Ալեքսանդր Շիրվանզադե | Խրիմյան Հայրիկ | համառոտ


Խրիմյան Հայրիկը իրեն ավելի շատ բանաստեղծ էր համարում, քան կաթողիկոս:
Շիրվանզադեն նրան մոտ տասն անգամ է տեսել և շատ բան չի կարող պատմել նրա մասին, սակայն կարծում է, որ իր իմացածը կարող է հետաքրքրել և մի որոշ նյութ տալ ապագա պատմաբանին: Խրիմյանը բարձրահասակ, պարթև մարդ էր, և արհամարհանքով էր նայում ցածրահասակներին: Ընդհանրապես նա շատ հումորով էր: Հիշում է, որ երբ նա առաջին անգամ էր եկել Թիֆլիս կաթողիկոս նշանակվելուց հետո, քաղաքագլուխ Պողոս Իզմայլյանին, որ մի փոքրահասակ մարդ էր, ասաց՝ մի՞թե ինքն է գրել իր ճառը, ինքն այդպես պստիկ, իսկ ճառն այդչափ աղվոր: Քաղաքագլուխը շփոթվել էր, հայերը՝ նույնպես, քանի որ օտարները պահանջել էին, որ Հայրիկի ամեն բառը թարգմանվի ռուսերեն: Էջմիածնում ևս Խրիմյանին մոտենում է նրանց բանաստեղծներից մեկը փոքրահասակ կնոջ հետ, և Խրիմյանը նայելով կնոջը, հարցնում է՝ մի՞թե այդ է նրան ոգևորում բանաստեղծություններ գրել: Ապա ավելացնում է, որ այդ բանաստեղծը չարիքներից փոքրագույնն է ընտրել: Այսպես նա կարճահասակ բոլոր մարդկանց արհամարհում էր: Թիֆլիս եկած ժամանակները Շիրվանզադեն այցելում էր նրան: Խրիմյան Հայրիկը նրան կարդում էր իր բանաստեղծությունները: Մի անգամ կարդացել էր մի երկար երկ, ուր նկարագրում էր եվրոպական պետությունների ժամանակակից քաղաքական կազմությունը: Նրա մահից հետո այն տպագրվել էր, ապա թարգմանվել ռուսերեն: Զարմանալի գուշակությամբ նա նախատեսել էր համաշխարհային պատերազմը և նրա հետևանքները: Դա մի տեսակ մարգարեություն էր, որ ապշեցրեց ռուս ընթերցողներին: Նա մոռացել էր  միայն Իտալիան, որի մասին նրան հիշեցնում է Շիրվանզադեն: Խրիմյան Հայրիկը չափազանց ազատամիտ էր: Նա թույլ տվեց հիսունյոթ ամուսնալուծություն, և դա այնքան կատաղեցրեց խավարամիտներին, որ նրանք գաղտնի բողոքեցին ռուս կառավարությանը և ամուսնալուծության իրավունքը կաթողիկոսից խլվեց և տրվեց Սինոդին: Խրիմյան Հայրիկը բացի հայերենից այլ լեզու չգիտեր, հաշվի չառնելով տաճկերենը, սակայն տեղյակ էր եվրոպական քաղաքականությանն ու արվեստներին: Ազատ ու խելացի հայեցողությամբ նա զարմացրել էր հեղինակին՝ խոսելով թատրոնի և նրա կարևոր դերի մասին՝ բարքերը կրթելու և հոգին բարձրացնելու առումով: Նա գիտեր նատուրալիզմի և ռեալիզմի մեջ եղած ահագին տարբերությունը, մի բան, որ չգիտեին նրանից ավելի շատ կարդացած մարդիկ: Մարդիկ կարծում էին, որ զուր ընտրեցին նրան կաթողիկոս: Գուցե նա կաթողիկոս չէր այն իմաստով, որ պահանջում էին ժամանակն ու հանգամանքները: Նա ներգամտության դեմ պայքարելու համար չէր: Նա արհամարհում էր այն միջավայրը, ուր ձգել էր նրան ճակատագիրը, միևնույն ժամանակ տառապում էր իր հոգու խորքում: Խրիմյանը իր ժամանակից դուրս էր, նա ուրիշ աշխարհի և ուրիշ շրջանի մարդ էր: Քրիստոսի ժամանակ նա կլիներ նրա առաքյալներից մեկը, Սոկրատի ժամանակ նա կլիներ փիլիսոփա: Նրա միակ զենքն էր իր հոգին, միտքը, հեզությունը և ներողամտությունը:
 «Խրիմյանը վախճանվեց ութսունյոթ տարեկանում: Զարհուրելի է ամբոխի հոգեբանությունը: Այդ եզական մարդու մահն այնքան վիշտ չպատճառեց, որքան նրա կաթողիկոս ընտրվելը՝ ուրախություն»:


Ալեքսանդր Շիրվանզադե | Խրիմյան Հայրիկ | համառոտ Ալեքսանդր Շիրվանզադե | Խրիմյան Հայրիկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:32:00 Rating: 5
Технологии Blogger.