
Շատ տարիներ առաջ մի թագավոր ու թագուհի էին ապրում: Նրանք
մի տղա ունեցան, բայց այնքան տգեղ, որ տեսնողը մտածում էր՝ դա մա՞րդ է, թե … Թագուհի
մայրիկը շատ էր վշտացել, որ որդին այդպես տգեղ է ու, նայելով նրան, ամեն օր վշտից լալիս
էր: Մի անգամ, երբ նա օրորոցի մոտ նստած էր, ներս մտավ մի բարի կախարդ, նայեց փոքրիկ
այլանդակին ու ասաց.
- Շատ մի վշտացեք, թագուհի, տղան, ճիշտ է, շատ է տգեղ, բայց
դա բոլորովին չի խանգարի նրան լինել բարի ու հմայիչ: Բացի այդ, նա ամենախելացին կլինի
ողջ թագավորությունում, և կկարողանա խելացի դարձնել նաև նրան, ում շատ կսիրի:
Բոլորը ուրախացան բարի կախարդի գուշակությունից, բայց ամենից
շատ ուրախացավ թագուհին: Կախարդի գուշակությունը կատարվեց: Երեխայի առաջին իսկ թոթովանքներն
այնքան խելացի էին, որ բոլորը հիացմունքից հառաչում էին.
- Ախ, որքան խելացի է փոքրիկ արքայազնը:
Մոռացա ասել, որ արքայազնը ծնվել էր գլխին մի փունջ փուփուլ:
Դրա համար էլ նրա անունը դրին Փուփուշիկ Ռիքե: Այդ նույն ժամանակ հարևան թագավորն էլ
մի աղջիկ ունեցավ, մի աննման գեղեցկուհի: Թագուհին երջանկությունից քիչ մնաց խելագարվեր,
որ այդքան սիրուն էր աղջիկը: Բայց այդ նույն կախարդը, որ այցելել էր Ռիքեի մայրիկին,
նրան ասաց.
- Այդպես մի ուրախացեք, թագուհի, փոքրիկ արքայադուստրն այնքան
հիմար կլինի, որքան որ գեղեցիկ է:
Այդ գուշակությունը շատ վշտացրեց թագուհուն: Նա լաց եղավ
ու սկսեց խնդրել կախարդին, որ գոնե մի քիչ խելք տա իր փոքրիկ աղջկան:
- Չեմ կարող,- ասաց կախարդը,- բայց կանեմ այնպես, որ նա,
ում սիրի փորիկ արքայադուստրը, նույնքան գեղեցիկ դառնա, որքան որ ինքն է:
Արքայադուստրը մեծանում էր ու օր-օրի ավելի գեղեցկանում:
Բայց որքան գեղեցկանում էր, այնքան շատ էր հիմարանում: Ոչինչ չէր պատասխանում, երբ
նրան հարց էին տալիս կամ այնքան հիմար պատասխան էր տալիս, որ մարդիկ փակում էին ականջները:
Բացի այդ այնքան թափթփվածն էր, որ չէր կարող բաժակը դնել սեղանին, անպայման գցում էր,
ջարդում, իսկ երբ ջուր էր խմում, կեսը թափում էր վրան: Դրա համար էլ, չնայած գեղեցկությանը,
նա ոչ մեկին դուր չէր գալիս: Խեղճ արքայադուստրը վշտանում էր, երբ բոլորը վերաբերվում
էին նրան որպես հիմարի, նա ուղղակի պատրաստ էր ամբողջ գեղեցկությունը տալ մի կաթիլ
խելքի դիմաց: Թագուհին որքան էլ շատ էր սիրում նրան, այնուամենայնիվ չէր կարողանում
չկշտամբել նրան հիմար վարմունքի համար: Դրանից արքայադուստրը ավելի շատ էր տառապում:
Մի անգամ նա գնաց անտառ, այնտեղ լալու իր վիշտը: Զբոսնելիս տեսավ մի փորիկ կուզիկ մարդուկի,
որ չնայած անսահման տգեղությանը, շատ շքեղ էր հագնված: Դա արքայազն փուփուշիկ Ռիքեն
էր: Նա տեսել էր գեղեցկուհի արքայադստեր դիմանկարն ու սիրահարվել: Թողել էր իր երկիրը,
եկել այստեղ, որպեսզի արքայադստերը խնդրի դառնալ իր կինը: Ռիքեն շատ ուրախացավ, որ
հանդիպեց գեղեցկուհուն: Նա բարևեց արքայադստերը ու տեսնելով, որ նա շատ տխուր է, ասաց.
