծանոթներից մեկի միջնորդությամբ մտել  է եվրոպացի վաճառականի մոտ, սովորել ֆրանսերեն և բավական վարժվել առևտրական ձեռնարկությունների մեջ: Ինքնակրթությամբ այն աստիճան զարգացած է, որ մի քանի լեզուներով ոչ միայն վարժ խոսում է, այլև գրում ու կարդում: Մի չափավոր դրամագլուխ ձեռք բերելով այժմ անկախ վաճառականություն է անում: Նրա դրացիությունը բոլորովին անտանելի է Աղա-Պարոնովին, քանի որ Ռուբենը լավ է վերաբերվում իր գործակատարներին, և տեսնելով դա՝ Աղան իր գործակատարներին չի կարողանում հայհոյել կամ ծեծել, բարկանում է նաև նրա խանութի սովորություններով, որոնք հիմնված են ազնվության վրա, մինչդեռ Պարոնովը կարծում է, որ առանց ստախոսության անկարելի է առևտուր անել: Ռուբեն Արուսյանը խանութով դրացի լինելով Աղա-Պարոնովին, բնակարանով ևս շատ հեռու չէ նրանից, քանի որ ապրում է Մարիա Սերգեևնայի այրի քրոջ՝ նույն փողոցում գտնվող տանը, որը վարձով է տալիս իր երկու սենյակները: Ռուբենի տանը հաճախ լինում են հանդիպումներ, որոնց ժամանակ խոսում են զանազան թեմաներից, գրքեր են կարդում, ծրագրեր մշակում: Նրա ծառան՝ Հայրապետը, տիրոջ հետ վարվում է այնպես, ասես ինքն է տերը, հաճախ նախատում է Ռուբենին, բարկանում ու բողոքում: Ռուբենին այցելում է Սաթենիկ անունով մի աղջիկ, որը նրա մոտ հաշվապահություն է սովորում՝ հիվանդ ընտանիքը պահելու համար: Ռուբենը մի համառոտ ծրագիր է գրել, որով ցանկանում է խնայողական դրամարկղ հիմնել քարվանսարայի գործակատարների համար: Սաթենիկը կարծում է, որ դրա կարիքը չկա, քանի որ նրանք ավելի շուտ բարոյապես կրթվելու կարիք ունեն: Ռուբենը այդ իմաստով համամիտ է նրա հետ և դրա համար ևս մտածում է միջոցներ ստեղծել՝ գրադարան գործակատարների համար, կիրակնօրյա դպրոց: Թեև այդ նպատակով հիմնված վաճառականների կլուբը դարձել է խաղաթղթի ու պարահանդեսների ասպարեզ ու միայն զարգացրել է ավելորդ շռայլություն աղքատ վաճառականների ընտանիքում, սակայն Ռուբենը չի հուսալքվում: Սաթենիկի հերթական այցի ժամանակ նրա մոտ է գալիս նաև Վարդուհի Վահրամյանը, որին անվանում են օրիորդ «Ցտեսություն», քանի որ չափազանց շրջմոլիկ է, ամեն օր այցելում է իր բոլոր ծանոթներին երկու րոպեով և ցտեսություն ասելով հեռանում: Ի տարբերություն հիվանդ Սաթենիկի նա շատ ակտիվ է: Ռուբենին հայտնում է, որ Սիրաքը ավարտել է իր աշխատությունը, վճռել են գալ իր մոտ և այնտեղ կարդալ: Ռուբենը խնդրում է նրան հրավիրել նաև Անիչկային, որը Վարդուհու դասընկերուհին է եղել և որին Ռուբենը սիրահարվել է՝ հաճախ տեսնելով մորաքրոջը այցելելիս: Անիչկան ևս սիրահարվել է Ռուբենին: Նրանք նաև հանդիպում են, թեև այդ մասին դեռ ոչ ոք չգիտի: Վարդուհին խոստանում է նրան ևս հրավիրել, թեև կարծում է, որ նա թեթևամիտ աղջիկ է և հարմար չէ Ռուբենին, մինչդեռ Ռուբենը կարծում է, որ նա պարզապես կարիք ունի կրթվելու և որ այդ գործը ինքն իր