Ալեքսանդր Շիրվանզադե | Հուշեր | համառոտ


Շիրվանզադեն ներկայացնում է հուշեր Րաֆֆու կյանքից: Առաջին անգամ Րաֆֆուն հանդիպել է վերջինիս տանը: Այդ ժամանակ նա բնակվում էր Սոլոլակի թաղում, մի հայ բուրժուայի տանը:
Շիրվանզադեն տպավորված է տրոպիկական ծառերով, ծաղիկներով և բույսերով, որոնք մի փոքրիկ անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը: «Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն իր անշուք բնակարանը շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով, որ մի առանձին հրապույր էր տալիս նրան արտաքուստ»: Գրասեղանի վրա աչքի էին ընկնում հայկազյան բառարանի ահագին հատորները: Նրանց խոսակցությունը սկզբում դանդաղ, հետո դարձավ ամփոփ ու կենդանի և տևեց մինչև ուշ երեկո: Այդ ժամանակ էր, որ «Մեղու» լրագիրը իր աշխատակից Հայկունու բերանով (Հովակիմ Գեղամյանց) արշավանք էր սկսել Րաֆֆու դեմ: Ինքը Րաֆֆին վրդովվում էր այն հանգամանքից, որ նրանք կարճատես չեն, այլ խորամանկ և ամեն տող գրում են վատ նպատակով, ղեկավարվում են ճիզվիտական ձգտումներով, թեև զուրկ են ճիզվիտների խելքից: Նա ասում էր.
Ով ուզում է  հայ գրականությանը ծառայել, պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին: Ամեն մի հայ իրան առնվազն մի Նապոլեոն է համարում և դուք չեք կարող ապացուցանել, որ նա պետք է հասարակ զինվոր լինի: Պատմական անմիաբանությունը մեր լրագիրների համար թութակի երգ է դարձել, բայց ոչ ոք մեզանում այնքան նախանձոտ և չարհոգի չէ, որքան լրագրական գաճաճները: Մեր կողմն է նոր սերնդի անկեղծ համակրությունը և ոգևորությունը, նրանց կողմն է հինը, քարացածը և նեխածը: Թող որքան ուզում են կատաղեն, փրփրեն, ոչինչ չեն կարող անել ժամանակի պահանջների դեմ:
Հեղինակի կարծիքով զարմանալի եռանդ և հավատ կար վիպասանի խոսքերի մեջ: Րաֆֆին ավելի շատ էր հոգում լեզվի մաքրության մասին: Նրան հայկաբան չեն համարում, կարծում են դրա համար պետք է անպայման փքուն ոճով գրել:
- Չեն հասկանում, որ ժամանակակից մատենագիրը, մանավանդ վիպասանը չէ կարող Մովսես Խորենացիի բարբառը գործածել, թեև աշխարհաբարի վերածած, - ասում էր Րաֆֆին:
«Նա վրդովվում էր, երբ մեկն ասում էր, թե այդ մարդիկ հայոց լեզվի պաշտպաններն են: Նա հարձակվում էր նույնպես և այն մարդկանց վրա, որոնք, հանուն հայկաբանության, հալածում են ամեն մի նորամուծություն հայոց կենդանի աշխարհաբարի մեջ»:
-Այդ ողորմելիների համոզմունքով կարծես հայոց լեզուն կարող է ժամանակակից ուղղությամբ զարգանալ բոլորովին բացառիկ կերպով: Կարծես նա չպետք է ենթարկվի առաջադիմության այն անխուսափելի օրենքներին, որոնց ենթարկվել են բոլոր ազգերի լեզուները: Սամովարը անպայման պետք է դարձնել ինքնաեռ, սիգարը-գլանակ, տելեֆոնը-հեռախոս, ֆոնոգրաֆը-ձայնախոս: Զզվում եմ այդ տեսակ պեդանտներից, - մեջբերում է Շիրվանզադեն Րաֆֆու խոսքերը: Րաֆֆին ատում էր այն գրագետներին, որոնք կարծում էին, թե որքան շատ գրաբար բառեր գործածեն, այնքան լավՐաֆֆու կարծիքով գրաբար բառեր գործածելը հեշտ է, սակայն պետք է դրանք ճաշակով ընտրել: Մարդը պետք է երաժշտական լսողություն ունենա, որ ըմբռնի ո´ր բառը որտե´ղ կարող է քաղցր հնչել և որտե´ղ անախորժ: Այդ իմաստով նրան բարկացնում են մի քանի թարգմանիչներ, որոնցից է Փիլիպոս Վարդանյանցը, որը հիշեցնում է գյուղից փախած և շուտով հարստացած մի վաճառականի: Րաֆֆին ոչ մի հայ բանաստեղծի և վիպասանի լեզուն ու ոճը չէր հավանում: Նա դեմ էր Սունդուկյանի և Պռոշյանի գավառաբարբառներին, իսկ Պատկանյանի ոտանավորների մեջ չէր ներում գրաբարի և աշխարհաբարի խառնուրդը: Շահ-Ազիզի լեզուն նա համարում էր աշխարհաբարի մանկական թոթովանք: Աղայանի լեզվի պարզությունը և ճշտությունն ընդունում էր, բայց համարում էր հասակավորների համար թույլ և աղքատ: Նրա սովորական հյուրերը մի քանի հոգի էին, իսկ այցելում էին նրան շատերը՝ օրը գրեթե յոթ-ութ մարդ՝ գավառացիներ, ուսանողներ, անգամ հասարակ մշակներ: Նրանց թվում էր Րաֆֆու ուսուցիչը՝ Հակոբ վարժապետը: «Մշակի» խմբագրությունից նա ստանում էր տարեկան ութ հարյուր ռուբլի և ճաշում էր խմբագրի մոտ, ինչպես Շիրվանզադեին ասել էր Գրիգոր Արծրունին, բայց վերջինիս հետ թյուրիմացություններ ունենալով հեռացել էր նրանից և զրկվել ռոճիկից: Կինը և երկու զավակները բնակվում էին Պարսկաստանում: Ուներ չքավոր եղբայրներ, քույրեր, մայր- բոլորն էլ չքավոր ու օգնության կարոտ:
Րաֆֆու մեջ այս կամ այն վեպի գաղափարը ծնվում էր կյանքի մեջ տեղի ունեցող քիչ թե շատ խոշոր երևույթների ազդեցությամբ: Երբ ասպարեզ մտած մի միտք ոգևորում էր նրան, վեպի գաղափարն արդեն պատրաստ էր, բավական էր, որ գաղափարը կար, մնացյալը նրա համար երկրորդական էր: Գեղարվեստական կատարելագործման, մանավանդ հոգեբանական ճշմարտության մասին շատ էլ չէր մտածում, գրում էր առաջին գլուխները, արտագրում էր մի անգամ և իսկույն տալիս էր տպագրության՝ մտածելով, որ շարունակությունը ինքնըստինքյան չի հակասի սկզբին - գրում է Շիրվանզադեն: Ինքը Րաֆֆին դա բացատրում է սեփական սոցիալական վիճակով, այլ կերպ չի կարող աշխատել, Տուրգենևի նման հարուստ չէ, որպեսզի ութ անգամ արտագրի վեպը: Սակայն նրա գրականական զարգացումը ևս թույլ էր, նա կարդալու, էսթետիկական ճաշակի կրթությամբ զբաղվելու ժամանակ չուներ: Կարդացել էր ՀյուգոԷժեն Սյու, Վալտեր Սկոտ, բայց չգիտեր, թե ով է Բալզակը, Ֆլոբերը, Գոնկուրները, որոնցով հետաքրքրվում էին նոր շկոլայի մարդիկ: Թատրոն չէր այցելում, Ադամյանին չէր հավանում, օպերա չէր տեսել: Նա խույս էր տալիս նույնիսկ հասարակական կյանքից, ոչ մի հանդես, ոչ մի ընկերության չէր այցելում: Օրվա ընթացքում աշխատում էր առնվազն տասնչորս ժամ: Ըստ Շիրվանզադեի Րաֆֆու վեպերի կրկնությունները ևս պետք է վերագրել Հյուգոյից յուրացրած թերությունների թվին: Դրանք առաջանում էին նաև դեպի կեղծ էֆեկտերը ունեցած անհաղթելի սիրուց: Նա ռոմանտիզմի երկրպագու էր և չէր կարող ոգևորվել նոր գրականական ուղղությամբ: Հարգանքով չէր վերաբերվում դեպի նատուրալիզմը: Զոլային համարում էր պոռնոգրաֆ, այնինչ ինքը երբեմն հակում էր ցույց տալիս դեպի իսկական պոռնոգրաֆիա, երբ կամենում էր իրական կյանքից վերցնել իր վեպերի նյութը: Շիրվանզադեն հիշում է այն արատավոր ասիական ինտրիգը, որ նա մտցրել էր «Մինը այսպես, մյուսը այնպես» վեպի մեջ: Միայն բարեկամների թախանձանքը ստիպեց նրան հանել այդ ինտրիգը: Րաֆֆին ծանոթ էր ռուս հեղինակներին և նրանցից ամենաշատը համակրում էր Տուրգենևին:
Ամբոխի մակերևութական հայացքը Րաֆֆու մասին կազմել էր սխալ կարծիք: Մարդիկ նրան համարում էին և´ ինքնահավան, և´ ժլատ, և´ փողասեր, և´ մարդատյաց: Սակայն նա, ով լավ էր ճանաչում նրան, այլ կարծիք ուներ նրա մասին: Շիրվանզադեն չի տեսել մի հայ հեղինակ, որ այդչափ համեստ լիներ, որքան Րաֆֆին: Եթե նա խիստ քննադատում էր իր արհեստակիցներին, դա չի նշանակում, որ նրանց չէր հարգում: Այդ ցույց է տալիս, որ նա հայ գրականությունից ավելի էր պահանջում: Եվ միթե կարող է ժլատ և մարդատյաց լինել նա, ով չափազանց վշտակցությամբ էր վերաբերվում դեպի իսկական կարոտյալներն ու թշվառները, ինչպես վկայում են նրա կյանքի շատ դրվագներ: Րաֆֆին ուներ թերություններ, բայց ոչ այն, ինչ վերագրում էին նրան: Լեզուն երբեմն անզուսպ էր իր հակառակորդների վերաբերմամբ: Րոպեական վրդովմունքը նրան հասցնում էր ծայրահեղության: Նա քինախնդիր և ոխակալ էր: Ահա նրա հոգու տկար կողմը: Բացառիկ անհատների անձնավորությունը ենթարկված է հասարակական քննադատությանը, ուստի բնական է, որ նրանց մասնավոր թերությունների վրա ամբոխը խոշորացույցով նայի: - Արհամարհենք այդ լուրերը, որովհետև բոլորն էլ ուրիշ ոչինչ էին, եթե ոչ կրքի և ծայրահեղ ատելության ծնունդ-զրպարտություններ,-գրում է Շիրվանզադեն:


Ալեքսանդր Շիրվանզադե | Հուշեր | համառոտ Ալեքսանդր Շիրվանզադե | Հուշեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:58:00 Rating: 5
Технологии Blogger.