Դանիել Վարուժան | Հացին երգը | համառոտ



Ժողովածուն գրվել է 1913-1915 թթ., տպագրվել է 1921-ին: 1913-ից Վարուժանը մտորում էր այդ ժողովածուի մասին: Աշխատանքի բերկրանք. ահա՛ այն երջանկությունը, որ ապրում է հողի մշակը ցորեն ցանելիս, մշակելիս, հնձելիս և հացի վերածելիս: Իր այս գործով Վարուժանը յուրովի ձայնակցում է Հ. Թումանյանի «Դեպի ժողովուրդը» կոչին:

Վարուժանի ներշնչանքի գրական աղբյուրը հռոմեացի բանաստեղծ Վերգիլիուսն է՝ հատկապես «Բուկոլիկներ» և «Գեորգիկներ» հողագործական և հովվերգական պոեմները: Պահպանված չափով շարքը բաղկացած է 29 բանաստեղծությունից: Դասականության ձգտող բանաստեղծը այստեղ, ինչպես և «Սարսուռներում», առանձին սոնետով դիմում է մուսային («Սորվեցուր ինձ. պսակե  քընարս հասկերով…»):
Վարուժանը պատկերել է հացի ստեղծման աշխատանքների ամբողջ ընթացքը՝ վաղ գարնանից մինչև բերքահավաքի աշուն: Վաղ գարնանը արտերը հրավեր են ուղղում հողի մշակներին. «Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մշակներ…»: Հողի մայրանալու պահն է, և հողն սպասում է իրեն մայրացնողին: Գալիս են մշակները, որոնց բանաստեղծը դիմավորում է մեծարանքով: Մշակի օգնականները եզներն են, որոնց խոշոր աչքերի մեջ դաշտերի երազն է: Սկսվում է հերկը. մշակը խոսում է եզների հետ, և նրանք օրնիբուն վարում են հողը. «Հո՛, հռո՛, հռո՛, հռո՛…»: Մարդն ու եզը այս պահին հարազատներ են, եղբայրներ: Եթե առաջին 4 բանաստեղծությունները գրված են սոնետի ձևով, ապա «Առաջին ծիլերից» սկսած, ուժգնանում է ժողովրդական երգի ձևը: Վարուժանը նկարագրում է արտերի ու դաշտերի վրա թափվող գարնան անձրևի տեսարանը: Մաքրագործվում է աշխարհը, կենսանորոգ ուժով լցվում հողը: «Ցորյանի ծովեր» բանաստեղծության մեջ հասունացող արտի պատկերն է: Հովերն ու ծովերը, այսինքն՝ արտի ծփանքը, մերձակա կալերից հասնում են գյուղ, այստեղից էլ՝ աղորիք, որտեղ ցորենի հատիկը պետք է ալյուր դառնա: Վերջին տան մեջ բանաստեղծի առաջ ծփացող կանաչ արտ է: Ցորենի մեջ աճում են ծաղիկներ, հատկապես կակաչներ, որոնք «սիրող սրտերու պես կարյունին»: Դրանք կակաչներ չեն, այլ՝ սիրո բոցեր, որ քաղում է դաշտ ոտք դրած կույսը: Հասունանում է սերը, առանց որի ամեն ինչ անիմաստ է:
Ժողովրդական երգի «Արտըս ոսկո՛ւն է» տողի կրկնությամբ ստեղծվում է հասուն արտի պատկերը, որը հսկում է հանդապահը, ով լուսնի դեմ նստած սրինգ է նվագում և ասես օրորում հասկերի քունը: Գալիս է հունձի սպասված պահը: Հասունացած արտը և հասունացած սերը միավորվում են «Հունձք կը ժողվեմ…» բանաստեղծության մեջ: Հնձած ցորենը գոմեշներ լծած սայլերով կրում են գյուղ. մայրամուտի մեջ սայլերն ասես «շարժուն բուրգեր» լինեն: Պատկերները տպավորիչ են և հաջորդում են իրեր. «Ճերմակ եզը կարծես կուռք մ՝է ձուլված լուսնի» արծաթին: Ցուլերը բանաստեղծի աչքին երևում են դյութվածի պես, և շողում են մեծազանգված գոմեշների աչքերը: Դարեր շարունակ մարդը միավորել է իրար՝ աշխատանքը և երգը. հացի երգը բարձրագույնն է բոլոր երգերի մեջ: Այստեղ կան իր հերոսները՝ հողը, կենդանիները, ցորենը, մշակը, հոտաղը, սիրած աղջիկը, գյուղը… Ամառվա քաղցր գիշերվա մեջ հնչում է կալերի երգը: Երգում է մարդը, երգում է ծղրիդը, երգում է սյուքը, բուրում են ծաղիկները, խոտը…


Դանիել Վարուժան | Հացին երգը | համառոտ Դանիել Վարուժան | Հացին երգը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 11, 2017 Rating: 5
Технологии Blogger.