Մարգրետ Ռեյ | Պուտպուտիկը


Մի օր ճագար Մայրիկն ու ճագար Մորաքույրը զրուցում էին: Ճագար Մայրիկը քիչ էր մնում լաց լիներ:
- Ասում ես քանի՞ հատ են,- հարցրեց Մորաքույրը:
- Ինը: Ինը փոքրիկ ճագար, բոլորն էլ անցած ուրբաթ օրը ծնվեցին: Նրանցից ութը այնպիսին են, ինչպես մեր ամբողջ ընտանիքը՝ ձյան պես ճերմակ, վարդագույն աչքերով ու ականջներով: Իսկ իններորդը… - ճագար Մայրիկը սկսեց լալ,- իններորդը ոչ մեկին նման չէ: Ոտքից գլուխ դարչնագույն պուտեր ունի ու կապույտ աչքեր: Խեղճ փոքրիկ Պուտպուտիկ, շատ եմ վախենում, որ Պապիկը չհավանի նրան:
- Թույլ տուր նկատել,- ասաց մորաքույրը,- որ սա շատ լուրջ հարց է:
Գնանք՝ տես նրանց:
Ինը փոքրիկ ճագար ուրախ-ուրախ տերև էին ծամում ու վազվզում անտառում:
- Տես, ահա, նա է Պուտպուտիկը,- ասաց ճագար Մայրիկը:
- Սա՜ ինչ բան է,- բացականչեց Մորաքույրը,- ամբողջ մարմնով մեկ դարչնագույն պուտեր: Կյանքումս այսպիսի բան չեի տեսել:
Ճաշին ճագարների ընտանիքը սալաթ ու գազար կերավ: Եվ ապա բոլորը անկողին մտան, սպասելով, որ Մայրիկը գա ու բարի գիշեր ասի իրենց:
- Ես այսօր լսեցի, թե ինչպես Մորաքույրն ու Մայրիկը խոսում էին Պուտպուտիկի մասին,- ասաց Ռոզին: - Մորաքրոջը դու չեն գալիս նրա պուտերը: Տեսնես ինչո՞ւ:
- Իսկ ինձ դու չեն գալիս իմ պուտերը,- ասաց Պուտպուտիկը: - Իմ կարծիքով դրանք գեղեցկացնում են ինձ:
- Ճիշտ է, դու շատ լավիկն ես,- ասաց Ռոզին: - Մայրիկն էլ ասաց, որ հավանում է քեզ: Միայն թե դու մի քիչ ուրիշ ես:
- Ինչպես թե ուրիշ եմ:
- Ես էլ չեմ հասկանում,- ասաց Ռոզին:
Հենց այդ պահին ներս մտավ ճագար Մայրիկը:
- Մամ, ի՞նչ վատ բան կա դարչնագույն պուտերի մեջ,- հարցրեց Ռոզին:
- Ո՞վ ասաց, ոչ մի վատ բան էլ չկա,- պատասխանեց ճագար Մայրիկը:
- Iսկ ի՞նչ է նշանակում «ուրիշ տեսակ», մամ:
- Վերջ տուր քո մշտական հարցերին, Ռոզի: Արդեն քնելու ժամանակն է: Վաղը Պապիկի ծննդյան օրն է, և մենք պետք է առավոտյան վաղ արթնանանք, որպեսզի գնանք նրան շնորհավորելու,- և ճագար Մայրիկը համբուրեց փոքրիկ ճագարներին ու բարի գիշեր մաղթեց նրանց:
Առավոտյան ճագարիկները պատրաստ էին ճամփա ընկնելու, երբ առավոտյան եկավ մորաքույրը և Մայրիկին մի կողմ տարավ:
- Ի՞նչ ես անելու Պուտպուտիկին,- հարցրեց նա: - Ես խորհուրդ եմ տալիս նրան տանը թողնել:
- Օ, դա անհնա՜ր է,- բացականչեց ճագար Մայրիկը:
- Պատկերացրու, ինչքան պետք է վշտանա Պապիկը, երբ տեսնի Պուտպուտիկին,- ասաց Մորաքույրը: - Դու, իհարկե, չես ուզենա փչացնել նրա ծննդյան տոնը:
- Չգիտեմ ինչ անեմ…- հուսահատ ասաց ճագար Մայրիկը: - Ես չէի ուզենա նեղացնել Պուտպուտիկին:
