Հրաչյա Քոչար | Եփրատի կամրջին



Հեղինակը հիշում է իր հետ 15 տարեկան հասակում կատարվածը:

Հիշում է, թե ինչպես են ասկյարները քշում մարդկանց խոր ձորի միջով՝ ծեր տղամարդկանց ու պառավ, զառամյալ կանանց, պատանի տղաների ու փոքրիկ աղջիկների ու դեռ ծծկեր երեխաների, որ ճչում ու լռում, մեռնում են մայրական գրկի մեջ։ Շառաչում է Օմար Օնբաշու մտրակը։ Նրա հինգ օգնականները, հրացանները ձեռքներին, ձիերով գնում են առջևից։ Նա գոռում, գոռգոռում, մռլտում, մռնչում, հրամաններ է արձակում և իր նման կատաղած իր ձին քշում ր ետ մնացողների վրա, և մոլեգնած ձին չի խրտնում ուրվականներից, տրորում է նրանց իր սմբակների պողպատե պայտերի տակ։ Հեղինակը հիշում է, որ պետք է արթուն մնա և նեցուկ լինի Աստղիկին, որ տղայի պես կարճ կտրած մազերով, քայլում է նրա կողքին: Միականի Օմար Օնբաշին ինչ֊-որ հրաման է մռլտում։ Թուրք գազանները բարահաճում են հանգստանալ։ Շրջանաձև, նստում են քարերի վրա, հրացանները ծնկներին դրած, ձիերի սանձերը գցած ուսերին։ Օղակում են հալածյալներին, որ ոչ ոք փախչելու փորձ չանի։ Իսկ ո՞վ կարող է փախչել։
Հեղինակը հիշում է իրենց կյանքը գյուղում, թե ինչպես է հայրը մի օր նոր շորեր գնում իրեն և սովորելու տանում Սահակ վարժապետի մոտ։ Սահակ վարժապետը, ասում էին, եկել է Էջմիածնից, այնտեղ է ուսում առել։ Հիշում է, թե ինչպես է սովորում հայոց այբուբենը: Կապվում է վարժապետի որդու՝ Արամի հետ, որի մասին մի օր իմանում է, որ սա իբր գնացել է Ռուսաստան սովորելու և այդ բաժանումը խորը ցավ է դառնում հեղինակի համար: Իսկ մի օր ճանաչում է Արամին իրենց եկեղեցում երգող աղջկա մեջ: Իրենից թաքցրել էին, որ Արամը իրականում Աստղիկն է: Եվ նրա գոյությունը գաղտնիք էր: Աղջիկների սեռը հաճախ թաքցնում էին, որ թուրքերը չիմանան այդ մասին:
Ճանապարհին հալածյալներից մեկը՝ Օհան ծերունին, կանգ է առնում տաճարի մոտ աղոթք անելու: Օմար Բաշին ձին փորձում է քշել նրա վրա: Նրան խանգարում է քուրդ Համզոն, ասելով որ ծերունին խոսում է Աստծո հետ: Ծերունին աղոթքի պահին ինքն է մահանում՝ տաճարի առաջ սալերին փռված: Աստղիկը, որը հեղինակի ուսին հենված քայլում է նրա կողքին անվերջ հարցնում է նրան.
Մեռնի՞նք, թե ապրինք․․․
Գիշերում են ամայացած գյուղի գոմում: Առավոտյան Աստղիկը քայլում է ոգեշնչված դեմքով և անգամ հորդորում է հեղինակին, որ չհուսահատվի։ Պատմում է, որ գիշերը լավ երազ է տեսել: Սպիտակ ու վարդագույն ամպեր: Կարմիր, հրեղեն ձի, ոսկե թամբով, որ նշանակում է, որ նրանք պիտի ապրեն: Օմարի խարազանը դառն սուլոցով իջնում է Աստղիկի մեջքին։ Լսվում է կարճ մի ճիչ և աղջիկը դեմքով փռվում է գետնին։ Երկրորդ հարվածը իջնում է հեղինակի ուսերին, երբ նա կռանում է աղջկա վրա: Երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ Աստղիկը չկա: Վախենում է, թե Օմարը կռահել է շեկլիկ «տղայի» ով լինելը:
Գլորվելով մի կերպ հասնում են կամուրջի եզրին։ Հեղինակը գտնում է Աստղիկին: Գրկում են իրար ամուր, վերջին ուժերը հավաքած։ Արդեն կամուրջի վրա են։ Աստղիկը ցածրաձայն ասում է, որ հեղինակը թողնի իրեն և գրկի փոքրիկ Վահանիկին: Հանկարծ կամուրջի կեսին Աստղիկը հանում է գլխից տղայի գլխարկը և սկսում է երգել: Բոլորը քարացած նայում են Աստղիկին: Նաև դահիճները։ Կախարդված, նրանք նայում են Աստղիկին ու լուռ լսում են նրան՝ հմայված գազանների պես։
Ինչ-որ մեկը քաշում է հեղինակի թևից ու ականջին բաներ շշնջում։ Սալբի մարեն է, մեծ տոհմի մեծ մայրը։ Ասում է.
Առ Վահանիկին, գնա՛ սար․․․ Խորե՜ն․․․
Հեղինակը ենթարկվում է Սալբի մարեի կամքին։ Վահանի ձեռքը բռնած, խտացած մառախուղի միջով, կամուրջի վրայով քայլում է դեպի այն ափը։ Անցնում է կամուրջը։ Վահանի ձեռքը բռնած, բարձրանում է լեռան լանջն ի վեր։ Վահանի հետ կանգ է առնում բարձր լանջին, մեծ մի ժայռի ետևում։ Չի կարողանում հեռանալ ու տեսողությունից կորցնել կամուրջը, Աստղիկին։ Հանկարծ լուսավորվում է շրջակայքը: Կամուրջի վրա մնացել է գերիների փոքրիկ մի խումբ, շրջապատած Աստղիկին, որը երգելով թևերը պարզում է արևին: Երգն ընդհատվում է։ Միականի Օմարն ուշքի գալով հասկանում է եղելությունը։ Գոռում է.
Բռնե՛ք այդ շեյթանին․․․ բռնե՛ք, բռնե՜ք․․․
Երկու ասկյար ցած են թռնում ձիերից, սանձերը տալիս են երրորդին և վազում Աստղիկի կողմը։ Եվ այն վայրկյանին, որ պիտի բռնոտեն նրան, Աստղիկը շուռ է գալիս ու կամուրջի քարե բազրիքից գլխի վրա իրեն նետում վարարած Եփրատի ալիքների մեջ․․․
Հեղինակը փակում է աչքերը։ Լսում է կրակոցներ։ Երբ աչքերը բացում է, կամուրջի վրա տեսնում է մարդկանց դիակներ և երկնքում կամարված մի մեծ ծիածան։ Կարծես գյուղից եկել է այդ ծիածանը, որ գտնի այստեղ իրենց:


Հրաչյա Քոչար | Եփրատի կամրջին Հրաչյա Քոչար | Եփրատի կամրջին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 03, 2016 Rating: 5
Технологии Blogger.