Եղիշե Չարենց | Դեպի լյառը Մասիս | համառոտ



Հայ ժողովրդի կողմից ռուսական կողմնորոշում ընդունելու՝ պատմության շրջադարձային պահին Չարենցը պատկերում է այդ կողմնորոշման գաղափարախոսի և «Վերք Հայաստանի» վեպի հեղինակի՝ Խաչատուր Աբովյանի ողբերգական կերպարը: Մեծ լուսավորիչն ու հայրենասերը պատկերված է վերջին գիշերվա տվայտանքների մեջ: Անդարձ հեռացումից առաջ նա հայացք է նետում իր վաստակին, իր ապրած մարդկային կյանքին և փորձում գտնել նվիրումի իմաստը: Ճի՞շտ է եղել արդյոք ինքը, թե՞ սխալ: «Գիշերը չէր քնել, քրքրել էր թղթերը»,- հոգեբանական ինքնադատաստանի այս ճանապարհով Չարենցն Աբովյանին սուզում է իր ներաշխարհը: Օրագրեր, գրքեր, նամակներ, և այդ ամենը՝ որպես ապրած կյանքի վկայություն, դրվում են նրա առաջ: Տեսիլքի պես գալիս անցնում են երիտասարդության տարիների սիրո ու ոգևորության պահերը: Նա մտաբերում է սիրած աղջկան.

Ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր:

Իսկ նրանից մնացել է ընդամենը մի ոսկերիզ թերթիկ՝ որպես հրաժեշտի նամակ: Նույն խռովահույզ գիշերվա մեջ Աբովյանը շարունակում է թերթել տետրակները, հիշում է հորը, մորը, Երևանի բերդը: Նրա քննախույզ հայացքն ի վերջո կանգնում է գլխավոր գործի վրա, որը հայրենասերի ողբն էր հայրենիքի փրկության իր հույսը: Էջ առ էջ նա թերթում է «Վերք Հայաստանին» և անորոշ, բայց տագնապալի կասկածը խոցում է նրան: Վեպում նա արդյոք ճի՞շտ է պատկերել ժողովրդի փրկության ուղին, թե՞ ոչ: Կասկածները կեղեքում են ու ջլատում, և կես գիշերին հանկարծ ցայտունորեն ձևակերպում է այս խոհը.

Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար,- և այդ գիրքը:
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած –
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս…

Ռուսական կողմնորոշումը հայ ժողովրդին բերեց պատմաքաղաքական մեծ տեղաշարժեր, բայց նաև՝ նոր գաղութացում, ազգային ինքնության կորստի նոր պարտադրանք: Այդ կորստի զոհերից մեկը պիտի դառնար ինքը Աբովյանը, իսկ իրեն պիտի հաջորդեին Մ. Նալբանդյանը, Վ. Տերյանը, Ա. Բակունցը, նաև ինքը՝ Եղիշե Չարենցը, և մի ամբողջ մշակութային սերունդ:
Չարենցի մեկնաբանությամբ՝ հոգևոր մաքառումի կասկածները մշտապես ուղեկցել են Աբովյանին, նրան դրդել վերանայելու իր քրտաջան որոնումների ուղին, և այդպես այնքան՝ մինչև գտնվի ճանապարհը: Կասկածանքներին, ահա, դարձյալ ընդգրկված տառերով, հաջորդում են այս տողերը.

Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը
Եվ ստո՛ւմ է այս գիրքը…

Ինքնակեղեքվող տառապանքի մեջ անդարձ հեռացումից առաջ Աբովյանը, այնուամենայնիվ, փրկության հույս է որոնում, որովհետև հարցականի տակ էր դրվում ոչ միայն իր ճակատագիրը, այլև՝ ողջ ժողովրդի:
  

Եղիշե Չարենց | Դեպի լյառը Մասիս | համառոտ Եղիշե Չարենց | Դեպի լյառը Մասիս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 21, 2017 Rating: 5
Технологии Blogger.