Մկրտիչ Արմեն | Հեղնար աղբյուր | համառոտ


Ստեղծագործությունը ներկայացնում է աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչի պատմությունը: Նա կառուցել է քառասուն աղբյուր և իր ուխտի համաձայն այժմ մեռնում է Լենինականի հին թաղերից մեկում՝ Ձորի Բողազում՝ իր փոքրիկ տան մեջ: Ընկերները եկել են նրան տեսության: Ուստան նրանցից մեկին խնդրում է նստել իր կողքին: Բոլորը հասկանում են, որ Մկրտիչը իսկապես մահանում է, եթե ներեց այդ մարդուն, որին հրավիրեց նստել իր անկողնու վրա: Ուստա Մկրտիչը վարպետության ողջ քառասուն տարիների ընթացքում ճիշտ այդպես էլ համոզված էր, որ երբ ավարտի իր քառասուներորդ աղբյուրը, պիտի մեռնի: Առաջինը քսանվեց տարեկանում էր կառուցել: «Իսկ երբ ավարտեց վերջին աղբյուրի կառուցումը, հանկարծ զգաց, թե ինչպես պաղեց արյունն իր երակներում, և այնտեղ՝ իր ներսում, կոտրվեց մի բան՝ երևի կյանքի զսպանակը: Նա եկավ տուն, պառկեց, որպեսզի այլևս երբեք վեր չկենա»: Ընկերներին  ասում է, որ իր աղբյուրը ցամաքեց, ինչպես ցամաքեց Հեղնար աղբյուրը: Բոլորը քարանում են այդ խոսքից, քանի որ Հեղնար աղբյուրը կապված է հրաշքի հետ, որը եղավ մի օր ու անհետացավ և այդ ժամանակվանից դրա մասին ոչ ոք չի համարձակվում խոսել: Հեղնար աղբյուրի հրաշքին շատերն են ականատես եղել, և այժմ ընկերները խնդրում են ուստային բացատրել իրենց, թե այդ ինչ հրաշք էր, որ պատահեց: Մկրտիչն ասում է, որ աղբյուրը ձեռացագործ է, հրաշքը՝ անձեռացագործ: Ինքը սովորական աղբյուր է սարքել, իսկ անսովոր հրաշքն Աստված ինքն էր դրել դրա մեջ: Թե Աստված կամենա, հրաշքը կհայտնի: Ուստա Մկրտիչը ապրում է իր հարսի՝ Մանանի հետ: Որդին՝ Գալուստը, Մոսկվայում է: Նրան հեռագիր են տվել, որ գա, սակայն նա չի հասցնում տեսնել հորը: Մկրտիչը իր վերջին խոսքը փոխանցում է հարսին՝ այն է, որ ինքը այլևս վիրավորված չէ որդուց, թեև վերջինս նախընտրել էր դրսում սովորել հոր արհեստը և որ, եթե նրա մտքով անցնի, կարող է քանդել իր կառուցած աղբյուրներից որը ցանկանա՝ դրանց հնարքներին ծանոթանալու համար, բայց Հեղնար աղբյուրին թող ձեռք չտա, քանի որ դրա տակ նրա մոր գերեզմանն է, իսկ հրաշքը աղբյուրի մեջ չէ, այն կա, եթե մարդը դրան հավատում է: Այս խոսքերն ասելուց հետո ուստա Մկրտիչը մահանում է: Որդին հասնում է միայն նրա մահից հետո:
Այնուհետև հեղինակը պատմում է ավելի վաղ ժամանակների մասին, երբ ուստա Մկրտիչը դեռ երիտասարդ է: Նա ամուսնացած է մի գեղեցիկ կնոջ՝ Հեղնարի հետ և ունի զավակ: Հեղնարի հետ ամուսնության հարցում Մկրտիչը մի փոքր խարդախություն է գործել: Նրա մայրը կարգադրել էր որդուն իբրև կին ընտրել այն աղջկան, որն առաջինը կմոտենար իր կառուցած աղբյուրին և ջուր կխմեր, սակայն Հեղնարը երրորդ մոտեցողն էր եղել, իսկ Մկրտիչը, քանի որ սիրահարված էր գեղեցկուհի Հեղնարին, մորն ասել էր, թե իբր առաջինը նա էր մոտեցել աղբյուրին: Սակայն գեղեցկուհի Հեղնարի ծնողները մերժել էին նրան կնության տալ մի հասարակ վարպետի, և Մկրտիչի մայրը սուտ տեղեկություն էր տարածել աղջկա մասին, թե իբր նա հիվանդ է, ուստի ինքն այլևս չի ցանկացել Հեղնարին ամուսնացնել որդու հետ: Լուրը արագ տարածվել էր, և հարսնախոսների  հոսանքը նրանց տուն կտրուկ ընդհատվել էր: Երեք տարի անց նա դարձյալ գնացել էր հարսնախոսության, և այս անգամ Հեղնարի ծնողները անմիջապես համաձայնություն էին տվել: Հեղնարն ու Մկրտիչն ապրում են խաղաղ, քանի դեռ չի բացահայտվում կնոջ դավաճանությունը:
Գյումրիի բնակիչները եկվորներ են: Հայերը կազմում են քաղաքի մեծ մասը, իսկ հույներն ու թուրքերը՝ մեկական թաղամաս: Անցել են երկար տարիներ, մահացել են եկվորները, իսկ նրանց թոռները, որ ծնվել են այս նոր քաղաքում, չունեն նույնիսկ իրենց պապերի ծծդավայրերի տարտամ պատկերը: Նրանք արդեն իսկական գյումրեցիներ են և չգիտեն, որ քաղաքը կառուցված է երկվորների ծննդավայրերի՝ Կարինի, Իզմիրի և Պոլսի նմանությամբ: Մի լանջի վրա, որտեղ այժմ ոչինչ չկա, մի ժամանակ փռված էր քաղաքի թուրքական թաղամասը: Այն, լանջի երկարությամբ ձգվելով, բոստանների վերևում իր մի ծայրով միանում էր հունական թաղամասին և հայկական քաղաքին: Բոստանների մեջտեղով անցնող ճանապարհով դեպի թուրքական թաղամաս է գնում չադրայով փաթաթված մի թրքուհի: Նա մոտենում է մի աղբյուրի, որ ջուր խմի, բայց ջուրն այդ պահին կտրվում է: Կինը ճչում է՝ համարելով դա վատ նշան, և նույն պահին դարպասի դռնակը բացվում է, և մի հայ տղամարդ է դուրս գալիս: Դա  բոստանչի Երանոսն է: Նա թուրքերեն ասում է, որ ինքը կտրեց ջուրը, որպեսզի այգին ջրի և ներողություն է խնդրում: Կինը իր գեղեցկությամբ շլացնում է Երանոսին: Նա սիրահարվում է այդ թուրք կնոջը և հաջորդ օրը խնդրում է ուստա Մկրտիչին առանձնացնել աղբյուրի ջուրն ու իր այգու ջուրը, որպեսզի աղբյուրն երբեք չդադարի հոսել, և անցորդները հանգիստ ջուր խմեն: Թրքուհու աչքերը նրա մտքից դուրս չեն գալիս, թեև Երանոսը ամուսնացած է և ունի վեց տարեկան աղջիկ՝ Մանանը: Իր սրտի գաղտնիքը նա հայտնում է ուստա Մկրտիչին, որը նախատում է Երանոսին և հրավիրում է նրան իր տուն, որպեսզի Երանոսը տեսնի իր ընտանեկան երջանկությունը և հասկանա, որ ամուսնությունը սուրբ բան է և ընտանիքից պետք չէ հեռանալ: Երանոսը ուստա Մկրտիչի տուն գնալիս դարձյալ հանդիպում է թրքուհուն, հետապնդում է նրան, սակայն կինը հաջողացնում է անհետանալ: Ուստա Մկրտիչի տանը Երանոսը ապշում է՝ տեսնելով Հեղնարին, որը շատ նման է այն թրքուհուն: Մի պահ նա հապաղում է այդպես կարծել: Չէ՞ որ այդ դեպքում կստացվի, ու ուստա Մկրտիչի կինը թրքուհի է ձևանում և թուրքական թաղամաս է գնում անհասկանալի և անհավատալի գործերի համար: Երանոսը փորձում է իրենից վանել այդ միտքը, սակայն ի վերջո, որոշում է փորձել կնոջը և կենաց ասելիս նրան բաջի է անվանում, քույր բառի փոխարեն: Հեղնարը ուշագնաց է լինում: Մկրտիչը հասնում է կնոջը և տանում նրան: Երանոսին բացատրում է, որ կինը վախեցել է և վերջերս ժամանակ առ ժամանակ ճչում է և ուշագնաց լինում: Երանոսը հեռանում է՝ համոզված, որ թրքուհին նույն