Էմիլի Դիքինսոն | Բանաստեղծություններ


23
Ես ունեի մի ոսկե գինեա,
Բայց կորցրի այն
Ավազների մեջ:
Եվ թեպետ ամենուր
Ընկած են գետնին փաունդներ,
Ես դրանք գետնից չվերցրի:
Իմ տնտեսող աչքին
Դա էլ քիչ չէր երևում,
Եվ ամեն անգամ գինեա գտնելիս
Ես նստում էի ու հոգոց հանում:

Մի արտույտ ունեի,
Կարմազինե թռչուն,
Որ երգում էր ինձ լուսաբացին,
Ողջ օրը, իսկ հետո՝ գիշերով,
Բայց հենց որ անտառը կորցրեց իր սաղարթը,
Թռչունը հեռացավ:
Կգան ուրիշ թռչուններ,
Նրանց երգերը, իհարկե, նույնն են,
Բայց հեռացած ընկերոջ համար
Ես ունեմ մի թռչնաբույն:

49
Երկնքում է իմ աստղը,
Այն կոչվում է Պլեյադ,
Երբ քայլում եմ միայնակ,
Այն միշտ կողքիս է:
Թող որ երկնքում աստղաբույլեր են,
Եվ երկինքը ողջ վառվում է,
Ինձ հուզում է միայն մեկը,
Միայն մեկն է հարազատը:

Ի՞նչ կցուցանե այս երգս:
Ես ունեի երեք ընկեր,
Մեկին կոչեցի Պլեյադ,
Մեկն այն թռչունն է, որ շտապեց հարավ,
Իսկ երրորդը ավազների գինեան:
Լոկ այս երգը կհաղորդի ընկերներիս,
Որ թախծում է իմ հոգին:
Չի լինի նրանց տեղ ու դադար,
Մինչև որ չգտնեն
Իմ այս ավազի մեջ արեգակ:

49
Ամեն բան կորցրել եմ կրկնակի
Մահվան մահճի մոտ,
Եվ որպես կրկնակի չքավոր
Կանգնել եմ Աստծո դռան առաջ:

Եվ կրկնակի անկյալ հրեշտակը
Լրացնում է կորսուստներս:
Հա՛յր, բանկի՛ր, ավազա՛կ,
Ես նորից դռան առաջ եմ:

61
Վերին Հա՛յր,
Հոգ տար մկան մասին,
Որ կատվի թաթերի մեջ է:
Գտիր նրա համար ապաստան, Հայր:

Քո բուֆետում թույլ տուր
Գիշերն անցկացնել,
Մինչև որ Ոլորտները
Հեռու գլորվեն:

89
Որոշ բաներ թռչում են,
Բայց դրանք թռչուններ ու մեղուներ են,
Եվ այս էլեգիայից չեն:

Որոշ բաներ կանգնած են,  դրանք
Վիշտ, բլուրներ, կրակներ են,
Եվ նման չեն դրան:

Դա խաղաղ շարժվում է հեռվից,
Ինչպե՞ս կոչել այն՝ Ա՞մպ:
Պարզ է հանելուկը:

Թարգմանությունը՝ Ա. Վարդանյան

***
Խղճմտանքին օտար է, ինչպես բողոք,
ինչպես մեխ՝ խուլ է բառերի առաջ,
սառն է՝ ասես առևտրական եմ,
որ ոսկոր է ծախում ամենքին:

Պատմության պես օտար է ժամանակին,
մոտ է մեզ՝
ինպես ծիածանի շարֆը՝ երեխային,
ինչպես դամբանի մեջ՝ փակ աչքեր:

Դեղին խազեր մայրամուտի
Չի շարժվի պարուհին,
երբ ծաղիկների Հայտնությունը
ցնցի կրակները թիթեռի:

Թարգմանությունը՝ Ա. Հարությունյան

Տես նաև Թ. Ս. Էլիոթ Բանաստեղծություններ, Դիլան Թոմաս Բանաստեղծություններ և Պոլ Կլոդել Բանաստեղծություններ

Էմիլի Դիքինսոն | Բանաստեղծություններ Էմիլի Դիքինսոն | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 30, 2016 Rating: 5
Технологии Blogger.