
Կուզեի, որ Մուհամմեդի մասին դատեին ոչ թե ելնելով նրա ուսմունքի
մութ կողմերից, որ խորհրդավոր իմաստի տեղ են անցկացնում, այլ դրա պարզ ու հստակ դրույթներից,
դրախտից ու մնացյալ բաներից: Եվ հենց դրանք են զավեշտալի: Ահա ինչու ճիշտ չի լինի նրա
խրթնաբանությունը խորհրդավորության տեղ դնել՝ նկատի ունենալով, որ նրա հստակ խոսքն
է հեգնանքի արժանի:
Բանն այլ է Ավետարանի պարագայում: Իհարկե, այստեղ էլ կան
մութ մասեր, նույնքան տարօրինակ, որքան Մուհամմեդի դեպքում է, բայց կա և սքանչելի պարզություն,
կան ակնառու և կատարված մարգարեություններ: Ուստի իրավիճակներն այստեղ իրար համարժեք
չեն: Չպետք է շփոթել ու իրար հավասարեցնել երևույթները, որոնք միմյանց են նման լոկ
իրենց մթությամբ և ոչ պարզությամբ, ինչն ակնածալից է դարձնում նաև մութ մասերը:
Մյուս կրոնները, ինչպես հեթանոսականները, առավել ժողովրդականություն
են վայելում, քանզի արտաքին կողմն են ապահովում, բայց դրանք ճարտարամիտ մարդկանց համար
չեն: Նրանց ավելի կհամապատասխաներ զուտ մտահասու կրոնը, բայց այն չէր ծառայի ժողովրդին:
Միայն քրիստոնեական կրոնն է համապատասխանում բոլորին, քանզի միավորում է թե՛ արտաքին,
թե՛ ներքին կողմերը: Նա վեհացնում է ժողովրդին ներքուստ և խոնարհեցնում գոռոզամիտներին
մինչև իսկ արտաքուստ, առանց այս երկուսի նա կատարյալ չէ, քանզի հարկավոր է, որ ժողովուրդն
ըմբռնի տառի ոգին, իսկ ճարտարամիտները տառին ենթարկեն իրենց ոգին:
Ոչ մի ուրիշ կրոն չի առաջարկել մարդուն ատել իրեն. արդ, ոչ
մի ուրիշ կրոն չի կարող հաճո լինել նրանց, ովքեր ատում են իրենց և որոնում իսկապես
սիրարժան էակի: Եվ նրանք, որ երբևէ չէին լսել խոնարհ Աստծո կրոնի մասին, պիտի ընդունեին
այն իսկույն ևեթ:
Թշվառություններից զերծ չեն մարմնավոր հրեաներն ու հեթանոսները,
քրիստանյաները՝ նույնպես: Հեթանոսների համար փրկիչ իսպառ գոյություն չունի, քանզի վերջիններս
նույնիսկ հույս չեն տածում նրա նկատմամբ: Փրկիչ կա միայն քրիստոնյաների համար:
Թշվառությունը ներշնչում է հուսահատություն:
Հպարտությունը ներշնչում է ամբարտավանություն:
Մարմնավորումը մարդուն ցույց է տալիս իր թշվառության ահագնությունը
անհրաժեշտ սպեղանու զորության միջոցով:
Ոչ նսեմությունն է մեզ անընդունակ դարձնում բարության, ոչ
էլ սրբությունը՝ պահում չարիքից զերծ:
Չկա մարդուն առավել բնորոշ ուսմունք, քան այն, որը սովորեցնում
է նրան շնորհառության ու շնորհազրկության իր կրկնակի ունակության մասին՝ հուսալքության
կամ հպարտության կրկնակի վտանգի պատճառով, որին մշտապես ենթարկվում է նա:
Մոնտեն:
Մոնտենի թերությունները մեծ են: Անվայել խոսքեր. դրանք ոչինչ
չարժեն, չնայած օր. դը Գուռնեի թափած ջանքերին: Դյուրահավատություն. «աչք չունեցող
մարդիկ»: Տգիտություն. «շրջանի քառակուսիացում», «առավել մեծ աշխարհ»: Նրա դատողությունները
ինքնակամ սպանության, մահվան վերաբերյալ: Նա անհոգություն է ներշնչում փրկության հանդեպ,
«աներկյուղ ու անապաշավ»: Նրա գիրքը կոչված չլինելով բարեպաշտության մղելու, չի պարտավորեցնում,
սակայն շարունակ հարկադրված ես լինում դա պահել ուշադրության կենտրոնում: Կարելի է
ներել կյանքի ինչ-ինչ հանգամանքների վերաբերյալ նրա փոքր-ինչ ազատամիտ մտքերը, բայց
աններելի են նրա կատարելապես հեթանոսական մտքերը մահվան մասին: Քանզի պիտի հրաժարվես
ամենայն բարեպաշտությունից, եթե չես ուզում գեթ մեռնել քրիստոնեաբար: Սակայն նրա գրքում
իշխում է միայն երկչոտի ու թուլակամի նման մեռնելու միտքը:
Ուժ:
Ինչո՞ւ են մարդիկ հետևում մեծամասնությանը: Արդյո՞ք այն պատճառով,
որ վերջինս առավել իրավացի է: Ոչ, քանզի ավելի ուժեղ է:
Ինչո՞ւ են հետևում հին օրենքներին և համոզմունքներին: Մի՞թե
այն բանի պատճառով, որ միավորող են և արմատախիլ են անում տարաձայնությունները:
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյան
Բլեզ Պասկալ, Մտքեր, Սարգիս Խաչենց, 2003
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյան
Բլեզ Պասկալ, Մտքեր, Սարգիս Խաչենց, 2003
Բլեզ Պասկալ | Հատվածներ «Մտքերից»
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 20, 2017
Rating:
