Թամազ Ճիլաձե | Պոսեյդոնի պալատը | համառոտ



«Պոսեյդոնի պալատը» վիպակը գրված է առաջին դեմքով: Հերոսը արձակագիր է, ներկայացնում է իր կյանքը: Նա հայտնի գրող է, թեև իր ստեղծագործությունների նյութը վերցնում է 8-րդ դասարանի դասագրքից և պարզապես պատճենում է այն մաքուր թղթի վրա: Ապրում է կնոջ՝ Լիայի և 10 տարեկան որդու՝ Մամուկայի հետ: Մամուկան ասում է, որ նա արդեն ծեր է: Նախապատմական ինչ-որ հրեշի պես, անճոռնի ու լնգլնգալեն, հերոսը անցնում է դյուրաբեկ ու ողորկ կահույքի կողքով, որը այնպես է լցրել իր քարանձավը, որ երբեմն թվում է, թե ահա, ուր որ է պիտի շնչակտուր լինի: Այսպես է հերոսն իրեն զգում տանը: Նետվում է պատշգամբ, բայց այնտեղ ևս քարե պատեր են: Ինքը չափազանց զուսպ է, որի համար Լիան միշտ կշտամբում է նրան: Չի հուզվում անգամ այն ժամանակ, երբ Մամուկան հեծանիվով պտտվում է սենյակի կենտրոնում կամ ժամերով չի պոկվում հեռուստացույցից: Լիան լալիս է, ասում, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում: Սակայն հանգստությունը հերոսի դիմակն է, որը օգնում է վարագուրել նրա անզորությունը: Բնական է, Մամուկայի հետ ևս չի կարող, ոչ այն պատճառով, որ դա իր արժանապատվությունից ցած է համարում, այլ վախենում է ընդհանրապես կորցնել այդ նույն արժանապատվությունը, որին մինչև այժմ իրենց ուսերին են պահում երեք տասնյակ գրքեր: Դարակներին շարված այդ գրքերը, ինչպես կարիատիդներ, այնպես թախծագին են նայում իրեն, ասես թե զգում են, որ իրենց օրերն արդեն հաշվված են: Այդ գրքերը գրել է ինքը հերոսը: Տասը երկարուձիգ տարիների ընթացքում դրանք աճել են սունկի պես, բազմացել ոչ միայն իր բնակարանում, այլև ամենուրեք դարձել են բազմաթիվ գրապահարանների բնակիչներ: Հաճախ դրանց հանդիպում է փողոցում, տրամվայում, մետրոյում: Հեռագնաց ուղևորներն իրենց ճամպրուկից, պիժամայի հետ միասին, հանում են իր գիրքը, վառում լույս ու վագոնի հարթակին հարմարավետ տեղավորվելով, ուղղակի կլանում են այն, ինչպես թմրադեղ: Հերոսը դա բացատրում է նրանով, որ շատերն են սիրում դետեկտիվներ կամ ֆանտաստիկ գրականություն: Իր գրքերին նա հանդիպում է նաև աղբարկղներում, զբոսայգիների նստարաններին՝ անտեր-անտիրական թողած, անգամ զուգարաններում: Բայց զարմանալին այն է, որ գոյություն ունեն նաև այնպիսի ընթերցողներ, որոնք այս գրքերը պահում են ծանրակշիռ գրականության շարքերում: Ու երբ ինքը հյուր է գնում, սովորաբար մի ներքին երկյուղով է նայում գրապահարաններին՝ չլինի՞ այստեղ էլ հանդիպի նրանց: Հերոսը վախենում է այդ հանդիպումից՝ այն անհոգատար ու անշնորհք ծնողի պես, որը խուսափում է հանդիպել իր խղճուկ ու անօթևան երեխաներին, որովհետև նրանց տեսքն արդեն վկայում է իր անտարբերության մասին: Ըստ հերոսի վեպերի ու պատմվածքների նկարահանել են բազմաթիվ կինոներ, հեռուստաֆիլմեր, բեմադրել ներկայացումներ: Ինքն ունի հրաշալի բնակարան, մեքենա, ամառանոց: Գրողները նրա հետ զրուցելիս քաշվում են նայել աչքերի մեջ: Նրանց աչքին ինքն ուրիշ է, օտար: Միակ մարդը, որը հավատում է, որ ինքը մեծ գրող է, նրա կինն է՝ Լիան: Նրա հետ հերոսը երբեք չի փորձում