- Ինչո՞ւ եք այդքան տխուր, արքայադուստր: Չէ՞ որ դուք ջահել
եք ու այդքան գեղեցիկ: Ես շատ գեղեցիկ արքայադստրեր եմ տեսել, բայց ձեզ նման գեղեցիկին՝
երբեք:
- Դուք շատ բարի եք, արքայազն,- պատասխանեց գեղեցկուհին ու
այդտեղ էլ կանգ առավ, որովհետև հիմարությունից չգիտեր, թե ուրիշ ինչ կարելի է ասել:
- Մի՞թե ձեր նման գեղեցկուհին իրավունք ունի տխրելու,- շարունակեց
Ռիքեն:
- Ուրախ կլինեի ձեզ նման տգեղ լինել, քան այսքան գեղեցիկ
ու այսքան հիմար:
- Դուք բոլորովին էլ հիմար չեք, արքայադուստր, եթե ձեզ հիմար
եք համարում: Իսկական հիմարները չեն ընդունում, որ հիմար են:
- Դա չգիտեմ,- ասաց արքայադուստրը: Ես գիտեմ միայն, որ հիմար
եմ, դրա համար էլ այսպես տխուր եմ:
- Եթե միայն դրա համար եք տխուր, ես կարող եմ օգնել ձեզ:
Կարող եմ խելացի դարձնել այն աղջկան, ում ամենից շատ կսիրեմ: Ու քանի որ աշխարհում
ամենից շատ ձեզ եմ սիրում, ապա կարող եմ ձեզ այնքան խելք տալ, որքան որ դուք ցանկանաք,
եթե, իհարկե, համաձայնեք ամուսնանալ ինձ հետ:
Արքայադուստրը մնաց շվարած ու ոչինչ չասաց.
- Տեսնում եմ, իմ առաջարկությունը վիրավորեց ձեզ,- ասաց Փոփուշիկ
Ռիքեն: - Բայց դա ինձ չի զարմացնում: Ես մի ամբողջ տարի ձեզ մտածելու ժամանակ եմ տալիս:
Մի տարուց կգամ պատասխանի ետևից:
Արքայադուստրը մտածեց, որ տարին շատ երկար ժամանակ է, համաձայնեց:
Եվ հենց որ համաձայնեց ամուսնանալ Ռիքեի հետ, իրեն իսկույն ուրիշ մարդ զգաց: Սկսեց
խոսել գեղեցիկ ու խելացի, այնքան խելացի, որ Ռիքեն մտածեց, թե արդյոք նրան ավելի շատ
խելք չի տվել, քան թողել է իրեն: Երբ արքայադուստրը վերադարձավ տուն, պալատականները
ապշած մնացին այդ արագ փոփոխությունից, որ տեղի էր ունեցել: Արքայադուստրը անտառ գնաց
միանգամայն հիմար, վերադարձավ արտակարգ խելոք: Թագավորը սկսեց խորհուրդ հարցնել արքայադստերը.
նույնիսկ կարևոր պետական գործերը նրա սենյակում էր որոշում: Արտակարգ փոփոխության լուրը
տարածվեց ամենուր: Բոլոր հարևան երկրներից երիտասարդ արքայազները գալիս էին և յուրաքանչյուրն
փորձում էր դուր գալ արքայադստերը, որպեսզի ամուսնանա նրա հետ: Բայց արքայադուստրը
նրանց բավական խելացի չէր համարում ու չէր համաձայնում ամուսնանալ: Վերջապես մի անգամ
եկավ շատ հարուստ, շատ խելոք ու գեղեցիկ արքայազն: Անմիջապես դուր եկավ արքայադստերը:
Թագավորը դա նկատեց ու ասաց, որ աղջիկը կարող է ամուսնանալ նրա հետ, եթե կամենում է:
Ցանկանալով լավ մտածել, արքայադուստրը գնաց զբոսանքի և միանգամայն պատահմամբ հայտնվեց
այն անտառում, որտեղ մի տարի առաջ հանդիպել էր Փուփուշիկ Ռիքեին: Նա խոր մտորումների
մեջ էր, երբ ինչ-որ աղմուկ հասավ նրա ականջին: Թվաց, թե մարդիկ են վազվզում: Երբ արքայադուստրը
կանգ առավ և ուշադիր ականջ դրեց, լսեց.
