
Սլավիկ Չիլոյանը (1940-1975) ապրեց իր կյանքն իբրև պոետ՝
առանց արտաքին փայլի, առանց ժեստի, առանց ինքնապաշտպանության զրահի՝ երբեմն չափից ավելի
թանկ վճարելով դրա համար: Բնավորությամբ անհանգիստ՝ նա ձգտում էր ծայրահեղությունների,
խուսափելով միջինի տրամաբանությունից, որը չի կարող ընդգրկել այն ուժգին պահերը, որոնք
էքստազի մեջ ստիպում են հաճախ մոռանալ «ապահովության օրենքները» և ձեռքերը երկարել
դեպի կրակը: Նրա կյանքը կաշկանդված չէր պայմանականությունների ցանցով, և, ըստ էության,
կրում էր իր վրա զոհաբերության կնիքը: Այդ զոհաբերությունը ուղղված էր դեպի նրա պոետական
տեսիլքները, որոնց հրապուրանքը նրանից թաքցնում էր կյանքի մակերեսը և ստիպում հետևել
իրեն: Բառերի կործանարար հմայքը նրա հոգու վրա վճռական ազդեցություն ուներ, որը հաճախ
թույլ չէր տալիս բառերի աշխարհից վերադառնալ իրերի աշխարհը: Սլավիկ Չիլոյանը իր ամբողջ
կյանքը ապրեց այդ պոետական իրականությամբ, նրան կապված լինելով ֆանատիկ նվիրվածությամբ
ու սիրով: Պոեզիան այս առումով նրա համար ոչ միայն բարձրագույն սեր էր, այլև մահ, քանի
որ այդ երկուսը մի որոշակի մակարդակի վրա հավասարվում են իրար: Ներքին ձգտումը դեպի
մահը պոեզիայի հարթության վրա նշանակում է ձգտում դեպի սերը, միայն թե այստեղ փոխվում
է սիրո օբյեկտը, որը պահանջում է ոչ թե կյանքի մի մասը, այլ կյանքն ամբողջովին: «Չենք
ասում, ինչքան գիտենք» գրքի աշխարհը բացվում է այն ժամանակ, երբ առօրեական հոգսերը
անցնում են երկրորդական պլան, իսկ առաջին պլան են բարձրանում անանձնական նկրտումներն
ու սպասումները: Սա անվերջ շփումն է ներքին աշխարհի հետ, որը մի բևեռում նշանակում
է անկում իր մետաֆորային իմաստով, մյուսում՝ հայտնագործություն կամ ներքին արթնացում:
Այս գիտակցությունն առաջացնում է հակադարձ ձգտում դեպի աշխարհի
կոնկրետ զգացողությունը: Պոեզիան այս զգացողության վերահայտնագործումն է, ուր նա հանդես
է գալիս նոր լույսի մեջ, ցույց տալով իրերի այն կողմը, որը մինչ այդ չէր երևում: Սա
երևակայության այն ձևը չէ, որը սնվում է ինքն իրենով և անհետանում, երբ անցնում է պահը:
Սա կայուն վիճակ է, Սլավիկ Չիլոյանի բանաստեղծությունների կենտրոնը, նրանց շարժող ուժը:
Վերացական գաղափարներն ու պատկերացումները պոեզիայի համար արժեք են ստանում, երբ մտնում
են անձնական փորձի մեջ: Սլավիկ Չիլոյանը չունի այնպիսի բանաստեղծություն, որը դուրս
լինի նրա անձնական փորձից: Այդ բանաստեղծությունները կարող են ունենալ որոշ հապշտապ
արված տեղեր, բայց դրանք նրա ապրված զգացմունքների արտահայտություններն են: Ընդհանուր
գաղափարներն ու վիճակները նրա մոտ միաձուլված են իրար՝ ստեղծելով լիրիկական հերոսի
բավական բարդ կերպար: Դա ոչ թե մարդու վերացական գաղափար է, այլ մարդու ռեալ գոյություն՝
տարրալուծված բառային տարբեր իրադրություններում: Նրա պոետական ընդհանուր վիճակը հեղհեղուկ
չէ, այլ կայուն, ամրապնդված մարդու և աշխարհի ներկայությամբ: Ճակատագիրը նրա պոեզիայում
ժամանակի շարժումն է և աշխարհի հետ մարդու հարաբերությունների ամբողջական գումարը,
որի տարածություններով անցնում է մարդը: Այդ «5000 տարեկան» մարդու ներկայությունը