վիճել, միևնույն է՝ չի համոզի: Եվ կամ ինչու այդ հաճույքը խլի նրանից: Դա նույնն է, ինչ այն, թե աստված ունենա ընդամենը մեկ հավատացյալ և այն էլ բերանը ծեփի: Երբեմն Մամուկան է վերցնում ու կարդում: Ինքը իհարկե, չի թողնում, բայց տղան չի լսում: Դե ինչպես թույլ տա իրեն ասել, որ նա ձեռք քաշի այդ դատարկաբանություններից: Ախր, ինչ էլ որ լինի, վերջապես ինքն է գրել, ինքն է հեղինակը: Միևնույն է, երբ մեծանա, ամեն ինչ կհասկանա: Մամուկան թբիլիսյան մանկական աշխարհի ստանդարտային ներկայացուցիչն է: Հաճախում է հանրակրթական դպրոց, երաժշտական դպրոց, օրական վեց դաս պարապում, դիտում հեռուստացույց և լավ գնահատականներ բերում տուն: Հերոսն անզոր է վերծանել այդ խորհուրդը: Նա կարող է հորինել հազար ու մի բարդ, խճճված, հետաքրքիր սյուժեներ, որ ընթերցողն ուղղակի շնչահեղձ լինի, սակայն Մամուկան իր աչքին կատարյալ սֆինքս է: Իր բազմակողմանի գործունեության հետևանքով նա Հուլիոս Կեսարի ժամանակակից տարբերակն է, որի հանդեպ հերոսը տածում է մի յուրովի ակնածանք ու խորին հարգանք, քանի որ այդպիսի առաջխաղացումները նրան արկածային են թվում: Երբեմն մտածում է, որ Մամուկան և նրա նման շատ երեխաներ  ոչ թե ծնվել են մոր փորից, այլ ինչ-որ մոլորակից թռել հասել են այստեղ: Լուռումունջ են, մրջյունի պես ժրաջան, բայց համառ: Հավանաբար այդ պատճառով հեռուստացույցից աչք չեն կտրում, որպեսզի իրենց հարազատ մոլորակից որևէ ազդանշան լսեն: Հերոսը իրականում այնքան էլ ծեր չէ, պարզապես նրա կյանքում ամեն բան բնութագրվում է Մամուկայի պատկերացմամբ: Նա ընդամենը 40 տարեկան է և քանի որ գրողների 40 տարին հանդիսավոր չեն նշում, Լիան տանը մեծ խնջույք է կազմակերպվում, որի ընթացքում հերոսը շռայլ գովասանքներ է լսում հենց նրանց կողմից, ովքեր հատկապես չեն սիրում նրան: Մինչդեռ Լիան հավատացած է, որ սեղանի շուրջ նստածները իսկապես սիրում են այդ անտաղանդ գրողին: Հերոսը զարմանում է, թե որքան թյուր տեղեկություն ունեն կանայք իրենց ամուսինների մասին: Լիան տանը այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ հերոսը իրեն զգում է իբրև տան գերի, ոտքերը տաքուկ հողաթափերի մեջ խրած, մի սենյակից մյուսն է անցնում: Հերոսը մի օր դուրս է գալիս, ու թափառում է ամբողջ օրը, այցելում իր ուսուցիչներից մեկին՝ Բատոնո Սոլոմոնին, որն արդեն ծեր մարդ է և չի կարդացել իր գրքերը: Հերոսը նրան հարցնում է՝ արդյոք ով էր ասել, որ արմատները մեռնում են մեզանից առաջ և ինչ է դա նշանակում: Ուսուցիչն ասում է, որ նա կհասկանա դա երբ ինքը արմատ դառնա: Վերադարձին մոլորվում է: Կայարանում է հայտնվում: Զանգում է Լիային: Կինը մեքենայով գալիս է նրա հետևից: Տանը՝ լոգարանում, մի պահ մտածում է ինքնասպանության մասին: Հիշում է դրվագներ իր կյանքից: Լիայի հետ նա զրուցելու նյութ չունի: Իսկ Մամուկան կարծում է, թե հայրն իր նման աշակերտ է, քանի որ դպրոցական դասագրքեր են դրված նրա սեղանին: Երեխան չգիտի, որ դրանք հոր ստեղծագործական ոգեշնչման ակնունքն են: Այնտեղից է հավաքում տեղեկություններ իր ֆանտաստիկ վեպերի համար: Ֆանտաստիկ գրականության միտքը նրա մեջ ներարել էր հանդեսներից մեկի խմբագիրը: Նրա ստեղծագործությունները չէին հավանել, և Հանիմեդ անունով խմբագիրը առաջարկել էր գրել ֆանտաստիկ գործեր, քանի որ այժմ տիեզերական դարաշրջան է: Խմբագրությունում բոլոր մյուս աշխատողները կանայք էին և այնտեղ տիրում էր կատարյալ մաքրություն, ասես խմբագրություն չլիներ: Հերոսի մասին պատրաստում են հաղորդում՝ «Գրողը ստուդիայում»: Խմբագիրը նրան այցելելու է երեկոյան: Երեկոյան գալիս է խմբագիրը՝ Սոֆիկոն, որը մի ժամանակ հերոսի սիրեցյալն էր: Լիայից թաքցնում է նրա ով լինելը: Զրուցում են առանձին: Հերոսը հիշում է նրա հետ անցկացրած ժամանակը: Խաղում էին Պոսեյդոնի խաղը 12 տարի առաջ: Այդ խաղը հորինել էին ծովափին: Մրցում էին, թե ով ավելի սրամիտ բան կասի Պոսեյդոնի մասին: Նրանց հետ կային այլ տղաներ և աղջիկներ՝ Գիվին, Մանանան, Էլիզբարը, Բադրին, Էդիշերին, Գելան: Բադրին հարցրել էր իրեն ՝ արդյոք կամուսնանա Սոֆիկոյի հետ: Հերոսը ասել էր, որ իր նման սկսնակ գրողի ամուսնանալու ժամանակը չէ, նա դրա իրավունքը չունի: Մանանան հիվանդացել էր ականջի բորբոքումով: Հիվանդանոցում Սոֆիկոն հերոսին հայտնել էր, որ եկել էր Էլիզբարը և խնդրել, որ նա ամուսնանա իր հետ: Հերոսը ոչինչ չէր առաջարկել, սակայն ավելի ուշ գնացել էր կայարան և տեսել, թե ինչպես է էլիզբարը Սոֆիկոյին հրաժեշտ տալիս: Այսպես հերոսը կորցրեց Սոֆիկոյին, քանի որ չհամարձակվեց խոստովանել իր սերը և առաջարկություն անել: Այժմ՝ տասներկու տարի անց, արդեն ուշ է: Սակայն Սոֆիկոն ասում է, որ ինքը երբեք չի սիրել այդ հիմար շտանգիստին: Լիան սկսում է կասկածել, որ խմբագիրն ու ամուսինը ծանոթներ են: Ճաշում են: Հերոսը խմում է: Անհեթեթ մտքեր են պարուրում նրան՝ բազմակնության մասին: Որոշում է ինքը ճանապարհել Սոֆիկոյին: Մեքենայով տանում է նրան վերջինիս տուն, ուզում է հասկանալ, թե ինչու էր եկել իր տուն այսքան տարիներ անց: Սոֆիկոն կարոտել էր նրան: Պարզվում է, որ տանը կա երեխա: Բայց Սոֆիկոն նրան որդեգրել է: Ինքը մենակ է, դրա համար է երեխա որդեգրել: Սոֆիկոն լաց է լինում և խոստովանում, որ ինքը մինչև հիմա խելքի չի եկել և չի գա: Հետո սկսում է ծիծաղել: Հերոսը ձգում է, որ մի պահ նրանց միջև վերականգնվեց վաղուց մոռացված անմիջականությունը: Ասում է, որ ուրախ է, որ տեսավ Սոֆիկոյին և վերադառնում է տուն:
Տունը լցված է իր սիրելի առարկաներով, որոնք հլու-հնազանդ պատրաստ են ծառայելու իրեն: Նա արդեն ծեր է: Թեև կինն ու երեխան քնած են, բայց սենյակի լույսը վառվում է և գիշերվա մեջ փարոսի պես փայլում են նրա երեք հուրհրատող պատուհանները: Տունը ողողված է իր ձայնով. իր գրամեքենայի չխկչխկոցով, շշուկներով, սիգարետի ծխով, կնոջ ու երեխայի աղմուկ-աղաղակով, հեռուստացույցի փսփսոցով և այս ձայներից հյուսված ցանցը նրան պղտոր ու սառցակալած ջրից դուրս քաշում և գայթակղում է դեպի ցամաք, որովհետև ինքը պիտի ապրի, պիտի ապրի

Տես նաև Շոթա Ռուսթավելի Ընձենավորը

Թամազ Ճիլաձե | Պոսեյդոնի պալատը | համառոտ Թամազ Ճիլաձե | Պոսեյդոնի պալատը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 24, 2017 Rating: 5
Технологии Blogger.