- Կաթսան տուր ինձ:
- Փայտ ավելացրու կրակին:
Այդ ժամանակ գետինը պատռվեց ու ետ գնաց, և արքայադուստրը
իր առաջ տեսավ մի ստորգետնյա խոհանոց, խպոհարարներ, օգնականներ, սպասավորներ: ճերմակ
թասակներով ու գոգնոցներով, վիթխարի դանակը ձեռքներին՝ խոհարարների մի ամբոխ դուրս
եկավ այդ ստորգետնյա խոհանոցից: Նրանք գնացին անտառի բացատը, շարվեցին երկար սեղանի
շուրջը և ուրախ երգելով սկսեցին կտրտել միսը: Արքայադուստրը ապշած հարցրեց, թե ում
համար են պատրաստում այդ ճոխ խնջույքը:
- Արքայազն Փոփուշիկ Ռիքեի՛,- պատասխանեց մենագեր խոհարարը:
- Վաղը նրա հարսանիքն է:
Այդ ժամանակ արքայադուստրը հիշեց, որ ուղիղ մի տարի առաջ
ինքը խոստացավ ամուսնանալ այլանդակ թզուկի հետ ու քիչ մնաց ուշաթափվեր: Հուզմունքը
զսպելով արքայադուստրը շարունակեց ճանապարհը, բայց մի 30 քայլ էլ չէր արել, նրա առաջ
հայտնվեց Փուփուշիկ Ռիքեն, ուրախ ու առողջ, հիանալի հագնված, ինչպես վայել է փեսային:
- Տեսնում եք, արքայադուստր, ես իմ խոսքի տերն եմ,- ասաց
նա: - Կարծում եմ, որ դուք էլ այստեղ եք եկել ձեր խոստման համաձայն և ուզում եք ինձ
դարձնել աշխարհիս ամենաերջանիկ մարդը:
- Ոչ,- ասաց արքայադուստրը,- ես դեռ չեմ որոշել, ասենք երբեք
էլ չեմ որոշի ամուսնանալ ձեզ հետ:
- Բայց ինչո՞ւ,- հարցրեց Փուփուշիկ Ռիքեն: - Մի՞թե չեք ուզում
ամուսնանալ իմ տգեղության պատճառով: Գուցե ձեզ դուր չի գալիս իմ խե՞լքը:
- Ոչ,- ասաց արքայադուստրը,- ինձ դուր է գալիս ձեզ խելքը…
- Ուրեմն իմ արտաքինն է վախեցնում ձեզ,- ասաց Ռիքեն: - Բայց
դա կարելի է ուղղել, դուք կարող եք ինձ անսահման գեղեցիկ դարձնել:
- Ինչպե՞ս կարող եմ,- հարցրեց արքայադուստրը:
- Շատ պարզ: Եթե սիրեք ինձ ու ցանկանաք, որ ես գեղեցիկ լինեմ,
կգեղեցկանամ: Կախարդը ինձ օժտել է մի շնորհքով, որ ես կարողանամ խելացի դարձնել այն
աղջկան, ում որ կսիրեմ: Եվ այդ նույն կախարդն էլ ձեզ օժտել է մի շնորհքով, որ գեղեցկացնեք
նրան, ում որ կսիրեք:
- Եթե այդպես է,- ասաց արքայադուստրը,- ապա ես ամբողջ սրտով
ուզում եմ, որ դուք դառնաք աշխարհիս ամենագեղեցիկ մարդը:
Արքայադուստրը դեռ խոսքը բերանում, Փուփուշիկ Ռիքեն դարձավ
աշխարհիս ամենագեղեցիկ ու ամենասլացիկ տղամարդը: Ասում են կախարդն ու իր կախարդությունը
այստեղ ոչ մի դեր էլ չունեն: Պարզապես արքայադուստրը սիրում էր Փոփուշիկ Ռիքեին ու
նրա տգեղությունը չէր նկատում: Այն ինչ-որ առաջ նրան տգեղ էր թվում, հիմա թվում էր
գեղեցիկ ու հրապուրիչ: Այսպես թե այնպես, արքայադուստրը համաձայնեց ամուսնանալ նրա
հետ, և հենց հաջորդ օրն էլ նրանք հարսանիք արին:
Շառլ Պերո | Փուփուշիկ Ռիքեն
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 05, 2016
Rating:
