Հակոբ Մեղապարտ


Հակոբ Մեղապարտը հայ առաջին տպագրիչն է: 16-րդ դարում հայ մշակութային կյանքի մեջ ամենախոշոր իրադարձությունը՝ հայկական տպագրության սկզբնավորումը, կապված է նրա անվան հետ։

Հակոբ Մեղապարտի ու նրա գործի վերաբերյալ ամենահավաստի տեղեկությունները կարելի է ստանալ նրա հրատարակած գրքերի և թողած հիշատակարանի մանրակրկիտ ուսումնասիրություններից` 16-17-րդ դդ. հայկական տպագրության այլ փաստերի հաշվառմամբ։ Հայերեն հնագույն գրքերի տպագրիչը եղել է ժամանակի գրագետ ու կիրթ մարդկանցից, հին խոսքով ասած «բանի սպասավոր»։ Հիշատակարաններում հայ հին տպագրիչներն իրենց մասին գրում էին` «կազմեցալ գիրս», «գրեցաւ», «շինեցաւ», «աւարտեցաւ» և այլն «ձեռամբ» այսինչի։ Հին ձեռագիր մատյաններում գրվող հիշատակարանների սովորույթով տպագրիչները նույնպես իրենց անվան հիշատակումից առաջ դնում էին որևէ նվաստացնող մակդիր՝ տրուպ, մեղապարտ, անարժան և այլն ու ընթերցողին խնդրում աղոթել իրենց հոգու համար։ Այս տեսակետից հայ առաջին տպագրիչի հակիրճ հիշատակարանը կարելի է դասական համարել, նախ նա որոշակի նշել է, որ ինքն է տպագրիչըգրեցավ... , ձեռամբ»), ապա, ըստ ավանդույթի, իր անունից առաջ գրել է նվաստացնող մակդիրը (մեղապարտ), որը հետո դարձավ նրա մականունը, խնդրել է ընթերցողներին աղոթել իր համար և նշել է հրատարակության վայրն ու թվականը։ Հակոբի հրատարակած գրքերին դրոշմված տպարանանիշի տառերը մի քանի կերպ են վերծանվել, ամենահավանականը Կ. Բասմաջյանինն է. D.- Dei servus (Աստծո ծառա), I.- Iacobus (Հակոբ), Z.–Zanni (Ծաննի (յան) կամ Հովհաննես (յան), A.-Armenius (հայ)։ Հավանական է նաև Բասմաջյանի այն պնդումը, ըստ որի Հակոբը եղել է իտալաբնակ կաթոլիկ հայերից (հայտնի է եղել իտալաբնակ հայ գերդաստան Ծաննի (յան) ազգանունով)։
Իտալիայի բոլոր քաղաքներից կաթոլիկական գրաքննությունը ամենից ավելի մեղմ էր Վենետիկի հանրապետությունում։ Դրա ապացույցներից մեկն այն է, որ Վենետիկը 16-րդ դ. սկզբներին իր շուրջ 250 տպարաններով դարձել էր Իտալիայի, նաև ամբողջ Եվրոպայի ամենատպարանաշատ քաղաքը։ Եվ այնուամենայնիվ, Վենետիկում էլ էր գործում Վատիկանի այն օրենքը, ըստ որի Իտալիայում ոչ մի օտարերկրացի և այլադավան գրքեր տպագրելու իրավունք չուներ։ Այդպիսի իրավունք ունեին և նրանից կարող էին օգտվել Վենետիկի հայազգի հպատակները։
Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրություն կարող էր սկսել այնտեղ իջևանող հայ վաճառականների նյութական օժանդակությամբ։ Տառեր ձուլելու և տպարան հիմնելու համար բավական գումար էր պահանջվում։ Իսկ որ Հակոբը սեփական տպարանում է իր գրքերը տպագրել և ոչ թե իտալական որևէ տպարանատիրոջ, երևում է այդ գրքերի մի շարք հատկանիշներից։ Նախ ուշադրություն են գրավում Հակոբի գրքերի մամուլանիշերը՝ (մամուլների համարակալումը), որոնք հայերեն տառեր են. հայ հնատիպ գրքերի մեջ օրինաչափորեն լատինատառ մամուլանիշեր են կրում օտարազգիների տպարաններում (թեկուզ հայ վարպետի կամ սրբագրիչի օգնությամբ) տպագրված բոլոր գրքերը, իսկ հայկական տպարաններում լույս ընծայված գրքերը հայատառ մամուլանիշեր ունեն։ Հակոբի անունով վերծանվող տպարանանիշը ևս նրա սեփական տպարանի գոյությունն է վկայում։ Այդ նշանը չի գտնվել վենետիկյան տպարաններին վերաբերող տեղեկատուներում, որ նշանակում է, թե տպարանը չի հրատարակել լատինատառ կամ հունատառ գրքեր (որպիսիք հրատարակող տպարաններն են նշված տեղեկատուներում) և միայն հայերեն գրքեր է լույս ընծայել։
Հակոբի գրքերն ունեն նաև տպագրական որոշ ինքնօրինակ հատկանիշներ, նկատվում է, օրինակ, որ հայ տպագրիչը ջանքեր է թափել, որ իր հրատարակությունները նմանվեն գրչագիր մատյանների։ Հայ առաջին տպագրիչը բավական աշխատել է, որպեսզի իր հրատարակած գրքերը ձեռագրի նմանվեն։ Նախ՝ ձուլելու համար նա ընտրել է առաջին իսկ հայացքից ձեռագրի շատ նմանվող տառանմուշներ։ Ապա ձուլել է տվել ընդամենը երկու տեսակ տառեր՝ խոշոր (12 կետաչափի) բոլորգիր՝ հիմնական շարվածքի համար և գլխագրեր՝ պարբերություններ, նախադասություններ սկսելու, ինչպես և երբեմն իբրև թվանշաններ գործածելու համար։ Ավելի կարևոր է այն, որ բնագրի հիմնական շարվածքի համար նախատեսված ամեն մի փոքրատառից ոչ թե մեկ նմուշ է պատվիրել, այլ մի քանի (երբեմն 4-5 նմուշ՝ իրարից մասամբ տարբերվող, այդպես իրարից տարբերվող մի քանի ա է ձուլել տվել, մի քանի բ, գ և այլն)։ Այդպիսի տառերով կատարված տպագրությունը ավելի է նմանվել ձեռագրի, նույն տողի մեջ, նույն էջում միևնույն տառերի բացարձակ նայնաձևությունը կխախտեր ձեռագրի տպավորությունը (ամենամշակված ձեռագրում անգամ նույն տառերը բացարձակորեն նույնաձև չեն լինում)։
Հակոբ Մեղապարտը հին գրչագրերի օրինակով իր գրքերում օգտագործել է նաև ծաղկագրեր, զարդեր։ Տպագրությունը կատարել է երկգույն՝ հիմնականը սև, տեղ-տեղ՝ կարմիր։ Նա իր ունեցած չորս գեղեցիկ զարդերը (արաբեսկ ոճի) փոխեփոխ օգտագործել է գրքերի շարվածքի տարբեր մասերում՝ մերթ սև, մերթ կարմրաներկ դրոշմվածքներով։ Բացի դրանից, Հակոբի հրատարակած գրքերում կան 24 փայտափորագիր շրջանակ-զարդեր, որոնք օգտագործված են յուրաքանչքուր էջի վերևում էջախորագրերի համար (էջախորագրերը շարված են այդ զարդշրջանակների մեջ)։ 24 զարդ-շրջանակները միմյանցից տարբեր են իրենց ձևերի մանրամասներով, իսկ ընդհանուր ոճի տեսակետից երեք խմբի են բաժանվում։ Ամենից շքեղ է զարդարված «Տաղարանը», որտեղ չորս մեծ զարդերի երկգույն օգտագործումն ամենից ավելի շատ է։ Եվ առհասարակ «Տաղարանը» տպագրական արվեստի տեսակետից Հակոբ Մեղապարտի լավագույն հրատարակությունն է. դրա պատճառներից է, թերևս, այն, որ այդ գիրքր Հակոբի տպարանի վերջին արտադրանքն է. մյուսներից հետո է լույս տեսել, ամենավերջինը, երբ տպագրիչը հավանաբար ավելի շատ տպագրական փորձ է ունեցել։
Հակոբի հրատարակություններից մեզ են հասել հինգը։ Բայց կա նաև վկայություն մի վեցերորդ գրքի վերաբերյալ: Երբ արդեն հայտնի էին բոլոր 5 գրքերը, 1906 թ. Կ. Պոլսի «Բյուզանդիոն» օրաթերթում (թիվ 2963) Կ. Գաբիկյանը հայտնեց, թե ինքը Հակոբի գրքերի տառերով տպված մի «Սաղմոսարան» է տեսել Սեբաստիայում։ 16-րդ և 17-րդ դարերի բոլոր հայ տպագրիչները կաթոլիկական երկրներում իրենց տպագրական աշխատանքը սկսել են «Սաղմոսարան» լույս ընծայելով. այդ կերպ են վարվել Աբգար Դպիրն ու Տերզնցին, երեք Հովհաննեսները Քարմատանենց, Անկյուրացի, Ջուղայեցի և այլն։ Նոր Ջուղայում և Էջմիածնում էլ հայ տպագրիչները առաջինը «Սաղմոսարան» են տպագրել։ Նույնը պետք է արած լինի նաև Հակոբ Մեղապարտը, բայց հավանաբար առաջին տպագրությունը առանձնապես հաջող չի եղել, թերևս թուղթն էլ ամուր չի եղել, և նրանից մինչև մեր օրերը միայն Գաբիկյանի տեսածն էր պահպնվել, ու այն էլ առայժմ անհետացած է։
Այժմ բանասիրական մանրակրկիտ համեմատություններով ստույգ պարզված է նաև Հակոբ Մեղապարտի՝ մեզ հասած հրատարակությունների տպագրման հաջորդականությունը (1512-1513 թթ.), 1. «Ուրբաթագիրք», 2. «Պատարագատետր», 3. «Աղթարք», 4. «Պարզատումար», 5. «Տաղարան»։ «Սաղմոսարանը», ինչպես ասվեց, կարող էր միայն ամենաառաջինը տպագրված լինել։ Արդյոք որևէ այլ գիրք կամ գրքեր էլ տպագրե՞լ է Հակոբը, որ մեզ չեն հասել: Այս հարցին ստույգ պատասխանել հնարավոր չէ։
Առաջին հրատարակությունների մեջ կան և՛ աշխարհիկ, և՛ եկեղեցական գրքեր, այսպես, «Պատարագատետրն» ու «Սաղմոսարանը» կրոնական-եկեղեցական գրքեր են. առաջինը պատարագի արարողության կանոնագիրք է, մյուսը՝ կրոնական գիրք լինելուց բացի ծառայել է նաև իբրև մայրենի լեզվի դասագիրք, ինչպես և ընդհանրապես եղել է շատ ընթերցվող գրքերից։
«Ուրբաթագիրքը» և «Աղթարքը» հիմնականում աշխարհիկ գրքեր են։ Առաջինը բժշկական է. նրա մի զգալի մասը, որ կոչվում է «Կիպրիանոսի բժշկարան», իր մեջ պարունակում է միջնադարյան հեքիմության և բժշկության մի շարք հանձնարարականներ, «Աղթարքի» մեջ նույնպես կան բժշկական խորհուրդներ, ինչպես և միջնադարում շատ տարածված աստղագուշակություն։ Հակոբ Մեղապարտի հրատարակած այս գրքերի հիշյալ հատվածներն այսօր ունեն ազգագրական-բանահյուսական արժեք, գուշակությունների ու կախարդանքների զգալի մասը ժողովրդական ծագում ունի, և այսօր ուշագրավ է հայ ժողովրդի կամ նրա որոշ մասի միջնադարյան սովորությունները, կենցաղը պարզելու տեսանկյունից։ «Պարզատումարն», ինչպես ասվեց, զգալի մասով մի շարք տարիների օրացույց է՝ եկեղեցական տոների նշումով, այսինքն կես աշխարհիկ է, կես եկեղեցական։ Այս երեք գրքերը առօրյա օգտագործման համար ե, դրանք միջնադարում գործածվել են թե՛ աշխարհականների և թե' հոգևորականների կողմից։ «Տաղարանը» զուտ գեղարվեստական գիրք է, այն աշխարհիկ և հոգևոր երգերի մի ժողովածու է, որ ամփոփում է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի և այլոց չափածո երկերը։ Տաղարանում տպագրված Ներսես Շնորհալու հանելուկները, Ֆրիկի, Թլկուրանցու և Նաղաշի բանաստեղծությունները գրված են միջին հայերենով, այն ժամանակ ժողովրդին հասկանալի լեզվով։ Մեսրոպատառ աոաջին գրքերը հրատարակած տպարանը կարճ կյանք է ունեցել, և անհայտ է, թե ինչու է Հակոբ Մեղապարտը դադարեցրել իր տպագրական աշխատանքը։
Ռուս ականավոր գրքագետ-պատմաբան Ալեքսեյ Սիդորովի տեսակետի համաձայն, Հակոբ Մեղապարտի գրքերը հասել են Մոսկվա, և ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը իր տպագրական աշխատանքի ժամանակ ծանոթ է եղել այդ գրքերին (կամ նրանցից որևէ մեկին), հատկապես օգտվել է նրանցում եղած զարդերից։ Առհասարակ ռուսական վաղ շրջանի գրքերի մեջ արաբեսկ ոճի զարդերի օգտագործումը գիտնականը կապում է Հակոբ Մեղապարտի տպագրության հետ։
Հակոբ Մեղապարտի հիմնադրած հայկական տպագրությունը երկուսուկես դար օտար երկրներում զարգանալուց հետո՝ 1771 թ. Սիմեոն Երևանցու ջանքերով ոտք դրեց հայրենի հողի վրա, երբ էջմիածնում սկսեց աշխատել Հայաստանի առաջին տպագրական հաստոցը։

Հակոբ Մեղապարտ Հակոբ Մեղապարտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:35:00 Rating: 5
Технологии Blogger.