վրա է վերցնում: Կարծում է, որ Անիչկան կարող է ամենապատվական կինը դառնալ: Վարդուհին հեռանում է: Վարդուհին Անիչկային տեսնում է զբոսնելիս և հայտնում է Ռուբենի խնդրանքը: Որոշում են ասել, թե իբր գնալու է մորաքրոջ մոտ, այդ ժամանակ Վարդուհին կգնա Անիչկայի մորաքրոջ աղջկան Ռուբենի մոտ հրավիրելու, քանի որ նա հաճախ է լինում նրանց հավաքույթներին և այդպես Անիչկային էլ կտանի: Անիչկան չափազանց երջանիկ է:
Աղա-Պարոնովը տուն գնում է միայն այն ժամանակ, երբ բոլորը քնած են և դուրս է գալիս տնից, երբ բոլորը դարձյալ դեռ քնած են: Հերթական մի օր նա խանութը փակելուց հետո գնում է զբոսնելու և հանդիպում է Յակուլ Յակուլիչին: Սա նրան առաջարկում է «օգնել» ոմն սնանկացած վաճառական Մակար Մակարիչի, որը ետին թվով իրեն վեքսիլներ կտա, ինքը կդառնա գլխավոր պարտատեր, մյուս պարտատերերի հարցը կլուծի, քանի որ սրանք հիմնականում Աղա-Պարոնովի ստրուկներն են և Աղայի մի խոսքը կարող է գործը ամեն կողմ դարձնել, իսկ ինքը կվերցնի Մակարի հողը անվճար: Խարդախությունը բարերարության կեղևի մեջ պատելով՝ նրանք համաձայնում են համագործակցել: Արդեն գիշեր է, բայց Սերգեյ Եգորիչը դեռ դրսում է: Հանկարծ խուլ փողոցներից մեկում նկատում է երկու հոգու, որոնցից մեկը նրա կինն է, մյուսը Փրիդոնը: Այդ ժամին դրսում գտնվելը և տարօրինակ զբոսանքը կասկածելի են թվում ամուսնուն, հետևում է նրանց, մինչև տուն են գնում: Հեռվից նայելով՝ Սերգեյ Եգորիչը հետ է դառնում, չի ցանկանում հավատալ նրան, ինչ մտածում է, թեև այդ միտքն անընդհատ տանջում է նրան: Գնում է ասիական հյուրանոց, որը գտնվում է քարվանսարայի ներքնահարկում: Ամեն շաբաթ այդ հյուրանոցի կարմիր սենյակում նա հանդիպում է մի ռուս կնոջ՝ Սոֆիա Իվանովնային, որը ճակատագրի բերումով դարձել է անբարոյական՝ խաբվելով մի հայ վաճառականի, որի տանը աշխատում էր որպես դաստիարակ: Կինը, հասկանալով Աղայի տխրության պատճառը, ասես նսեմացնելու համար նրան, ասում է, որ կինը, ամուսնուց սիրո բավականություն չգտնելով, աշխատում է մուրալ օտարներից և կամա-ակամա ընկնում է ծառաների գիրկը, այդպես նաև իր կինը: Սերգեյ Եգորիչը նրա ականջին մի բան է ասում, որից Սոֆիան բարկանում է ու դուրս փախչում: Սերգեյ Եգորիչը գնում է նրա հետևից և մթության մեջ բախվելով խոհանոցում դրված ավելներին երեսի վրա ցած է գլորվում: Գլուխը սաստիկ զարկվում է սալահատակին, երեսը լողում է մի թանձր հեղուկի մեջ, որ լճացած է սալահատակի վրա: Դա արբեցողներից մեկի փսխուքն է, որ ներկված է կախեթու կարմիր գինով: Պատի մոտ քնած հասասը արթնանում է նրա հառաչանքից, մոտենում, վեր բարձրացնում նրան և ճանաչելով Աղա-Պարոնովին՝ զարմացած նայում քարվանսարայի ամենանշանավոր մարդու վրա:
Վեպն անավարտ է: 

Րաֆֆի | Մինն այսպես, մյուսը այնպես Րաֆֆի | Մինն այսպես, մյուսը այնպես Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.