ինքը Հեղնարն է: Հաջորդ օրը նրան գտնում են մեռած իր հոլիկի դռան առջև, դանակը կրծքի մեջ: Քրեական և բժշկական քննությունն այդ դեպքը արձանագրում է իբրև անհայտ պատճառներից դրդված ինքնասպանություն: Իրականում Երանոսին սպանում է Հեղնարի սիրեկանը՝ ոսկերիչ Վաղինակի որդի Վարոսը, Հեղնարի դրդումով: Սիրեկանների գաղտնիքը երկար չի տևում: Նրանք հանդիպում են Հաբիբայի տանը: Դա մի թուրք կնոջ տուն էր, որի դուռը երկար տարիներ էր, ինչ փակ էր: Մարդիկ խուսափում էին մոտենալ այդ տանը, քանի որ նրա բնակիչը անհետ կորել էր և դրանից հետո տունը միշտ փակ էր եղել: Այժ այդ տունը վարձել է երիտասարդ մի թրքուհի, դարձյալ Հաբիբա անունով, որը նույնպես խորհրդավոր կյանք է վարում, որքան և անցյալում նրա նախորդը: Ոչ ոք չգիտի, թե երբ է նա տանը լինում, ինչ է անում, երբ է բացակայում, ուր է գնում: Սակայն մի անգամ երեխաները նկատում են, որ այդ տուն հայ երիտասարդ է մտնում: Լուրը հասնում է մոլլային: Թուրքերը մտածում են, որ պետք է  սպանել թուրք կնոջը, որը կապվել է հայի հետ և խայտառակ է անում իրենց բոլորին: Սակայն մոլլան առաջարկում է պարզապես վտարել կնոջը և ծեծել հային: Երեխաները սկսում են հետևել տան ելումուտին, որպեսզի կնոջ հայտնվելու մասին հայտնեն մեծերին: Եվ ահա հայտնվում է թրքուհին: Այս անգամ պատահական նրան տեսնում է նաև ուստա Մկրտիչը և ճանաչում է իր կնոջ քայլվածքն ու ոտնամանները: Թուրք կանայք նույնպես տեսնում են Հեղնարին: Մոլլայի մեծ կինը հասնում է Հեղնարին և կտրում նրա ճանապարհը՝ անվանելով նրան անամոթ ու անառակ: Հեղնարն ասում է, որ ինքը հայ է և ոչ թե թուրք: Թրքուհին ավելի է կատաղում: Հեղնարը փախչում և մտնում է Հաբիբայի տունը: Մկրտիչը հասնում է մոլլայի մեծ կնոջը, հարցուփորձ անուն թրքուհուց և վերջինիս հետ մտնում տուն: Հեղնարը աղոթում է: Երբ տեսնում է ամուսնուն, սիրտը ճաքում է: Թուրքերը որոշում են քանդել Հաբիբայի տունը, իսկ Մկրտիչը խնդրում է թույլ տալ կնոջն իր մեղքի վայրում թաղել: Քառասուն օր անց Հաբիբայի տունը քանդում են, բաց հրապարակում մնում է միայն մի ավազան, որի տակ թաղված է Հեղնարը: Մկրտիչը աղբյուր է սարքում, որի վրա գրում է՝ «Ամմեն մե կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ հեչ մեկմ իրավունք չունի խմելու էնոր ջրեն»: Հեղնարի սիրեկանը՝ Վարոսը, չգիտի ինչ անել: Նա սիրում էր Հեղնարին և այժմ չգիտի ում մեղադրել սիրած կնոջ մահվան մեջ, չէ՞ որ Մկրտիչը նրան չի սպանել, անգամ դամբանաքար է սարքել: Գիտակցում է, որ ինքն է մեղավոր, բայց նաև մտածում է, որ ճշմարիտ սերը պետք է իրավունք ունենա: Ինքն այլևս Գյումրիում անելիք չունի առանց Հեղնարի, բայց եթե խոստովանի, ավելի շատ կապականի նրա անունը: Այսպես գուցե կարծեն, որ նրա սիրեկանը ուստա Մկրտիչից ավելի պատվավոր ու արժանավոր մարդ է եղել: Որոշ ժամանակ անց լուր է տարածվում Հեղնար աղբյուրի հրաշքի մասին: Մարդիկ շտապում են թուրքական թաղամաս: Բայց հրաշք չկա: Մեկը մոտենում է աղբյուրին, կարդում գրությունը ու զարմանում, թե հրաշքն ինչում է, բայց հենց ուզում է ջուր խմել, այն կտրվում է: Այսպես ով մոտենում է ջուր խմելու, աղբյուրի ջուրը կտրվում է, իսկ երբ հեռանում է, այն դարձյալ հոսում է: Մարդիկ հավատում են սեփական աչքերով տեսած հրաշքին: Իսկապես ամեն կնոջ աղբյուրից միայն մեկը կարող է խմել, կնոջ ամուսինը: Հեռվից լսվում է Վարոսի խելագար ձայնը: Մատնելով իրեն՝ մոտենում է, որ խմի, բայց ջուրը դարձյալ դադարում է հոսել: Վարոսը շշմում է: Չէ՞ որ ճշմարիտ է սերը, և ոչ թե անսեր ամուսնությունը: Վարոսը զղջում է իր արարքի համար, ժողովրդի առջև խոստանում է գնալ Երուսաղեմ և աղոթել Հեղնարի համար: Գեղամը՝ Երանոսի փոքր եղբայրը, ուզում է սպանել եղբորը սպանողին, սակայն Մկրտիչը թույլ չի տալիս: Անյուհետև Մկրտիչը ինքն է մոտենում աղբյուրին, և ջուրը չի կտրվում: Նա խմում է աղբյուրից, ապա ջուրը կտրվում է հավերժ: Այպես Հեղնար աղբյուրի հրաշքն ավարտվում է: Մարդիկ հավատում են, որ Աստված իրենց խրատում է ամուր պահել իրենց ընտանիքները: Մկրտիչը իր որդուն ամուսնացնում է Երանոսի դստեր՝ Մանանի հետ:
Հեղինակը դարձյալ անդրադառնում է ներկա ժամանակին: Այժմ երբ ուստան մահացած է, որդին, հասկանալով, որ աղբյուրը ինչ-որ հնարք ունի, գնում է այն պարզելու: Աղբյուրի մոտ է արդեն քառասունհինգ տարեկան և տարիքի համեմատ բավականին ծեր Վարոսը: Նա հինգ տարի Երուսաղեմում մնալուց հետո, եկել է Գյումրի և տասնհինգ տարի ամեն օր գալիս է Հեղնարի գերեզման և աղոթում նրա համար: Պատմում է հրաշքի մասին, բայց ոչ ոք չի հավատում: Գալուստը հանում է քարեր: Սալաքարերից յուրաքանչյուրի տակ կա լծակ: Բավական է ոտք դնել դրանցից մեկի վրա, ղեկը սեղմվում է և ջրի հոսանքը փակվում է: Գալուստը հեշտությամբ պարզում է նաև այն, թե ինչպես էր կարողացել իր հայրը ջուր խմել: Հարկավոր էր երկու ոտքերը միաժամանակ դնել երկու տարբեր սալաքարերի վրա: Այդ դեպքում լծակները կսեղմվեին իրար և չէին բարձրանա՝ ջրի հոսանքը փակելու համար: Իսկ վերջնականորեն ընդհատվելն առաջացել էր այն բանից, որ ուստան ոտքով աննկատելիորեն պտտեցրել էր ջրի անկման տեղի ծակ, կլոր քարը, որի տակ գտնվող երկաթաթերթը տեղափոխվել էր և կալնել ջրի անցքը: Երբ Գալուստը քարը նորից է պտտեցում, քսան տարվա ցամաք աղբյուրից նորից հոսում է անապակ ջուրը: Հաջի Վարոսն այս ամենը տեսնելով, հասկանում է, որ հրաշքը սուտ էր:
Ախուրյանում լողանալուց հետո վերադարձող երեխաները ցավակցական դեմքերով լուռ հետևում էին ոտաբոբիկ ու գլխաբաց մի մարդու, որն օրորվելով գնում էր մի քանի քայլ, ապա կանգ էր առնում շեշտակի, զույգ ձեռքերով բռնում էր գլուխը և բացականչում.

-         Յա´… Ըպը կյանքըս ընչի՞ անցավ…

Տես նաև Թոթովենց Գավառական ողբերգություն, Մաթևոսյան Աշնան արև և Քոչար Գեներալի քույրը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մկրտիչ Արմեն | Հեղնար աղբյուր | համառոտ Մկրտիչ Արմեն | Հեղնար աղբյուր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:19:00 Rating: 5
Технологии Blogger.