Հովհան Մամիկոնյան | Տարոնի պատմություն | համառոտ



Վաղ միջնադարից մեզ է հասել ուշագրավ մի «Պատմություն». Դա Զենոբ Գլակ Ասորու և Հովհան Մամիկոնյանի անուններով հայտնի «Տարոնի պատմությունն է»: Այն համարվում է 7-9-րդ դարերի սահմաններում գրված կամ հավաքված մի ժողովածու:

Երկի առաջ մասի ստեղծման շարժառիթ են հանդիսացել Հայաստանում նորածագ քրիստոնեական կրոնի տարածման, նրա հաստատման հանգամանքների հետ կապված պատմությունները: Այն վերագրվում  է Զենոբ Ասորուն և պարունակում է Գրիգոր Լուսավորչի կողմից հույն և ասորի քարոզիչների ուղարկած կամ նրանցից ստացված պատասխան թղթերի պատճեները: «Տարոնի պատմության» երկրորդ՝ Հովհան Մամիկոնյանին վերագրված մասի բովանդակությունը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեության հաստատումից շատ հետո՝ շուրջ 400-500 տարիներ, գլխավորապես Տարոնում՝ Մամիկոնյանների իշխանությանը ենթակա և հարևան գավառներում, դարեր շարունակ տեղի ունեցած դեպքերի ու իրադարձությունների մասին գոյացած ավանդապատում զրույցների մի շարան: «Տարոնի պատմությունը» արժանացել է ուսումնասիրողների ուշադրությանը առաջին հերթին հեղինակային պատկանելության առնչակցությամբ։ Իբրև այդպիսին հանդես են գալիս երկու անձնավորաթյուններ՝ Հովհան Մամիկոնյանը և նրա վկայակոչած Զենոբ Գլակը։ Սակայն աշխատությունը կազմող հատվածները կամ պատճեններն ավելի շուտ միևնույն գրչի տակից դուրս եկած կամ միևնույն անձնավորության կողմից հավաքված-խմբագրված են երևում։ Այստեղ խոսքը բոլորովին չի վերաբերում Զենոբի անձին, նրա՝ 4-րդ դարում ապրած և Գրիգոր Լուսավորչի գործակից լինելուն, այլ՝ նրան, թե Զենոբը որևէ բան գրե՞լ է, թե՝ ոչ, կամ ի՞նչ առնչություն ունի նա այս գրվածքի հետ։ Զենոբ Գլակի անձնավորության մասին մենք առաջինը տեղեկանում ենք հենց իրենից։ «Պատմության» մեջ բազմիցս խոսում է իր մասին առաջին դեմքով, հանդես է գալիս իբրև Գրիգոր Լուսավորչի գործակից, հիշում է շատ դեպքեր, իրադարձություններ որպես իր աչքի առջև կատարված իրողություններ։ Այն հանգամանքը, թե ինքը Հայաստան (Տարոն) է եկել Գրիգոր Լուսավորչի խնդրանքով, նրա հետ մասնակցել Գիսանեի մեհյանը պաշտպանող հեթանոս քրմերի դեմ մղված պատերազմին և հետագայում այս նույն մեհյանի տեղում կառուցված սբ. Կարապետի վանքի վանահայր նշանակվել Գրիգոր Լուսավորչի կողմից, դարձյալ իրենից ենք իմանում։ Նա վկայում է նաև, թե այդ և մյուս իրադարձությունների պատմություններն ինքն է գրել՝ սբ. Գրիգորի պատվերով։ Զենոբի մասին մյուս տեղեկություն տվողը, որ ժամանակով ամենամերձավորն է նրան, սույն «Պատմության» հեղինակ հանդես եկող Հովհան Մամիկոնյանն է։ Գրվածքի վերջում զետեղված իր հայտնի «Հիշատակարանում» նա ներկայացնում է իրեն որպես սբ. Կարապետի վանքի վանահայր-եպիսկոպոս և ավելացնում — «...