Շիրվանզադե | Երվանդ Օտյան | համառոտ

1919 թ. Շիրվանզադեն որոշում է մեծ ճամփորդություն կատարել՝ Պոլիս, Իզմիր, Մարմարայի ու Միջերկրականի Կիլիկիա և Սիրիայի ափերով դեպի Եգիպտոս: Այնտեղից մտադիր էր Ջիբրալտարի նեղուցով անցնել Ատլանտյան օվկիանոս: Վերջնակետը Ամերիկան էր, ստույգ՝ Կալիֆորնիան:
Հանգամանքների բերումով Թուրքիայի մայրաքաղաքում մնում է երեք ամիս: Իջևանում է Թոքաթլյանի հյուրանոցում, որն իր հարմարություններով առաջինն էր համարվում: Այստեղ հանդիպում է Երվանդ Օտյանին: Շիրվանզադեն նրան ավելի ինքնատիպ է համարում որպես երգիծաբան, քան Հակոբ Պարոնյանին, թեև ոչ սրա չափ սրամիտ և հնարագետ: Նա էլ ենթարկվել է Մոլիերի ազդեցությանը, բայց ոչ անհաշիվ ու անվերապահ: Օտյանը ունի ոճի զարմանալի պարզություն, որով տարբերվում է պոլսահայ մյուս հեղինակներից: Երբ Օտյանը մտավ սենյակ, հեղինակը նկատեց, որ նա շատ անփույթ էր հագնված և նիհար ու վատառողջ տեսք ուներ: Հեղինակը անմիջապես ճանաչեց նրան, քանի որ մինչ այդ տեսել էր լուսանկարը: Թուրքիայի մասին Օտյանը պատասխանեց Շիրվանզադեի հարցին՝ ասելով, որ այն նման է մեծահարուստ այրուհու: Ամուսնու դիակը դեռ գերեզմանում չէ, փեսացուներ են եկել, շրջապատել նրան, որ ամուսնանան: Խոսքը վերաբերում էր դաշնակից պետություններին: Թուրքը թաքնվել է, չի երևում: Սոֆիան մզկիթ է, բայց նրա տերն ու տիրակալը դե ֆակտո անգլիացին է: Օսմանացին վախենում է, որ շուտով Բյուզանդիայի գեղեցկուհին պետք է դառնա քրիստոնեական տաճար: Ինքը այժմ ամեն ինչի հավատում է, և ամեն բան հավանական է համարում: Հայերի մասին ասում է, որ առժամանակ նրանք կոտորածներից ապահովված են: Դաշնակից զորքերի վրա հուսալ չարժե, նրանք եկել են ճաշելու, երբ հագենան, կգնան, և հիմար ոչխարները նորից կմնան խելոք գայլերի մագիլների մեջ: Օտյանը հառաչեց, գլուխը թեքեց նիհար կրծքին: Չնայելով նրա կիսակատակ խոսակցությանը՝ Շիրվանզադեին նա թվաց մարմնացած վիշտ: Ապագայում նրան ավելի լավ ճանաչելով՝ հասկացավ, որ կատակը այժմ նրա համար դարձել է ավելի քան արվեստ, մի տեսակ հակաթույն իր սրտի մորմոքը մի քիչ մեղմացնելու համար: Լսելի ձայնով նրան ծիծաղելիս հեղինակը երբեք չտեսավ: Շիրվանզադեին հայտնի էր, որ Օտյանը մյուս հայ մտավորականների հետ ձերբակալվել էր և աքսորվել անապատի խորքերը: Այդ մասին նրան պատմել էլ Փանոս Թերլեմեզյանը, որ իր ժամանակ Պոլսում էր: Երբ սկսվում է հալածանքը հայերի դեմ, Օտյանը թաքնվում է մի շատ ապահով տեղ: Մնում է այնտեղ մի ամիս ու զարմանում, որ ինքը չի ձերբակալվել: «Մի՞թե ես դավաճան եմ իմ ազգի ու բարեկամների դեմ»,- մտածում է Օտյանը և մի օր դուրս է գալիս թաքստոցից, զբոսնում Բերայում և նույն օրը ձերբակալվում: Ինքը Օտյանը այս ամենի մասին չէր խոսում: Ազատման հանգամանքներին Շիրվանզադեն ապագայում տեղեկացավ մի երիտասարդից, որի անունը չի հիշում: Երիտասարդը ծառայել էր գերմանացի սպաներին վարորդի պաշտոնով: Գիտեր գերմաներեն և թուրքերից հաջողացրել էր թաքցնել իր հայ լինելը՝ խոսելով գերմաներեն: Մի օր տեռասի վրա տեսնում է իր ուսուցչին՝ Երվանդ Օտյանին՝ աղքատիկ հագնված, գրեթե ուժասպառ: Քանի որ վտանգավոր էր միանգամից դիմել նրան, երիտասարդը անցել էլ նրա կողքով և ցածր ձայնով արտասանել «Երվանդ Օտյան»: Օտյանը ցնցվել էր, վախեցել՝ բացասական շարժում անելով: Ապա երիտասարդը ասել էր իր անունը՝ ենթադրելով, որ ուսուցիչը կհիշի իրեն, քանի որ հաճախ էր բարկանում իր վրա: Եվ իսկապես Օտյանը ճանաչել էր իր աշակերտին: Տղան նրան տարել էր իրենց գարաժը, և չորս օր այնտեղ պահելուց և որոշ չափով նրան վերականգնելուց հետո, տեղափոխել ավելի ապահով տեղ, հեռու, ուր նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Շուտով վրա էր հասել ամնիստիսը: Այդ եղեռնալի օրերի անջնջելի դրոշմն էր, որ կրում էր իր վաղաթառամ դեմքի, ծռված ողնաշարի, խորն ընկած կրծքի և հոգնած ձայնի վրա
Հեղինակը նրան հանդիպում էր գրեթե ամեն օր: Միայն առաջին անգամ նրան տեսավ արթուն, մնացած ժամանակ Օտյանը «գինովցած» էր: Նա շատ էր խմում, գլխավորապես օղի, սակայն երբեք չէր հարբում այն իմաստով, որով կիրառվում է այդ վուլգար բառը: Նրա բանականությունը երբեք չէր մթագնում և երբեք չէր մեղանչում իր եվրոպական ձևերի, կիրթ շարժումների դեմ: Բացի այդ, չէ՞ որ ալքոհոլը մարդկային գեշ բնազդների արթնեցուցիչ խթան լինելուց բացի, «միևնույն ժամանակ բարի և գեղեցիկ բնազդների խթանն է»,- գրում է հեղինակը: Կրթությամբ կատարյալ եվրոպացի, Օտյանը գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգևոր հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով: Այսպես է նկարագրում Շիրվանզադեն Օտյանին: Հեղինակին հուզում է մի հարց, թե երբ է Օտյանը աշխատում, օրվա որ ժամերին է գրում: Լրագրերի համար նա  գրում է մեծ մասամբ խմբագրատների մեջ, տանը գրում է իր համար: Երբ գլուխը թարմ է քնից կամ հանգստությունից հետո: Լրագրական աշխատանքը համարում է ներկարարություն, տան աշխատանքը՝ նկարչություն: Հարկավ, նկարելն ավելի հաճելի է, քան ներկելը, բայց և բյուր անգամ դժվար: Շիրվանզադեի՝ Պոլսում եղած ժամանակ Օտյանը գրում էր երեք թե չորս օրաթերթերում, թարգմանություններ էր անում և արդեն ուներ խոշոր թարգմանություններ ֆրանսիական գրականությունից, ռուսականից, Դոստոևսկուց  և Տոլստոյից գլխավորապես: Ռուսականը նա թարգմանում էր ֆրանսերենից: Հեղինակը պատմում է նաև մի ծիծաղաշարժ դեպք, երբ Օտյանը իր հումորով հեղինակին անհարմար դրության մեջ էր գցել՝ «Իգնատ աղայի» հերթական համարում տպագրելով մի կնոջ հետ հեղինակի զրույցը, որը Շիրվանզադեն պատմել էր Օտյանին նախորդ օրը: Օտյանը ավելացրել էր մի խոսք, որը հեղինակը իրականում չէր ասել այդ կնոջը, և արդյունքում մի զավեշտալի բան էր ստացվել: Օտյանը միշտ սրամիտ էր ու հումորով: «Նրա հետ շատ հաճելի և ուսանելի էր խոսել գրականության մասին», գրում է Շիրվանզադեն Օտյանի մասին: «Նա արտիստ էր որպես գրող, որպես մտածող ու գործող, արտիստ էր ճաշակով, իր նրբազգացողությամբ, իր կրթությամբ: Բոհեմյան էր, բայց առանց վյուլգերության, բարեկամ՝ առանց ակնկալության, ընկեր՝ առանց շահախնդրության: Երվանդ Օտյանը մարդ էր»:


Շիրվանզադե | Երվանդ Օտյան | համառոտ Շիրվանզադե | Երվանդ Օտյան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:20:00 Rating: 5
Технологии Blogger.