
Այնուամենայնիվ, եթե անգամ Սոկրատեսն ինքը ոչ մի վատ արարք
չէր արել, բայց տեսնելով ուրիշների վատ արարքները, հավանություն էր տալիս, նա հիրավի
կմեղադրվեր: Արդ, նկատելով, որ Կրիտիասը սիրում էր Եվթիդեմոսին և նրան մոլորեցնելով
փորձում էր նրանից օգտվել մարմնական հաճույքներ ստանալու համար, Սոկրատեսը փորձում
էր ետ պահել նրան, ասելով, որ անազնիվ և անվայել է գեղեցիկ ու առաքինի այրին, ով ուզում
է մեծապես արժանի երևալ իր սիրելիին, ստորանալ նրա առաջ և նրանից ողորմություն խնդրել,
այն էլ ոչ առաքինի բանի համար:
Երբ արդեն Կրիտիասը չհամակերպվեց այդ խոսքերին և չհրաժարվեց
իր մտադրությունից, Սոկրատեսը, ասում են, Եվթիդեմոսի և ուրիշ շատ մարդկանց առաջ ասել
է, թե իր կարծիքով Կրիտիասը տառապում է ինչ-որ խոզային ախտով. քանի որ նա չի կարողանում
հեռանալ Եվթիդեմոսից, ինչպես խոզերը քարերից, երբ դրանց վրա քորում են իրենց մարմինը:
Այս պատճառով էլ Կրիտիասը ատեց Սոկրատեսին, ուստի, երբ նա 30 տիրանների թվում Քարիկլեսի
հետ դարձել էր օրենսդիր, հիշեց այդ մասին և օրենքներում արձանագրեց՝ «զրուցելու արվեստը
չսովորեցնել»: Նա ուզում էր վիրավորել Սոկրատեսին, բայց չգիտեր, ի՞նչ պատրվակ գտնել.
և այն, ինչում ընդհանրապես շատերը կշտամբում էին փիլիսոփաներին, վերագրեց Սոկրատեսին
և նրան զրպարտեց շատերի առաջ, քանզի ես ինքս երբեք չեմ լսել Սոկրատեսից նման բան, ոչ
էլ որևէ մեկ ուրիշն ասել է, թե նման բան լսել է: Բայց Կրիտիասը հետագայում այդ հայտարարեց:
Երբ այդ երեսունը մահապատժի ենթարկեցին մեծ թվով քաղաքացիների, այն էլ ոչ վատագույններին,
և շատերին մղում էին անարդարության, Սոկրատեսը մի անգամ նկատել է. «Ինձ զարմանալի է
թվում, որ նախրապանն իր եզներին պակասեցնում և վատացնում է, բայց չի ընդունում, որ
ինքը վատ նախրապան է: Առավել զարմանալի է, երբ պետական գործիչը թուլացնում ու վատանցնում
է իր քաղաքացիներին, բայց ամոթ չի զգում և իրեն չի համարում վատ քաղաքական գործիչ»:
Երբ այս խոսքերը հաղորդեցին Կրիտիասին և Քարիկլեսին, վերջիններս կանչեցին Սոկրատեսին
և մատնանշեցին վերոհիշյալ օրենքը և արգելեցին նրան զրույցներ ունենալ պատանիների հետ:
Իսկ Սոկրատեսը հարցնում է նրանց. «Կարո՞ղ եմ ես հարցով դիմել
ձեզ, եթե արգելվածից ինչ-որ բան չեմ հասկանում»:
Նրանք պատասխանեցին՝ «կարելի է»:
Սոկրատեսն ասաց. «Ես պատրաստ եմ հնազանդվել օրենքներին: Բայց
որպեսզի անգիտանալու պատճառով օրենքին հակադրված չլինեմ, ուզում եմ ձեզնից ճշգրիտ իմանալ.
Դուք հրամայում եք չանդրադառնալ խոսքի վարպետությանը, նկատի ունենալով, որ այն վերաբերում
է ճշմարիտ խոսքի՞ն, թե՞ ոչ ճշմարիտ խոսքին: Եթե այն վերաբերում է ճշմարիտ խոսքին, ապա
հասկանալի է, որ ես պետք է հրաժարվեմ ճշմարիտ դատողություններից. իսկ եթե վերաբերում
է ոչ ճշմարիտին, ապա պետք է փորձեմ ճշմարիտն ասել»:
35. Եվ Քարիկլեսը զայրացավ և ասաց նրան. «Ով Սոկրատես, քանի
որ դու անիմաց ես, այդ ամենը ավելի պարզ ձևով կասենք. քեզ արգելում ենք երիտասարդների
հետ զրուցել»:
«Լավ ուրեմն,- ասաց Սոկրատեսը,- որպեսզի տարակուսանք չլինի,
թե արդյոք ես ճիշտ եմ կատարում հրամայվածը, թե ոչ ճիշտ, ապա որոշեք ինձ համար, թե մինչև
որ տարիքը մարդուն պիտի համարել երիտասարդ»:
Եվ Քարիկլեսը պատասխանեց. «Մինչև այն տարիքը, քանի դեռ մարդը
իրավունք չի ստացել նստել Խորհրդում, իբրև դեռևս խելահաս չդարձած, այսինքն՝ դու չես
կարող զրուցել 30 տարեկանից ցածրի հետ»:
36. Սոկրատեսը հարցրեց. «Ենթադրենք, թե ես ցանկանում եմ որևէ
բան գնել, իսկ այն վաճառողը 30 տարեկանից երիտասարդ է, ես չե՞մ կարող հարցնել, թե ինչքանով
է վաճառում»:
Քարիկլեսը պատասխանեց. «Անշուշտ, այդ կարող ես: Բայց դու,
ով Սոկրատես, սովոր ես հարցնել նաև այն դեպքում, եթե հարցրածդ քեզ լավ հայտնի է: Նման
դեպքերում դու մի հարցրու»:
Սոկրատեսը պատասխանեց. «Ուրեմն ես չպատասխանե՞մ, եթե որևէ
երիտասարդ ինձ հարցնի, իսկ ես այդ իմանամ, թե օրինակ որտեղ է բնակվում Քարիկլեսը, կամ
որտեղ է Կրիտիասը»:
«Ինչ խոսք,- ասաց Քարիկլեսը,- այդ կարելի է»:
37. Այստեղ Կրիտիասը բացատրեց. «Ով Սոկրատես, պիտի խուսափես
այդ կաշեգործներից, հյուսներից ու դարբիններից: Ես անգամ կարծում եմ, որ այդ խոսքերը
քո կողմից շատ օգտագործվելուց լիովին մաշվել են»:
Սոկրատեսը պատասխանեց. «Գուցե նաև այն բա՞նից, ինչ հետևում
է դրան, այսինքն՝ արդարից, սրբությունից և նման բաներից»:
«Անշուշտ, Զևսը վկա,- ասաց Քարիկլեսը,- անգամ եզնարածներից,
հակառակ դեպքում զգուշացիր, որ ինքդ քո անձով չպակասեցնես կովերի թիվը»:
Այստեղ պարզ դարձավ, որ կովերի մասին խոսք անելով նրանք զայրացել
էին Սոկրատեսի վրա:
Սոկրատյան երկեր, Սարգիս Խաչենց, 2001
Թարգմանությունը հունարենից՝ Ս. Կրկյաշարյան
Սոկրատյան երկեր, Սարգիս Խաչենց, 2001
Թարգմանությունը հունարենից՝ Ս. Կրկյաշարյան
Քսենոփոն | Հուշեր Սոկրատեսի մասին | հատված
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 14, 2017
Rating:
