Ուիլյամ Բլեյք | Բանաստեղծություններ


Թույնի ծառը

Իմ ընկերն ինձ զայրացրեց,
Զսպեցի. ցասումն ինձ լքեց:
Իմ թշնամին ինձ զայրացրեց,
Լռեցի. ցասումս աճեց:

Ու ջրեցի այն վախերով,
Օր ու գիշեր արցունքներով,
Տաքացրի այն իմ ջերմությամբ,
Մեղմ խորամանկ խաբեությամբ:

Ու այն աճեց առանց դադար,
Մինչ չծնվեց խնձոր մի վառ,
Տեսավ այդ փայլն իմ թշնամին,
Ու ճանաչեց այն ստեղծողին:

ԵՒ այգին իմ նա սողոսկեց,
Երբ գիշերը բևեռն սքողեց:
Առավոտյան ծառի տակին
Տեսա անշարժ իմ ոսոխին:

Փորձի Երգեր
Ներածություն

Լսեցե՛ք ձայնը Բարդի,
Ով տեսնում է ներկան, ապագան ու անցյալը,
Ում ականջները արդեն լսել են
Հին անտառներով թափառած
Սուրբ Բառը,

Այն մեղավոր Հոգուն է կանչում,
ԵՒ ողբում է  իրիկնաշողով թաց,
Աստղաշատ երկինքն է այն գուցե վարում,
Եվ վերականգնում լույսն անկում ապրած:

Երկի՛ր, օ՜, Երկի՛ր:
Վե՛ր հառնիր դու թրջված խոտերից,
Նահանջեց գիշերը,
Իսկ արշալույսը
Բարձրանում է ննջող բազմություններից:

Այլևս մի հեռացիր.
Ի՞նչու պետք է երես թեքես:
Աստղաշատ հատակը,
Ջրառատ ափը
Մինչ լուսաբացը տրված են լոկ քեզ:

Փոքրիկ տղան` մոլորված

՛՛Հա՛յր, հա՛յր, ու՞ր ես գնում,
Ա՜խ, մի՛ քայլիր այդպես արագ,
Խոսի՛ր հայր, խոսի՛ր քո փոքրիկ որդու հետ,
Այլապես ես կմոլորվեմ:

Գիշերը մռայլ էր, այնտեղ հայր չկար,
Ցողը պատել էր տղային,
Ճահիճը խորն էր, երեխան լալիս էր,
Վերանում  էր դանդաղ գոլորշին:

Ծխնելույզ մաքրողը

Ես դեռ մանուկ էր, երբ մայրս մահացավ,
Իսկ հայրս վաճառեց ինձ, մինչ լեզուս կարողացավ
հազիվ արտաբերել ՛՛լալ, լալ, լալ՛՛,
Ու գործս դարձավ ծխնելույզ լվալ, իսկ մուրը ինձ համար անկողին եղավ:

Երբ սափրեցին ալիքավոր վարսերը,
Սկսեց լաց լինել փոքրիկ Թոմ Դեքրը,
Բայց ես ասացի ՛՛ Դե՛ Թոմ, բան չկա, մուրը արդեն չի կարողանա
Սևացնել մազերը մերկ գլխիդ վրա՛՛:

Թոմը հանդարտվեց ու խոր քուն մտավ,
Եւ հենց այդ գիշեր տեսիլք ունեցավ,
Որ Ջոնը և այլ մաքրողներ բազում
Փակված են բոլորը սև դագաղներում:

Հայտնվեց մի հրեշտակ վառ բանալիով
Ու կողպվածներին ազատեց հերթով,
Ծիծաղով, ցատկերով վազեցին բացատում,
Շողացին արևի հետ, լողացան գետերում:

Մերկ, ձյունաճերմակ, արդեն առանց բեռ
Քամով սլացան, ելան ամպերից վեր,
Հրեշտակն ասաց Թոմին, թե իրեն լավ պահի
Աստված նրան հայր կդառնա, կարիք չի զգա էլ հրճվանքի:

Թոմը արթնացավ, մթին վեր կացանք
Ու հին բեռներով մեր գործին անցանք,
Առավոտը ցուրտ էր, բայց Թոմը չէր մրսում,
Թե մեր գործն անենք, վտանգ մեզ չի սպառնում:

Վագր

Վագր, վագր, որ այրվում ես ու փայլփլում
Գիշերային անտառներում,
Անվախճան ի՞նչ հայացք կամ ձեռք
Ունակ եղավ սարսափելի տեսքդ կազմել:    

Ո՞ր խորքերում կամ բարձունքներում
Պոռթկաց կրակը քո այդ աչքերում,
Ինչպե՞ս սիրտ արեց վերև թռչել,
Ո՞վ համարձակվեց կրակին տիրել:

Ըստ ո՞ր  ուժի կամ արվեստի
Հյուսեցին մկանները քո սրտի,
Եվ երբ այն բաբախել սկսեց,
Ո՞վ ՝ահավոր այդ բանն արեց:

Այդ ի՞նչ մուրճ կամ ի՞նչ շղթաներ,
Եվ որտե՞ղ ուղեղդ ձուլվեց,
Ի՞նչ զնդան կամ ահեղ խոհեր
Կերտեցին մահացու վախեր:

Երբ աստղերը՝ նիզակները ցած դնելով,
Լցրին երկինքն իրենց արցունքներով,
Ժպտա՞ց թե՞ ոչ ՝ տեսնելով նա իր կերտածը,
Արդյո՞ք Գառնուկին ստեղծողը եղավ նաև քո Աստվածը:

Վագր, վագր, որ այրվում ես ու փայլփլում
Գիշերային անտառներում,
Անվախճան ի՞նչ հայացք կամ ձեռք
Ունակ եղավ սարսափելի տեսքդ կազմել:    

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Սահակյան

Տես նաև Դիլան Թոմաս Բանաստեղծություններ, Թոմաս Սթեռնզ Էլիոթ Բանաստեղծություններ և Էմիլի Դիքինսոն Բանաստեղծություններ

Ուիլյամ Բլեյք | Բանաստեղծություններ Ուիլյամ Բլեյք | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:44:00 Rating: 5
Технологии Blogger.