
Ստորև ներկայացնում ենք հատված Նիկոլո Մակիավելլիի «Տիրակալը»
գրքի հայերեն նոր թարգմանությունից (գրքի թարգմանությունը, ծանոթագրությունները և առաջաբանը՝ Գագիկ Բաղդասարյան, հրատարակությունը՝ Սարգիս Խաչենց.ՊՐԻՆԹԻՆՖՈ, 2016):
Սակայն, քանի որ հասարակ քաղաքացու համար կա տիրակալ դառնալու ևս երկու եղանակ, որոնք հնարավոր չէ վերագրել ո՛չ բարեբախտությանը, ո՛չ արիությանը, տեղին չեմ համարում անտեսել դրանք, անգամ, եթե դրանցից մեկը թերևս նախընտրելի է ավելի հանգամանորեն դիտարկել հանրապետությունները քննարկելիս: Այդ երկու եղանակներն ի հայտն են գալիս, երբ տիրակալ են դառնում ոճրագործությամբ կամ, օրինակ, երբ հասարակ քաղաքացին իր հայրենիքի տիրակալն է դառնում այլ քաղաքացիների օգնությամբ: Առաջին եղանակը ներկայացնելու նպատակով բերենք երկու օրինակ, մեկը՝ հին, մյուսը արդիական, առանց դրանց հետագա խոր ուսումնասիրության, քանզի կարծում եմ, որ այդքանը բավական կլինի նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:
Սակայն, քանի որ հասարակ քաղաքացու համար կա տիրակալ դառնալու ևս երկու եղանակ, որոնք հնարավոր չէ վերագրել ո՛չ բարեբախտությանը, ո՛չ արիությանը, տեղին չեմ համարում անտեսել դրանք, անգամ, եթե դրանցից մեկը թերևս նախընտրելի է ավելի հանգամանորեն դիտարկել հանրապետությունները քննարկելիս: Այդ երկու եղանակներն ի հայտն են գալիս, երբ տիրակալ են դառնում ոճրագործությամբ կամ, օրինակ, երբ հասարակ քաղաքացին իր հայրենիքի տիրակալն է դառնում այլ քաղաքացիների օգնությամբ: Առաջին եղանակը ներկայացնելու նպատակով բերենք երկու օրինակ, մեկը՝ հին, մյուսը արդիական, առանց դրանց հետագա խոր ուսումնասիրության, քանզի կարծում եմ, որ այդքանը բավական կլինի նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:
2. Սիկիլիացի Ագաթոկլեսը դարձավ Սիրակուզեի թագավոր, թեև
ոչ միայն հասարակ, այլև ամենածանր ու ողորմելի ծագումն ուներ: Նա՝ բրուտի որդին, իր
կյանքի տարբեր ժամանակահատվածներում միշտ եղել է ոճրագործ. այնուամենայնիվ, իր ոճիրները
գործում էր այնպիսի անձնական խիզախությամբ և աննկուն ոգով, որ, անցնելով զիվորության,
բարձրացավ բոլոր աստիճաններով և դարձավ Սիրակուզեի պրետորը: Հաստատվելով պրետորի պաշտոնում,
որոշեց դառնալ Սիրակուզեի տիրակալ և բռնի ուժով և առանց որևէ մեկի օգնության ձեռք բերել
իշխանությունը, որը քաղաքացիները համաձայն էին իրեն տալ: Ուստի համաձայնության գալով
կարթագենցի Համիլկար Բարկայի հետ, որն իր ջոկատներով գտնվում էր Սիկիլիայում, մի առավոտ
ժողովեց Սիրակուզեի բնակչությունն ու Սենատը՝ իբր պետական կարևորության հարցեր որոշելու
նպատակով, և նախապես պայմանավորված իր նշանով զինվորների միջոցով սպանել տվեց բոլոր
սենատորներին ու քաղաքի ամենահարուստներին: Նրանց սպանելու հետո ստանձնեց քաղաքի իշխանությունը
և պահպանեց այն առանց քաղաքացիների կողմից որևէ անհամաձայնության: Եվ չնայած կարթագենցիներից
երկու անգամ պարտություն կրեց, վերջում էլ պաշարման մեջ հայտնվեց, սակայն ոչ միայն
կարողացավ պաշտպանել քաղաքը, այլև, զորքի մի մասը թողնելով քաղաքը պաշտպանելու, մնացածով
արշավեց Աֆրիկայի վրա և կարճ ժամանակում ազատագրեց Սիրակուզեն պաշարումից ու այնքան
դժվար կացության մեջ դրեց կարթագենցիներին, որ սրանք ստիպված եղան հաշտվելու իր հետ՝
բավարարվելով Աֆրիկայի տիրապետությամբ և Ագաթոկլեսին թողնելով Սիկիլիան:
3. Արդ, ով կուսումնասիրի Ագաթոկլեսի կյանքն ու գործը, չի
գտնի,- կամ կգտնի շատ քիչ,- տարրեր, որոնք կարելի է վերագրել բարեբախտությանը: Եվ իրոք,
ինչպես ասացի, նա, առանց որևէ մեկի օգնության, բարձրանալով զինվորական աստիճաններով,
որոնց հասել էր հազար ու մի զրկանքների գնով ու վտանգներ, ձեռք բերեց իշխանություն
և այն պահպանեց բազմաթիվ համարձակ ու վտանգավոր որոշումներ ընդունելով: Չի կարելի,
սակայն, արիություն կոչել սեփական քաղաքացիներին սպանելը, բարեկամներին դավաճանելն
ու անազնվություն, անխղճություն, անամոթություն, անբարոյականություն դրսևորելը: Դրանք
եղանակներ են, որոնց միջոցով հնարավոր է հասնել իշխանության, բայց ոչ փառքի: Քանզի,
եթե Ագաթոկլեսի արժանիքներից են վտանգներին դիմակայելը, դրանք հաղթահարելու համար տեղին
որոշումներ գտնելը, ոգու աննկունությունը, դժբախտություններին դիմակայելն ու հաղթահարելը,
ինչո՞ւ նա պետք է որևէ այլ զորավարից ցածր դասվի. սակայն նրա անմարդկային դաժանությունն
ու անողոքությունը, նրա անվերջ ոճրագործությունները թույլ չեն տալիս նրան հիանալի մարդ
կոչել: Ուստի չի կարելի բարեբախտությանը կամ արիությանը վերագրել այն, ինչին նա հասավ
առանց մեկի կամ մյուսի:
4. Ալեքսանդր 6-ի պապության մեր ժամանակներում փոքր տարիքից
անհայր մնացած Օլիվերոտտո դա ֆերմոյին դաստիարակել է Ջովաննի Ֆոլյան կոչված մորեղբայրը
և դեռ շատ ջահել՝ ուղարկել է Պաոլո Վիտելլիի հրամանատարության տակ գտնվող բանակում
ծառայելու, որպեսզի զինվորական արվեստը սովորելուց հետո բարձրաստիճան հրամանատար դառնա:
Պաոլո Վիտելլիի մահից հետո անցավ իր եղբոր՝ Վիտելլոցցոյի հրամանատարության տակ և կարճ
ժամանակում, իր բանականության, ոգու և մարմնի տոկունության շնորհիվ, դարձավ բանակի
առաջին դեմքը: Սակայն ստորաքարշություն համարելով այլոց հրամանատարության ներքո մնալը,
Վիտելլոցցոյի և Ֆերմոյի մի քանի՝ հայրենիքի ստրկությունը ազատությունից գերադասող մյուս
քաղաքացիների օժանդակությամբ, որոշեց տիրանալ Ֆերմոյին. նամակ գրեց Ջովաննի Ֆոլյանիին,
հայտնելով, որ երկար տարիներ տնից հեռու գտնվելուց հետո ուզում է վերադառնալ քաղաք՝
այլցելելու մորեղբորն ու ծանոթանալու իր ժառանգության վիճակին, և, քանի որ մտադիր է
միայն փառքի հասնել, որպեսզի իր համաքաղաքացիները համոզվեն, որ ի զուր ժամանակ չի վատնել,
ցանկանում է քաղաք մտնել հարյուր հեծյալների՝ իր բարեկամների և ծառաների ուղեկցությամբ,
նաև խնդրում է այնպես անել, որ արժանանա Ֆերմոյի բնակիչների հարգալիր ընդունելությանը,
ինչը պատվաբեր կլինի ոչ միայն իր, այլև մորեղբոր համար, քանզի նրա քեռորդին է:
5. Ջովաննի Ֆոլյանին չզլացավ կատարել քեռորդու բոլոր խնդրանքները
և, ապահովելով Ֆերմոյի բնակիչների ճոխ ընդունելությունը, հյուրընկալեց նրան իր տանը:
Հաջորդ մի քանի օրը գաղտնաբար նախապատրաստելով այն ամենն, ինչ անհրաժեշտ էր ապագա ոճիրն
իրականացնելու համար, Օլիվերետտոն հնադիսավոր խնջույք տվեց, որին հրավիրեց Ջովաննի
Ֆոլյանիին և Ֆերմոյի բոլոր նշանավոր մարդկանց: Եվ հետո, երբ սպառվել էր խմիչքն ու ավարտվել
էին նման խնջույքներին սովորաբար տեղի ունեցող զվարճանքները, Օլիվերոտտոն դիտավորյալ
վտանգավոր զրույց բացեց Ալեքսանդր Պապի և նրա զավակ Չեզարե Բորջայի մեծության և նրանց
ձեռքնարկների մասին: Նրան պատասխանեցին Ջովաննի Ֆոլյանին և մյուսները: Հանկարծ նա ոտքի
ելավ, ասելով, որ նման թեմաները պետք է քննարկվեն ավելի ապահով վայրում և անցավ մեկ
այլ սենյակ, Ջովաննին և մյուս քաղաքացիներն էլ հետևեցին նրան: Եվ դեռ չէին հասցրել
նստել, երբ դուրս թռան դարանակալած զինվորներն ու սպանեցին Ջովաննիին և մնացածներին:
6. Սպանդից հետո Օլիվերետտոն հեծավ ձին, սլացավ քաղաքով և
պաշարեց գերագույն մագիստրատի պալատը, այնպես որ վախից բոլորը հարկադրված էին ենթարկվելու
նրան և կազմելու նոր կառավարություն, և նա իրեն հռչակեց տիրակալ: Սպանելով բոլոր նրանց,
ովքեր դժգոհ էին և կարող էին վնասել իրեն, ամրապնդեց իր իշխանությունը քաղաքացիական
և զինվորական նոր օրենսդրությամբ, այնպես որ մեկ տարվա ընթացքում, պահպանելով իշխանությունը,
ոչ միայն ապահով ապրեց քաղաքում, այլև սարսափ ազդեց բոլորին: Եվ դժվար կլիներ գրավել
նրա քաղաքը, եթե չենթարկվեր Չեզարե Բորջայի խաբեությանը, որը Սենիգալլիայում, ինչպես
արդեն ասել եմ, ծուղակը գցեց Օրսինիներին ու Վիտելլիներին, և եթե կատարած նենգությունից
մեկ տարի անց ինքն էլ չբռնվեր և իր արիության ու ոճրագործությունների ուսուցիչ Վիտելլոցցոյի
հետ միասին խեղդամահ չարվեր:
7. Որևէ մեկը կարող է առարկել, թե ինչո՞ւ Ագաթոկլեսը և նման
տիրակալները կարող էին, ի հեճուկս գործած բազմաթիվ դավաճանությունների և դաժանությունների,
ապրել երկար ու ապահով իրենց հայրենիքիում և պաշտպանվել արտաքին թշնամիներից, և համաքաղաքացիները
երբեք նրանց դեմ դավեր չնյութեցին, մինչդեռ այլ տիրակալներ, անգամ դաժանությունների
դիմելով, չէին պահպանել իրենց իշխանությունը ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության
ժամանակ: Կարծում եմ՝ դա հետևանք է այն բանի, թե ինչպես է գործի դրվել դաժանությունը՝
լա՞վ, թե վատ: Լավ գործի դրված կարելի է կոչել
այն դաժանությունը (եթե պատշաճ է չարությունն անվանել լավ), որն անում են մեն մի անգամ՝
անվտանգություն ապահովելու նպատակով, այլևս չեն կրկնում, այլ փոխարինում են հպատակների
շահավետ կեցությանը նպաստող արարքներով: Վատ գործի դրվածն այն է, երբ սկզբից, անգամ
հազվադեպ կատարվելու դեպքում, դաժանությունները, դադարելու փոխարեն, հետզհետե ավելի
հաճախակի են դառնում: Նրանք, ովքեր հետևում են առաջին եղանակին, ի վիճակի են կրոնական
և մարդկային հարթության մեջ որևէ միջոց գտնելու իշխանությունը պահպանելու համար: Անհնարին
է, որ մյուսներն այն պահպանեն:
8. Արդ, հարկ է նշել, որ որևէ պետության տիրանալով, նվաճողը
պետք է մտքում պորզորոշ ունենա բոլոր այն բռնի ձեռնարկները, որոնք անհրաժեշտ է նախատեսել
և իրականացնել միանգամից, որպեսզի ստիպված չլինի ամեն օր կրկնել դրանք, ուստիև չկրկնելով
կարողանա վստահություն ներշնչել ու նվաճել մարդկանց բարեհաճությունը: Ով այլ կերպ է
գործում, լինի վճռականության պակասից, թե չարակամությունից, պետք է մշտապես պատրաստ
լինի բռնության դիմելու. նա ոչ էլ կարող է երբևիցե ապավինել իր հպատակների վստահությանը,
որոնք, նորանոր ու շարունակվող բռնությունների պատճառով, չեն կարող հավատալ իրեն: Հետևաբար
բոլոր բռնությունները պետք է կատարվեն միաժամանակ, քանի որ դրանք, որքան քիչ իրագործվեն,
այնքան քիչ կվիրավորեն, իսկ բարեգործությունը շարունակաբար պետք է քիչ-քիչ ավելանա,
որպեսզի խանդավառությունն էլ գնալով աճի: Եվ հատկապես տիրակալը պետք է այնպես վերաբերվի
իր հպատակներին, որ ոչ մի պատահար, լավը լինի, թե վատը, չփոխի նրանց վերաբերմունքը,
քանզի վրա հասած դժվար պահին ժամանակ չի ունենա անհրաժեշտ ուժը կիրառելու և արված բարեգործությունն
էլ անօգուտ կլինի, որովհետև կհամարվի ստիպողաբար արված:
Տես նաև Ռոլան Բարտ Նաուտիուսը և հարբած նավը և Ումբերտո Էկո Վեց զբոսանք գրական անտառներում
Նիկկոլո Մակիավելլի | Նրանց մասին, ովքեր իշխանության են հասել ոճրագործությամբ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 11, 2017
Rating:
