

«Կարմիր ժամուց» վիպակը առաջին անգամ ավարտուն ձևով հրատարակվեց Նիկողայոս Ադոնցի խմբագրությամբ Սանկտ Պետերբուգում: Սա գրողի միակ ստեղծագործությունն է, որ թեմատիկ առումով ամբողջությամբ նվիրված է ազատագրական պայքարի գաղափարական հարցադրումներին:
Վիպակի գործողությունները տեղի են ունենում 90-ական թվականներին սուլթանական սաստկացած հալածանքների ու ջարդերի տարիներին: Արփիարյանի նպատակը, սակայն, ոչ այնքան ջարդերի նկարագրությունն է, որքան ազատագրական պայքարի անհրաժեշտության գաղափարի հիմնավորումը:
Իրար են բախվում Օրթագյուղի
տեր ու տնօրեն պահպանողական Հայրապետ էֆենտին, որը ազատություն բառի արտասանությունն
իսկ հանցագործություն է համարում, և Արևելյան Հայաստանից եկած Հուսիկ քահանան, որը
հայության ազատության ջերմ կողմնակիցն է: Նա գյուղ ժամանելու առաջին իսկ օրը, կառապանի
հետ զրոցում է Րաֆֆու «Խենթը» վեպի մասին՝ նշելով, որ այն խենթացնում է արյունը:
Սյուժեի, կոնֆլիկտի, վիպական
կառուցվածքի և կերպարների կերտման վարպետության առումով «Կարմիր ժամուցը» Արփիարյանի
լավագույն գործերից է: Հեղինակը փայփայում է մեծահարուստին, տվյալ դեպքում Հայրապետ
էֆենտուն ևս իր նյութական կարողությամբ ու օժանդակությամբ ազատագրական պայքարին մասնակից
դարձնելու միտքը:
Ի վերջո հակառակորդները՝ Հայրապետ
էֆենտին և Հուսիկ քահանան հաշտվում են և փարվում ազատագրական պայքարի գաղափարին: Նրանց
սկզբնական կոնֆլիկըւ մարմնավորում է մի կողմից հայկական գավառների հեղափոխական ազգային պոռթկումը, իսկ մյուս կողմից Պոլսի մեծատուն էֆենտիների պահպանողական մտայնությունը, որոնք բևեռացնում
էին թուրքահայ հասարակությունը։ «Կարմիր Ժամուցը» խտացնում և ամրագրում է նաև «Երկաթե շերեփի» պատգամը, որի հեղինակը Խրիմյան Հայրիկն էր:
Կարմիր ժամուցը զոհաբերությունների
տուփն է, որը դրված է եկեղեցում, և որի մեջ դրամ է հավաքվում ազատագրական պայքարի համար
զենք գնելու նպատակով: Վիպակի ավարտին Հայրապետ էֆենտին, որը մինչ այդ ամեն կերպ ընդդիմանում
էր դրամահավաքի և ըմբոստության այդ նախաձեռնությանը, հավաստիանալով թրքական կառավարության
անսանձ վայրագության մեջ, ևս դրամ է դնում ժամուցի մեջ:
Արփիար Արփիարյան | Կարմիր Ժամուց | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 20, 2016
Rating:
