Ավետիք Իսահակյան | Քուրդն ու ճնճղուկը


Քուրդ գյուղացու մեկը վաղ առավոտից աշխատանքի մեջ էր. մաքրում էր ցորենի արտը, հավաքում էր խիճերը, քարի կտորները, լցնում էր քթոցի մեջ և տանում թափում արտի եզերքը: Հոգնեցող աշխատանք էր: Գրեթե ամեն մի քարի կտորի համար պիտի կռանար: Եվ ե՞րբ պիտի վերջանար այս տանջանքը:
Այսպես սրտնեղած տրտնջում էր ինքն իրեն, երբ ականջին դիպավ ճնճղուկի ծլվլոցը՝ անհոգ, զվարթ ճիվի-ճիվին:
Ծլվլոցը գյուղացու սրտի մեջ հնչեց ու սիրտը լցրեց հուզմունքով:
Ինչքա՜ն անուշ էր այդ ձայնը՝ երջանկությամբ, ուրախությամբ թաթախուն: Գյուղացին գլուխը բարձրացրեց, տեսավ՝ դալար թփի վրա նստել է մի գորշ ճնճղուկ, նայում է կանաչ արտերին՝ ցողունների երգով ծփում, նայում է կապույտ երնքին՝ կարմիր արևով ժպտուն, և ծլվլում է, երգում է գեղեցիկ և բարի գարունը:
- Դու մի բան գիտես,- ասում է գյուղացին,- դու մի բան գիտես, ա՛յ իմաստուն ճնճղուկ, որ հարուստ տղայի պես առանց աշխատելու ապրում ես ու հանգիստ սրտով ճիվի-ճիվի ես անում: Ես քեզանից օրինակ պիտի առնեմ: Էլ ո՛չ պիտի վարեմ, ո՛չ ցանեմ, ո՛չ հնձեմ: Տաղով, խաղով պիտի ապրեմ:
Եվ քթոցը մի կողմ նետեց, թողեց արտը, դարձավ տուն և սկսեց երգել իր իմացած տաղերը:
Եկավ ամառը: Հարևանները հնձեցին արտերը, կալսեցին, երնեցին, ցորենը տարան ամբարը, հարդը՝ մարագը:
Եկավ աշունը: Հարևանները ջաղացը աղուն տարան, ալյուր շինեցին, ալյուրով դարձան տուն:
Մեր քուրդը ո՛չ աղուն ուներ, ո՛չ ալյուր:
Թաց ու թխպոտ աշնան ցուրտ քամիները եկան, որ փչում էին ձմռան դռներից:
Մեր գյուղացին հաց չուներ դաշտում, կրակ չուներ օջախում: Անոթի էր և մրսում էր:
- Գնամ տեսնել՝ ինչպես է իմ ճնճղուկը գլուխ հանում այս ցրտից ու քաղցից: Անպատճառ մի բան գիտեր, որ հանգիստ սրտով ճիվի-ճիվի էր անում: Գնամ՝ օրինակ առնեմ նրանից:
Դուրս եկավ, տեսավ, ի՜նչ տեսնի – ճնճղուկը մի պատի տակ ընկած է՝ սառած, մեռած…
- Վա՜յ քո գլխին, տո տնավեր,- ասաց քուրդը,- թե որ չգիտեիր բռնածդ գործի վերջը, էլ ինչո՞ւ էիր հանգիստ սրտով ճիվի-ճիվի անում, որ թե՛ քո տունը քանդեցիր, թե՛ իմ տունը…

Ավետիք Իսահակյան | Քուրդն ու ճնճղուկը Ավետիք Իսահակյան | Քուրդն ու ճնճղուկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:54:00 Rating: 5
Технологии Blogger.