Արիստակես Լաստիվերցի | Պատմություն | համառոտ



Արիստակես Լաստիվերցու  երկերի մեջ ամենաարժեքավորը նրա Պատմությունն է, որը վերնագրված է այսպես՝ «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերցւոյ վարդապետի վասն անցիցն անցելոյ ի յայլասեռն ազգաց որք շուրջ զմեւք են»:

Միջնադարի հայ պատենագիրներից Մատթեոս Ուռհայեցին, Մխիթար Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին և Առաքել Դավրիժեցին, ծանոթ լինելով Լաստիվերցու Պատմությանը, այն համարել են ճշտապատում և արժեքավոր գործ: Այստեղ ուշագրավ փաստեր կան հայ-բյուզանդական, որոշ չափով՝ հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Նա առաջին հայ մատենագիրն է, որ պատմում է թուրք-սելջուկյան ավերիչ արշավանքների մասին, կարևոր տեղեկություններ է հաղորդում Բագրատունյաց Հայաստանի ներքին կյանքի, տնտեսական կացության, այդ թվում՝ թոնդրակյան աղանդավորական-սոցիալական շարժման վերաբերյալ: 1000-1072 թթ. ընդգրկող ժամանակաշրջանից ընդամենը 5 տարվա (1000-1004) պատմական դեպքեր է շարադրել Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկը):
Լաստիվերցին իր երկը բաժանել է 25 մասերի՝ վերջից ավելացնելով յուրահատուկ մի հիշատակարան: Մանրամասն նկարագրել է Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000–22), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը (1045) ևն։ Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին, երբեմն նաև լրացնում նրանց։
Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Xդ. և XI դ. 1-ին կեսի Հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին։ Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղաքական գործունեության մասին (1022-ի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիրքորոշումը 1045-ի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին Բյուզանդիային հանձնելու գործում)։ Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Արիստակես Լաստիվերցու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Ի թիվս այլ հոգևորականների՝ նա այն կարծիքին է, որ Թոնդրակյան շարժումը կործանել է Բագրատունյաց թագավորությունը։ Թոնդրակյան առաջնորդներից Արիստակես Լաստիվերցին ներկայացրել է Հարք գավառի եպիսկոպոս Հակոբի և Մանանաղիի Կունծիկ աբեղայի գործունեությունը, Հակոբին անվանել է «հայր ամենայն չարյաց», նրա ուսմունքը՝ մծղնեություն։ Ըստ նրա՝ Հակոբ Հարքացին իր ճառերով ձգտել է «տապալել սուրբ եկեղեցին»։ Շարժման կենտրոն Հարքի Թոնդրակ գյուղը անվանել է «սատանայի բնակարան»։ Պատմությունը XI դ. կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ ողբ է, որտեղ հեղինակը նկարագրում է XI դ. աղետները։ 1000 թ. մարտի 28-ին հայ-վրացական Տայք նահանգում սպանվում է այդ ծայրամասի իշխան Դավիթ Կյուրապաղատը։ X դ. վերջին քառորդի բարդ քաղաքական պայմաններում Դավիթը հարկադրված է եղել իր բոլոր տիրույթները կտակագրել բյուզանդական կայսր Վասիլ Երկրորդին։ Ստանալով սպանության լուրը, կայսրը անմիջապես ժամանում է Տայք, ձգտելով միացնել այն Բյուզանդիային։ Բայց Տայքի վրա աչք էին դրել նաև վրաց թագավորները։ Սկսվում է արյունահեղ պատերազմ, որը տևում է 22 տարի։ Այդ դեպքերին են նվիրված Պատմության առաջին չորս գլուխները։
Տայքի գրավումը պատահական միջադեպ չէր։ Բյուզանդական կայսրությունը վաղուց ի վեր ծրագրեր էր մշակում նվաճելու Հայաստանը։ 966 թ. Բյուզանդիային կցվեց Տարոնը, Տայքից հետո կայսրության կազմի մեջ մտավ Վասպուրականը։ 1045 թ. բյուզանդացիք մտան Անի։ 1064 թ. նրանք տեր դարձան նաև Կարսի թագավորությանը։ Ձգտելով իրավական տեսք տալ իր զավթողական գործողություններին, Բյուզանդիան հարկադրում էր հայ իշխաններին և թագավորներին «կամավոր» զիջել իրենց տիրույթները և տեղափոխվել կայսրության սահմանները։ Արիստակես Լաստիվերցին մանրամասն պատմում է, թե ինչպես 1021-1122 թթ. ձմռանը Վասիլ Երկրորդի մոտ եկավ Հովհաննես-Սմբատ թագավորը և ստորագրեց մի փաստաթուղթ, որի համաձայն իր մահից հետո Անիի թագավորությունը պիտի անցներ բյուզանդական կայսրին։ Այդ փաստաթղթի գոյությունը հաստատում են նաև այլ աղբյուրներ։ 1041-ին վախճանվեցին Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Չորրորդը։ Բյուզանդասեր կուսակցության պարագլուխ Սարգիս Հայկազնը (նա կրում էր բյուզանդական վեստ տիտղոսը) փորձեց անցնել իշխանության գլուխ, սակայն հակառակ կուսակցությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ, պաշտպան կանգնեց Աշոտի որդի, երիտասարդ Գագիկի իրավունքներին։ Սարգսի և Գագիկի միջև պատերազմ սկսվեց, վերջինս դժվարությամբ կարողացավ հաստատվել քաղաքամայր Անիում։ Միաժամանակ բյուզանդացիները, որոնք գործում էին թեմի վերածված հարևան Տայքից, փորձում էին նվաճել Գագիկի թագավորությունը։ «Երբ Հոռոմոց ինքնակալը լսեց հայոց թագավորի մահվան լուրը, Հայաստանին վերաբերող նամակը գտնելով՝ ձեռնամուխ եղավ Անի քաղաքն ու երկիրն առնելուն՝ իբրև իր սեփական ժառանգությունն»։ Անեցիք արիաբար դիմադրեցին և Կոստանդին Մոնոմախ կայսրը (1042-1055), այդ դիմադրությունը թուլացնելու համար, վճռեց Գագիկ թագավորին որևէ կերպ կանչել Կոստանդնուպոլիս և այլևս բաց չթողնել։ Գագիկը գնում է և այնուհետև հայրենիք չի վերադառնում։ Հայ պատմիչները, հատկապես Մատթեոս Ուռհայեցին, նկարագրում են այն փառքը, որով շրջապատված էր Կոստանդնուպոլսում հայոց արքան։ Գագիկը մնաց աքսորում, ստացավ մագիստրոսի տիտղոս` հողեր Կապադովկիայում, Խարսիանում և Լիկանդում, իսկ բյուզանդական զորքերը մտան Անի, որն, ինչպես և Վասպուրականը, վերածվեց թեմի։ Այն պահին, երբ բյուզանդական զորքերը կանգնած էին պարիսպների մոտ, հայ նշանավոր ազնվականներից մեկը՝ Գրիգոր Պահլավունի Մագիստրոսը, նույնպես զիջեց իր հողերը և տեղափոխվեց «Միջագետք» թեմը։
Չնայած առանձին դեպքերում Արիստակեսը մերկացնում է կայսրերի նենգությունը, այնուամենայնիվ, սելջուկյան արշավանքների սարսափը ստիպում էր հեղինակին ավելի հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել Բյուզանդիայի նկատմամբ։ Այսպես կարելի է բացատրել նրա անվրդովությունը, երբ նա նկարագրում է Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու կամ Գրիգոր Մագիստրոսի գաղթը դեպի Բյուզանդիա։
Պատմության հիմնական բովանդակությունը թուրք-սելջուկների արշավանքներն են։ Առաջին անգամ թուրքական ջոկատները մուտք են գործում Հայաստան 1016 թ., բայց բուն արշավանքն սկսվում է XI դ. 40-ական թվականների վերջերին։ 1047 թ. թուրքերը Վասպուրականի վրայով մտան Կարինի շրջակայքը՝ Բասեն գավառը։ 1048 թ. թուրքերը կրկին հասան մինչև Բասեն, Կարին։ Մանանաղի գավառի Սմբատաբերդ կոչված վայրում կուտակվել էին բազմաթիվ փախստականներ։ Արիստակեսը մանրամասն նկարագրում է թշնամու կատարած ավերածություններն ու ջարդը, Արծն քաղաքի առումը, խոսում է այն պարտության մասին, որը Բասենի կողմերում 1048 թ. կրեցին բյուզանդացիք։ 1053 թ. թուրքերը պաշարեցին Կարսը, գրավեցին քաղաքը և հրկիզեցին այն, փրկվեցին միայն նրանք, որոնք թաքնվել էին միջնաբերդում։ Մանրամասն նկարագրվում է 1054 թ. արշավանքը (16-րդ գլուխ), որը անձամբ գլխավորեց սուլթան Տուղրիլ-բեկը։ Թուրքերը մոտեցան Մանազկերտին, բայց չկարողանալով գրավել, ի վերջո ստիպված եղան ետ դառնալ: Այդ արշավանքի մասին խոսելիս Արիստակես Լաստիվերցին ի միջի այլոց պատմում է մի մարտի մասին, որը տեղի ունեցավ բյուզանդական զորքի մեջ մտնող վարյագ-ռուսական ջոկատի և թուրքերի միջև։ Լաստիվերցին պատմում է դեպի Հաշտեանք, Հանձեթ, Խորձեան, Մանանաղի կատարված ասպատակությունների մասին, մանրամասն նկարագրում է Մելիտինե քաղաքի առումը։ Արիստակեսը լավ գիտե բյուզանդական կայսրության մեջ մտնող գավառների տեղագրությունը, հաղորդում է բազմաթիվ մանրամասներ, որոնք բխում են, ըստ երևույթին, բանավոր աղբյուրից։ Նա ընդհատում է իր խոսքը, որպեսզի մերկացնի «անօրեն հերետիկոս» թոնդրակեցիներին, և նորից է անցնում սելջուկներին, նկարագրելով Անիի առումը 1064 թ.։ Վերջին գլուխը նվիրված է Մանազկերտի ճակատամարտին, որում բյուզանդական կայսր Ռոմանոս Դիոդենը պարտություն կրեց և գերի ընկավ սուլթան Ալփ-Արսլանի ձեռքը (1071 թ.)։

Տես նաև Մովսես Խորենացի Հայոց պատմություն, Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն և Ագաթանգեղոս Հայոց պատմություն

Արիստակես Լաստիվերցի | Պատմություն | համառոտ Արիստակես Լաստիվերցի | Պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 17, 2017 Rating: 5
Технологии Blogger.