- Բայց դու, անշուշտ, չես ցանկանա նաև փչացնել մնացած բոլորի տրամադրությունը,- վճռական տոնով ասաց Մորաքույրը:
- Ի վերջո ճագար Մայրիկը տեղի տվեց: Մայրիկն ասաց պուտպուտիկին, որ նա պետք է տանը մնա:
Պուտպուտիկը ոչ մի ձայն չհանեց: Բոլորը ճամփա ընկան, իսկ նա մնաց տանը մենակ:
Նա իր նախաճաշին մատ չկպցրեց (ընդհանրապես նա ուտել սիրում էր): Ուրեմն, նրան տանը թողեցին այդ պուտերի պատճառով… ի՞նչ անել: Փախչել տանից, ահա թե ինչ: Նամակ թողնել, որ մայրիկը իմանա այդ մասին, և հեռանալ:
«Սիրելի Մայրիկ,- սկսեց գրել Պուտպուտիկը,- ես սիրում եմ բոլորիդ, բայց պետք է լքեմ ձեզ: Գուցե գա մի օր…»: Այստեղ նա չիմացավ, ինչպես շարունակել, հառաչելով ստորագրեց, նամակը դրեց գրասեղանի վրա և դուրս գնաց:
Մթնում էր: Պուտպուտիկը ամբողջ օրը թափառեց անտառում: Սկզբում դա այնքան էլ վատ չէր, մի քիչ զբոսանքի էր նման: Բայց ահա անձրև եկավ, և Պուտպուտիկն զգաց իրեն շատ հոգնած, մենակ ու մի քիչ էլ վախեցած:
- Բարի երեկո, միսս,- լսվեց մի ձայն:
Պուտպուտիկը նայեց շուրջը:
Հենց իր դիմացը կանգնած էր մի մեծ ճագար:
- Գարշելի եղանակ է, այնպես չէ՞,- ասաց ճագարը,- նոր էի դուրս եկել մի քիչ օդ ծծելու, և ահա…
Պուտպուտիկը աչքերը լայն բացած նայում էր անծանոթին: Անծանոթի մարմինն ամբողջովին ծածկված էր դարչնագույն պուտերով և աչքերը կապույտ էին: Նա իսկ և իսկ Պուտպուտիկն էր, միայն ավելի մեծ:
- Դուք բավականին հոգնած տեսք ունեք,- ասաց ճագարը,- գնանք մեզ մոտ, կհանգստանաք, նաև կծանոթանաք մերոնց: Իմ անունը Դարչնիկ է:
- Իսկ իմը Պուտպուտիկ: Շատ ուրախ եմ ծանոթանալ, սըր,- ասաց պուտպուտիկը:
Դարչնիկների ընտանիքի բոլոր անդամները նման էին միստր Դարչնիկին: Բոլորը՝ դարչնագույն պուտերով ու կապույտ աչքերով:
- Սա Պուտպուտիկն է: Ես հանդիպեցի նրան անտառում,- ներկայացրեց միստր Դարչնիկը: - Իսկ սրանք իմ երեխաներն են:
Երեխաները ողջունեցին Պուտպուտիկին: Նրանք շատ զվարթ ու երջանիկ էին: Նրանք կարծես կարևորություն չէին տալիս իրենց պուտերին: Պուտպուտիկը միանգամից իրեն զգաց ինչպես տանը: Նա հետաքրքրությամբ նայեց շուրջը: Եվ հանկարծ նկատեց մի ճագարիկի ևս: Այդ ճագարիկը կուչ էր եկել մի անկյունում: Ոչ ոք նրա վրա ուշադրութուն չէր դարձնում: Նա ամբողջովին սպիտակ էր՝ վարդագույն ականջներով ու աչքերով:
- Այդ ո՞վ է,- հուզմունքից խեղդվելով հարցրեց Պուտպուտիկը: Միստր Դարչնիկը իւեցրեց ձայնը:
- Դա Ձյունիկն է: Նա…Նա մի քիչ նման չէ մեզ:
Զարմանքից Պուտպուտիկի բերանը լայն բացվեց:
- Տատիկը դեռ չէր տեսել Ձյունիկին,- ժարունակեց միստր Դարչնիկը:-Տատիկը շատ է հպարտանում մեր ընտանիքով, որովհետև բոլորս այսպիսի գեղեցիկ պուտեր ունենք: Եթե Տատիկը տեսնի Ձյունիկին, շատ կտխրի: Դա ինձ չափազանց մտահոգում է:
- Դե արի ու բան հասկացիր,- միանգամից պոռթկաց Պուտպուտիկը:-Լսեք, թե ձեզ ինչ կպատմեմ: Մեր ընտանիքը ձեր Ձյունիկի պես է՝ բոլորը ճերմակ են: Մայրիկը ինձ չտարավ Պապիկի ծննդյան տոնին, որովհետև ես ձեզ նման պուտեր ունեմ: Դրա համար էլ ես տնից փախա: Իսկ այստեղ էլ հակառակն է… Տիրեց երկար լռություն, բոլորը շփոթված էին:
- Իրոք որ տարօրինակ է,- վերջապես արտաբերեց միստր Դարչնիկը: -Ձեր ընտանիքին դուք դուր չեք գալիս, իսկ մեր ընտանիքին էլ…
- Ախր ես սիրում եմ Ձյունիկին, միշտ էլ սիրել եմ,- բղավեց ճագարներից մեկը:
- Մենք բոլորս էլ սիրում ենք Ձյունիկին,- աղաղակեցին մնացած ճագարները:
Նրանք դուրս քաշեցին Ձյունիկին իր անկյունից և սկսեցին գրկել ու համբուրել:
- Ձյունիկն այնքան լավիկն է…Ռոզիի պես,- կարոտով ասաց Պուտպուտիկը:
- Ես ինքս էլ միշտ կարծում էի, որ գեղեցիկ եմ,- ասաց Ձյունիկը,- ու չեմ հասկանում, թե ինչու ինձ չեն հավանում: Ինչ լավ եղավ, որ դու եկար մեզ մոտ, Պուտպուտիկ:
- Դեհ, իսկ հիմա գնացեք քնելու,- ասաց միստր Դարչնիկը: - Վաղը ամեն ինչ ուրիշ կերպ կլինի: Պուտպուտիկ, գնանք քեզ ցույց տամ քո սենյակը: Բարի գիշեր ու քաղցր երազներ…
Պուտպուտիկը քնեց ու մի զարմանալի երազ տեսավ: Մի չափազանց մեծ սեղան, վրան՝ լիքը գազար, գազար ու գազար… Ու սեղանի շուրջն էլ ճագարներ են նստած, այնքան շատ, որ Պուտպուտիկը նույնիսկ չի կարողանում հաշվել, և բոլորն էլ ճերմակ ու պտավոր, մեծ ու փոքր, և ինքն էլ՝ Պուտպուտիկը, նստած է ճագարների հենց մեջտեղում, ու նրանք բոլորը այնպես երջանիկ են, ինչպես միայն ճագարները կարող են երջանիկ լինել…
Արդեն ուշ էր, երբ ճագար Մայրիկը իր երեխաների հետ տուն վերադարձավ Պապիկի ծննդյան տոնից:
- Տեսնես Պուտպուտիկը ի՞նչ է անում,- ասաց ճագար Մայրիկը:
Հանկարծ տեսան նամակը:
Ճագար Մայրիկը սկսեց կարդալ և արցունքները խոշոր-խոշոր կաթիլներով հոսեցին նրա մորթու վրայով:
- Փոքրիկ բալիկս փախել է տնից,- հեկեկաց նա,- ախ, ես չպետք է նրան տանը մենակ թողնեի: Հիմա ի՞նչ անեմ…
- Կփնտրենք ու կգտնենք,- բացականչեց Ռոզին:
- Հիմա շատ մութ է, սպասենք մինչև առավոտ,- ասաց ճագար Մայրիկը:
Ճագար Մայրիկը չկարողացավ քնել: Երբ բոլոր փոքրերը պառկեցին, նա ոտքի ծայրերի վրա դուրս եկավ տնից: Գիշերը մութ ու սառն էր, և ճագար Մայրիկը մի պահ վախեցավ: Բայց չէ՞ որ պետք է գտներ Պուտպուտիկին, և նա չորս ժամ թափառեց, ամեն տեղ նայեց, կանչելով Պուտպուտիկին: Պուտպուտիկը չկար ու չկար: Պարզ առավոտ էր: Անձրևով լվացվել էին ծաղիկները, մաքրվել ու ժպտում էին արևի շողերի տակ: Սակայն ճագար Մայրիկը չէր ժպտում:
- Շտապեցեք բոլորդ, գնանք Պուտպուտիկին փնտրելու,- ասաց նա երեխաներին,- ես մի քիչ ուտելիք կպատրաստեմ, և մենք ճանապարհ կընկնենք:
Ութ ճագար հավաքվել նստել էին մարգագետնում ու սպասում էին ճագար Մայրիկին:
Հանկարծ Ռոզին վեր թռավ տեղից:
- Հապա նայեք այնտեղ,- բղավեց նա, մատնացույց անելով անտառը,- ճագարներ են գալիս և բոլորն էլ՝ մեր Պուտպուտիկի նման:
Դարչնիկների ընտանիքը արթնացել էր առավոտյան վաղ և ճամփա ընկել դեպի Պուտպուտիկենց տունը, որպեսզի ծանոթանա նրա ընտանիքնին:
- Մամ, մամ, շուտ արի այստեղ,- աղաղակեց Ռոզին:
Մայրիկը իսկույն դուրս վազեց և իր աչքերին չհավատաց: Ամբողջ մարգագետինը լիքն էր պտավոր փոքրիկ ճագարներով, և նրանցից մեկն էր միայն ճերմակ: Բոլորի առջևից ողջ ու առողջ քայլում էր իրենց սիրելի Պուտպուտիկը:
- Պուտպուտի՜կ,- գոչեց Մայրիկը, և նրանք գրկախառնվեցին, հետո Ռոզին փաթաթվեց, համբուրեց Պուտպուտիկին, ապա հերթով բոլորը գրկախառնվեցին Պուտպուտիկին: Եվ երբ վերջապես Պուտպուտիկը կարողացավ ազատ շունչ քաշել, ասաց.
- Սա միստր Դարչնիկն է, սա էլ՝ իր ընտանիքը:
Եվ սկսեց պատմել այն ամենի մասին, ինչ պատահել էր իր հետ անցյալ գիշերվանից սկսած:
- Էհ, չգիտեմ՝ ինչ ասեմ,- ասաց ճագար Մայրիկը, դիմելով միստր Դարչնիկին: - Գիտե՞ք, ես միշտ էլ Պուտպուտիկին մյուսների չափ սիրել եմ, բայց միշտ վախեցել եմ, թե Պապիկը…
- Մենք էլ, մենք էլ կարծել ենք, թե Տատիկը…- բացականչեց միստր Դարչնիկը և բոլորը փռթկացին:
- Դեհ, կարծում եմ, մենք բոլորս էլ մի քիչ հիմար ենք եղել,- ասաց ճագար Մայրիկը: - Բայց վերջ այդ բոլորին: Օհ, ես այժմ երջանիկ եմ: - Եվ նա ամուր համբուրեց միստր Դարչնիկին, և ապա բոլորը սկսեցին իրար գրկել, համբուրել, հարցնել իրար անունները, երգել, պարել… Նրանք այնպես էին աղմկում, որ երեք կիլոմետրից լսվում էր: Իսկ վերջում նրանք մի լավ քեֆ արեցին: ճագարները նստեցին մեծ սեղանի շուրջը, որի վրա անթիվ-անհամար գազար կար: Նրանք նստել էին կողք կողքի և այնքան շատ էին, որ դժվար էր հաշվել բոլորին՝ սպիտակներին ու պտավորներին, մեծերին ու փոքրերին… Իսկ Պուտպուտիկը նստած էր նրանց մեջտեղում, բոլորն այնքան երջանիկ էին, որքան միայն ճագարները կարող են երջանիկ լինել:
Բոլոր երազները չեն, որ կատարվում են, բայց Պուտպուտիկինը կատարվեց:   

Տես նաև Գրիմ եղբայրներ Հեքիաթներ, Շառլ Պերո Հեքիաթներ և Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ

Մարգրետ Ռեյ | Պուտպուտիկը Մարգրետ Ռեյ | Պուտպուտիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 10, 2016 Rating: 5
Технологии Blogger.