երեսներորդ հինգերորդը ի Զենոբայ առաջին եպիսկոպոսէն Մամիկոնեից»: Իսկ Հովհանից հետո Զենոբի մասին տեղեկություն հայտնողները նրան ճանաչում են Հովհանի այս «Հիշատակարանից», որի հեղինակի հարազատության խնդիրը ևս դեռ, պարզված չէ։ Այս հանգամանքը տարակուսանքի առջև է կանգնեցրել պատմագիտությանն ու բանասիրությանը նաև հենց իր՝ Հովհանի անձի և «Պատմության» հետ առնչվող հարցերի վերաբերմամբ։ Պատմության մեջ և «Հիշատակարանում» Հովհանը բազմաթիվ փաստական անճշտություններ է թույլ տալիս և անտեղյակություն ցուցաբերում «իրեն ժամանակակից» դեպքերի և անձանց նկատմամբ։ Զենոբի ու Հովհանի անձնավորությունների տակ հավանաբար թաքնված է նույն անձը, որ իր գրած «Պատմության» հին մասը վերագրել է Զենոբ Գլակ անունով մեկին, իսկ վերջին մասը՝ մի Հովհան Մամիկոնյանի, որ ապրել է 8-րդ դարից ոչ վաղ և վկայակոչել է Զենոբին, որպեսզի իր հաղորդածի նկատմամբ հավատ ներշնչի։ Հեղինակն ասում է, թե իր գիրքը գրել է «ի ժամանակս թագաւորաթեանն Հերակլեայ (610—641 թթ.) և ի մահուն Խոսրովու (590—628 թթ.), հրամանաւ Ներսիսի Հայոց կաթողիկոսի (կաթողիկոսացած ոչ վաղ քան 641 թ., վախճանված 662թ.) և յիշխանաթեան Մամիկոնեան Վահանայ, զոր մայրենօք Կամսարական կոչեն»։ Սակայն հետագայում պարզվում է, որ Վահանն արդեն մեռած է և նրա որդի Տիրանն է իշխում, «յառաջ քան զգալն Հերակլի ի պարսիկ» և երբ «ելանէ Հերակլ և սպանանէ զԽոսրով» (590 — 628 թթ): Ութ տարի հետո, ուրեմն 636 թվին սպասվում է նույնիսկ Վահանի որդի Տիրանը... Մի ուրիշ տեղ, սակայն. «Ի թուականութեանն հայոց հարիւր երեսուն» (130 + 551 = 681 թվին) դեռ իշխում է նույն Վահան Կամսարականը՝ Ներսես կաթողիկոսի հետ, որն այդ ժամանակ մեռած էր» և այլն։ Ինչպես երևում է, Հովհանը 7-րդ դարի դեպքերի մասին խիստ շփոթ ու հակասական իմացություն ունի։ Կարծիք կա, որ «Հիշատակարանը» ուրիշ ձեռքով ավելացված է, իսկ բուն պատմությունը՝ Է դարի մի կարկատանք է, որ կատարված է Ագաթանգեղոսի, Խորենացու, Սեբեոսի և այլոց երկերից՝ քաղվածաբար: Մեկ այլ հարց է նաև այն, որ Ագաթանգեղոսն ու Փավստոս Բուգանդը Տարոնի թեմի առաջին վանահայր են ճանաչում Աղբիանոսին և ոչ թե Զենոբին։ Ագաթանգեղոսը կուռքերի կործանումը դնում է Տարոնի Վահեվահյան մեհյանում, որը տարբեր է սբ. Կարապետից և բավականին էլ հեռու նրանից։ «Որ յաստիճան եպիսկոպոսութեան լինէին արժանի կալոյ,— ասում է Ագաթանգեղոսը,— առեալ ձեռնադրութիւն ի նմանէ (այսինքն սբ. Գրիգորից), որոց առաջնոյն՝ Աղբիանոս անուն, «որ ապա կողմանցն Եփրատական գետոյն լիներ վերակացու...»։ Անմիջապես հետո էլ ավելացնում է. «Եւ զԱղբիանոս զայր ճշմարիտ և աստուածասեր՝ վերակացու թողոյր արքունական դրան բանակին»։ «Եվ թագավորը (Խոսրով Կոդակը),— գրում է Փավստոսը,— Աղբիանոս եպիսկոպոսին տվեց հօգուտ եկեղեցու Մանավազյանննրի ավանն ու նրանց նահապետի բուն աթոռանիստ գյուղը... յուր բոլոր սահմաններով և նրա շուրջը եղած գավառակով՝ Եփրատ գետի կողմերում»: Ինչպես տեսնում ենք «Իննակնյան տեղյաց» մասին երկուսն էլ ոչ մի ակնարկություն չեն անում։ Կարծիք կա, որ ժողովածուի պարունակած ամենահին նյութերը Գրիգոր Լասավորչի, Տրդատի, Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետի և ասորի, չորս եպիսկոպոսների (Բեկտորի, Անաստասի, Աքյուղասի և Մարկեղիոսի) ապոկրիֆ նամակներն են, ինչպես նաև Զենոբի՝ «Պատասխանի թղթոյն ասորւոց եւ պատմաթիւն վասն Իննակնեան տեղեացն...», և «Վասն պատերազմիս որ յԱրձանն եղև» գլուխները։ Կարելի է ենթադրել նաև, թե Զենոբը ոչ մի պատճեն էլ գրած չլինի, այլ Գրիգոր Լուսավորչի հրամանով ասորերեն թարգմանած լինի վերը հիշատակված երկու պատճենները՝ ասորի քարոզիչներին ուղարկելու համար։ Գր. Լուսավորիչը ոչ ասորական կրթություն ուներ և ըստ ավանդությունների՝ ոչ էլ այդպիսի ծագում։ Նա կամ իրո՛ք պարթևներից էր, կամ բուզանդական կողմից (կապադովկացի) եկած հայ։ Եվ Գրիգորը, և Զենոբը այն օրերին, այսինքն 3-րդ դարի վերջերին կամ 4-րդի սկզբներին, հայկական կրթություն ունենալ չէին էլ կարող։
Ուշադրության արժանի հանգամանք է, օրինակ՝ Զենոբի գրած մասում այն պահը, երբ Գրիգորը ստիպում է բոլոր քրմերին ընդունել քրիստոնեությունը և նրանց էլ հենց նույն տեղում հիմնադրված վանքի պաշտոնյաներ է հաստատում, սրանք միաբերան Գրիգորից խնդրում և պահանջում են, որպեսզի նա իրենց համար բաժին հանի վանքի ունեցվածքից) և զոհաբերություններից։ Սուրբ Սահակի Կանոնագրքում նույնպես նշված է հետևյալը. «Կուռքերի մոլոր ուսմունքից մեր ազգի դարձի ժամանակ, որ եղավ սբ. Գրիգորի ձեռքով», նրան մոտեցան քրմերը (արդեն քրիստոնյա) և իրենց բաժին էին ուզում զոհաբերումից, նույնպես և մնացած եկամուտներից։ Հատկանշական է, որ հենց ինքը՝ Գրիգորը, Տրդատի համաձայնությամբ, հատուկ կանոններ է սահմանում ժողովրդից տասանորդ հարկ վերցնել քահանաների համար, քահանաներից էլ՝ եպիսկոպոսների համար, նաև երկրի պտուղներից ու զոհաբերությունից բաժին՝ ինչպես եկեղեցու, նույնպես և նրա ամբողջ սպասավորության համար։ Կամ հետևյալ փաստը, իր առաջին իսկ գրության մեջ դիմելով Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետին, նա նշում, ցույց է տալիս և գովաբանում այն տեղանքը՝ բարեբուխ, առատաբեր և բնակության համար հարմար, որտեղ առաջինը կործանում է հեթանոս քրմերին (կռատները, մեհյանները) և հիմնում քրիստոնեական աղոթատեղին։ Դրանով ցանկանում է շահագրգռել, որպեսզի չմերժեն և գան։ «Եւ եթէ գայցեք,— ասում է,— զամենայն երկիրդ Եկեղեաց և Հարքայ ձեզ առաջի առնեմք... ձեր եղիցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք»:
Ինչ վերաբերում է Հովհանին պատկանող բաժնին, ապա այնտեղ նույնպես կան բազմաթիվ վկայություններ կալվածքների, դաստակերտների, նվիրատվությունների և այսպիսի այլևայլ հանգամանքների վերաբերյալ։ Դրանց բոլորի գլխավոր գաղափարն այն է, որ հաստատվեն ու օրինականացվեն տոհմական, դասային ավատատիրության սեփականատիրական իրավունքները։ Հովհանի մոտ առատ փաստեր կան մասնավորապես սբ. Կարապետին պատկանող կալվածքների, երդահամարների և Մամիկոնյան իշխանների կողմից՝ ամեն հաջողակ պատերազմից հետո վանքին ավարամասից բաժին և հարուստ նվերներ հատկացնելու վերաբերյալ, քանի որ իբրև թե միշտ սուրբ Կարապետի աներևույթ զորության, նրա երկնային օգնության շնորհիվ են իրենք հաղթում քանակով նույնիսկ տասնապատիկ ավելի թշնամիներին։ Հովհանը ձգտում է համոզել, թե այդ կարգը, սովորույթը վաղուց ի վեր գոյություն է ունեցել, այսինքն Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակից։ «Երբ սուրբն Գրիգորը հիմնադրեց եկեղեցին (սբ. Կարապետը),— ասում է նա,— և նշխարները ամփոփեց այնտեղ, Գիսանե կուռքի գտնված տեղն էլ տերունական խաչի նշանը կանգնեցրեց... Եպիփանին էլ իր ձեռքով բոլոր վանքերի վանահայր կարգեց, թողեց այնտեղ նաև քառասուներեք կրոնավորների, տասներկու դաստակերտ տվեց նրանց, որպեսզի տեղի բնակչությանն սպասավորեն, դրանք են Կուառսը, Մեղտին, Բրեխը, Տումբը, Խորնին, Կեղքը, Բազան և այլն, որոնք մեծամեծ և բազմամարդ ավաններ էին, ինչպես որ կա գրով հիշատակված Մամիկոնյան իշխանների մատյանում»։
Չնայած Հովհանի մոտ երդահամարները, ավաններն ու դրանցում բնակվող ծխերի թվերը բավականին ուռճացված են, սակայն կարևորն այն է, որ դրանք պատմական իրողություններ են, որոնք իրենց հերթին նպաստում են ներկա գործի պատմական արժեքի բարձրացմանը։ «Տարոնի պատմությունը» պատմական անուրանալի արժեք է ներկայացնում նաև քրիստոնեության տարածման համար՝ նրանց և հեթանոսների միջև մղված երկարատև ու համառ պայքարի փաստագրության և բազմաթիվ այլ տեսակետներից։
«Տարոնի պատմությունը» առաջին հերթին անփոխարինելի աղբյուր է ժողովրդական բանահյուսության՝ տարբեր ժամանակներում հյուսված ու պատմվող զանազան ավանդությունների, զրույցների, վիպական այլևայլ ստեղծազործությունների ուսումնասիրման և զնահատման համար։ Զրույցներն ու հերոսական պատմությունները ստեղծված-ճոխացած են հատկապես Մամիկոնյան տոհմի և սբ. Կարապետի փառքն ավելի բարձրացնելու, նրանց հայրենանվեր բազում գործերը գովերգելու և սերունդներին ավանդելու նպատակով, մանավանդ որ դրանք հավաքողն ու կազմողը նույնպես Մամիկոնյան մի անձնավորություն է։ Այդ զրույցներն ու ավանդությունները վաղուց ի վեր մեր ժողովրդի մեջ պատմվող, հավանաբար մի մասն էլ «պարսից պատերազմի վիպական ցիկլից» մնացած զրույցների պատառիկներն են, երբեմն ամբողջական, երբեմն էլ խեղաթյուրված, որ հասել են մինչև 8—9-րդ դարերը։
Մյուս կողմից դրանք պատմական իրողությունների՝ Տարոնի, նրա շրջակա գավառների, ընդհանրապես օտար զավթիչների բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական կռիվների և անօրինակ քաջագործությունների գեղարվեստական-վիպական արձագանքն են, ուստի և այս տեսակետից էլ մեծ արժեք ունեն և գեղագիտական անուրանալի հետաքրքրություն են ներկայացնում։ Պետք է նկատել նաև որ թե՛ Զենոբին և թե՛ Հովհան Մամիկոնյանին վերագրված բաժիններում պատմական դեպքերի ու երևույթների արձագանքները՝ լեգենդի վերածված, տեղ են գտել գրվածքի մեջ իբրև իրողություններ։
Այդ տեսակի ուշագրավ զրույցներ են՝ օրինակ Տրդատի և Գրիգոր Լուսավորչի առաջին անգամ Տարոն գալը, Տրդատի պատերազմը հյուսիսցիների դեմ և հաղթությունը, որի տարբերակները գտնում ենք Փավստոս Բուզանդի (այստեղ կռիվը վարողը Փոքր Խոսրովն է) և Մովսես Խորենացու մոտ։ Ապա՝ ուշադրության արժանի և բանասիրության մեջ շատ տարակարծությունների առիթ դարձած զրույցների շարքում պետք է հիշատակել Դեմետր և Գիսանե եղբայրների մասին եղածը, այստեղ նրանք ազգությամբ հնդիկներ են, ապստամբել են իրենց թագավորի դեմ և պարտվելով փախել Հայաստան (Տարոն), ուր լավ ընդունելության են արժանացել, փառք ու պատիվ վայելել, իսկ հետագայում իրենց ժառանգների կողմից աստվածների շարքում դասվել ու պաշտվել իբրև կուռքեր։ Այս զրույցի մեջ, սակայն, նրանց հայրը կամ Արձան քրմապետն է, կամ իրենք են հայր ու որդի։ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և Սեբեոսի մոտ եղբայրները, որոնցից իբր սերվեց ու առաջ եկավ Մամիկոնյան տոհմը, ծագումով չինացիներ են և ոչ հնդիկներ։
Արդյոք համանման մի զրույցի կամ միևնույն ակունքից առաջ եկած մի պատումի հեռավոր արձագանքները չե՞ն աստվածաշնչյան Ադրամելեք և Սանասար եղբայրների, կամ թե մեր մեծ վեպի՝ «Սասնա ծռերի» նախնիներ Սանասարի ու Բաղդասարի՝ Բաղդադից փախստական գալու և Սասունում հիմնավորվելու մասին գոյություն ունեցող ավանդությունները։
Զենոբին վերագրված մասում տեղ է գտել մի չափազանց հետաքրքրական պատմություն ևս՝ Արծրունյաց Վարդպատրիկ իշխանի Մարիամ տիկնոջ և սբ. Կարապետի միաբանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Հովհանին վերագրված բաժին XIV-րդ դարի ժողովրդական պարզ ու պատկերավոր զրույցների մի հոյակապ ժողովածու էլ, որ պարունակում է շատ արժեքավոր նյութեր պատմական իրականության, ժամանակաշրջանի հասարակական հարաբերությունների, կյանքի, կենցաղի, հերոսական պատերազմների, օտար ժողովուրդների հետ ունեցած հարաբերությունների և համանման այլևայլ խնդիրների մասին։ Հերոսները Մամիկոնյաններն են, որոնք սերնդից սերունդ, անձնուրաց կերպով պայքարում են Տարոնի և Հայաստանի թշնամիների դեմ։ Նրանց օգնում և օժանդակում են հայոց մյուս գավառների իշխաններն իրենց զորքերով և ոչ պակաս քաջությամբ ու համարձակությամբ, քան Մամիկոնյանները։ Դրանք նույնպես այն զրույցների կամ իրական պատմությունների ավելի ժողովրդականացած, վիպականացած տարբերակներն են, որոնք դրանից առաջ հանդիպում են Սեբեոսի «Պատմության» մեջ։ Մուշեղ Մամիկոնյանը Տարոնի և ամբողջ Սասունի իշխանն է, որին Հայաստանի մարզպան է կարգում պարսից Խոսրով արքան։ Նրան հաջորդում են Գայլ Վահանը, սրա որդի Սմբատը, սրա որդի Վահանը, որ «մայրենոք» Կամսարական է կոչվում։ Վերջում «Պատմության» մեջ տեղ են զտել նաև Ծիծառնի խաչի և Տիրանի մասին ժողովրդի մեջ պահպանված զրույցները, որոնք, սակայն, ուսումնասիրողներից ոմանց կարծիքով, հետագայում են ավելացված՝ ուրիշների կողմից։ Պարզապես էպոսին հատուկ վիպականացման է ենթարկել Հովնանն իր պատմելիքը։ Վահանի որդի Սմբատը, որը Սեբեոսի «Պատմության» մեջ ավելի է մոտենում իրական-պատմականին, նույն վիպական Սմբատ Բագրատունին է, որը այստեղ Մամիկոնյան է։ Սրա որդի Վահանը հավանաբար իր պապ Գայլ Վահանն է և այլն։

Տես նաև Արիստակես Լաստիվերցի Պատմություն, Թովմա Արծրունի Պատմություն Արծրունյաց տան և Մովսես Կաղանկատվացի Պատմություն Աղվանից աշխարհի 

Հովհան Մամիկոնյան | Տարոնի պատմություն | համառոտ Հովհան Մամիկոնյան | Տարոնի պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:29:00 Rating: 5
Технологии Blogger.