(այստեղ պոետն ակնարկում է պատմության շրջանն անցած մարդուն) կայուն և հաստատուն ձևի
մեջ է դնում նրա տեսիլքները, որոնք հիմնականում պտտվում են այդ մարդու շուրջը («Պատմության
դաս»): Պատահական չէ, որ նրա բանաստեղծություններում չափազանց շատ է հանդիպում «երկրագունդը»,
որը դառնում է մարդու հիմնական զուգորդումը, նրա կեցության խորհրդանիշը: Իր լիրիկական
հերոսի նկատմամբ Սլավիկ Չիլոյանն ունի ընդգծված էմոցիոնալ, երբեմն հեգնական վերաբերմունք,
ձգտելով ճանաչել նրան, բացել նրա գաղտնիքը և հասկանալ նրա վիճակը:
Մարդու ճանաչման լավագույն ձևը սերն է, որով ստեղծագործողը
մոտենում է նրան: Դա ճշմարիտ է հատկապես արվեստի և պոեզիայի համար, որոնք առանց այդ
սիրո ձեռք կբերեն հակառակ ֆունկցիա: Սերն ապրում է այնտեղ, ուր բացակայում է կեղծիքը,
որի առկայությամբ սերը փոխարինվում է «ստանդարտ հումանիզմով»: Այս առումով Սլավիկ Չիլոյանի
պոեզիայում անկարելի է գտնել որևէ կեղծ նոտա, հնարովի սիրո խոստովանություններ, գրքերից
թռցրած գաղափարներ: Այն, ինչ տրված չէ նրա փորձի մեջ, պարզապես գոյություն չունի նրա
համար, իսկ ճշմարիտ է այն ամենը, ինչը ապրված է անձնավորության կողմից: «Պոեզիան սկսվում
է ոչ թե զգացմունքից, այլ փորձից»,- գրել է Ռիլկեն: Սլավիկ Չիլոյանի պոեզիայի հիմքը
այդ փորձն էր, որը ներքին ուժ և շոշափելիության աստիճանի առարկայական ամրություն էր
հաղորդում նրա բանաստեղծություններին:
… Ես, որպես մի տերև,
որ կանաչ էի,
այժմ դեղնել եմ
ու գիտեմ, կըկնեմ,
բայց հողի մեջ էլ
կամ ինչ-որ անցորդի
անտարբեր ու կոշտ ներբանների տակ
ես կճրթճրթամ:
Ես, որ մանուկ էի,
քանց մի ծերունի,
սիրում եմ մարդուն,
ու փեշից կախված
մատս բերանիս
ես կհեկեկամ,
թե մեկը մի օր
նրան անարգի
կամ աչքերից նրա
արտասուք քամի:
Անգիտակցական ճակատագրի ենթագիտակցական զգացումը («ու գիտեմ,
կընկնեմ») ստվեր չի նետում նրա մարդկային աշխարհի վրա, այլ հակառակը, ավելի է խորացնում
այն՝ նրան տալով ողբերգական հիմքեր: Ինչո՞ւ ենք մենք հավատում դրան. որովհետև դրան
նախապես հավատում է ինքը՝ այդ տողերի հեղինակը: Սլավիկ Չիլոյանի խիղճը մաքուր է իր
տողերի նկատմամբ, քանի որ այդ խիղճը մաքուր է ներքուստ, խղճից խիղճ կծնվի, կեղծիքից՝
կեղծիք:
Ինչի մասին էլ գրի Սլավիկ Չիլոյանը՝ նա գրում է իր մասին
և, հակառակը, ինչ էլ գրի իր մասին՝ նա գրում է իր «ոչ-եսի» մասին: Այս տեսանկյունից
դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պոեզիա է, որը, պետք է ասել, ժամանակակից պոեզիայի
հիմնական հատկանիշներից է: Նա առաջիններից մեկն էր, որը մեր պոեզիայում ընտրեց այդ
ուղին՝ ելնելով իր սեփական կյանքի տվյալներից: Նրա պոեզիայի վրա անհնար է գտնել որևէ
ազդեցություն, այն, ինչ գրված է նրա կողմից, միայն իրենն է: Դա երևում է նույնիսկ ֆրանսերենից
կատարած նրա թարգմանություններում (Ռասին, Հյուգո, Բրել, Վիան, Լամարտին, Մյուսսե,
Ազնավուր, ինչպես նաև «Ռոլանդի երգը»), որոնց վրա շատ ուժեղ է նրա անհատականության
կնիքը: Նա գտնում էր, որ պոեզիան պետք է թափանցի իրերի միջուկի մեջ՝ բացահայտելով ոչ
թե արտաքին, այլև՝ ներքին ձևը.
… կամ թե պոետը
մի քիչ աթսոսա՝
իզուր է գրել,
երբ չի լսել
կռինչն ագռավի
սպիտակ հոգուց,
այլ սև թևերից…
«Սպիտակ հոգու» և «սև թևերի» անտինոմիան այստեղ արտահայտում
է հատուկ կոնցեպցիա: Ագռավի «սպիտակ հոգու» կռինչը տարբերվում է նրա «սև թևերից», քանի
որ ագռավը, ըստ էության, որ թե իր «սև թևերի», այլ «սպիտակ հոգու» մեջ է, որտեղից կարելի
է եզրակացնել, որ կյանքի միջուկը «սպիտակ» է (սրբագործված սիմվոլ, որ նշանակում է աստվածային
նշան) և ոչ թե «սև», որը միֆական ամենակայուն սիմվոլներից է բացասական նշանակությամբ:
Այդ «սպիտակ միջուկին» պետք է հասնել ինքնազոհաբերությունների միջոցով:
Սլավիկ Չիլոյանը տառապանքների երգիչ չէ, քանի որ տառապանքը
նրա պոեզիայում ոչ թե թեմա է, այլ՝ կեցություն և գոյության ձև: «Տառապանքամոլությունը»,
որը կեղծ խորությունների պատրանք է թողնում, ըստ էության, կապ չունի զոհաբերության
հետ (քանի որ այդ դեպքում սերն ուղղված է ինքն իրեն՝ վերածվելով ինքնասքանչացման): Այն պոեզիայի
կեղծիքն է, քանի որ կարող է հաճախ վարպետորեն ընդօրինակումներ անել: Պոեզիան արտահայտում
է այն օբյեկտը, որին ձգտում է, և ոչ թե նրա ցանկությունը, որի անբավարարությունը ոչնչացնում
է ձգտման օբյեկտը, ստեղծելով «կեղծ-ռոմանտիկ» հեղեղ՝ առանց առարկայի: Սլավիկ Չիլոյանի
կյանքը, իրոք, կարելի էր կոչել տառապանքների զուգորդում, բայց, նրա պոեզիան ավելին
եղավ, քան նրա անձնական կյանքը:
35 տարի ապրեց այդ բանաստեղծը, հախուռն, բոհեմիկ և զգայուն
մարդը, որի նկատմամբ ճակատագիրը եղավ խիստ, անխնա, բայց նաև ճշմարիտ: Ճշմարիտ այն առումով,
որ այլ կերպ ապրելը նրա ուժերից վեր էր և պետք է նրան ընդունենք այնպիսին, ինչպիսին
ինքն էր, և ոչ թե ինչպիսին ցանկանում էինք: Կարելի է առարկել նման կյանքի ընթացքի դեմ,
բայց առարկությունները վերաբերում են ապրողին: Իհարկե, որոշ տեսանկյունից նա սխալ էր,
քանի որ շատ ավելին կարող էր անել: Այժմ նրանից մնացել են մի շարք բանաստեղծություններ,
թարգմանություններ և, այսպես ասած, «արտիստիկ հիշողություններ», ուր ստեղծվում է բնականից
հետզհետե տարբերվող մի մարդկային կերպար, որն արդեն պատկանում է ստեղծագործությանը:
Բայց հիշողությունների հարստացման փոխարեն կարող էր ավելի հարստանալ մեր պոետական խոսքը,
որի նկատմամբ նա անփույթ եղավ:
Տես նաև Հենրիկ Էդոյան Զանգը հնչում է Ջոն Դոն և Ես հարցնում եմ, նա պատասխանում
Հենրիկ Էդոյան | Վերջաբան | Սլավիկ Չիլոյանի «Մենք մարդ ենք եղել» գրքից
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 21, 2017
Rating:
