Եղիշե Չարենց | Պատմության քառուղիներով | համառոտ



Այս պոեմում Չարենցը հանրագումարի է բերում հայ ժողովրդի անցած ամբողջ ճանապարհը: Ինչպես «Վահագնում», այստեղ ևս Չարենցը քննության է ենթարկում առասպելների և լեգենդների վերածված պատմությունը: Անցյալը նրան նույնիսկ ներկայանում է որպես «անանցյալ անցյալ», որովհետև սերունդներին թողել է սոսկ բարոյական հաղթանակի փառքը, իսկ ոտքի տակ տրորվել ու բաժան-բաժան է եղել իրական հայրենիքը: Չարենցը ստեղծում է այս պոեմում գայլի խորհրդանիշը, որը կարող էր հաղթանակի խորհուրդ լինել, ինչպես հռոմեական պղնձյա գայլը, բայց հայոց աշխարհում միայն խեղճություն է բերել ու գուժել պարտություն.

Տեսնում եմ ահավասիկ.-
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը…
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերը – բյուր գազանների կողմից,-
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին:

Ահավոր է այս ամենի գիտակցումը, բայց և սթափեցնող, որովհետև հեղափոխությունը հայ ժողովրդին բերեց տարածքային վիթխարի կորուստներ, իսկ Անդրկովկասյան դաշնության կազմում (1922 - 1936) հայ ժողովուրդը դարձյալ հալածանքների զոհ էր: Այդ վիճակի ծանր զգացողությամբ Չարենցը հնչեցնում է տագնապի կոչնակները և ժողովրդին պատվիրում չտրվել անցյալի հիշատակներին, որպեսզի չկորչի ներկան:

Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ,-
Կտրել ենք երկար մի ճանապարհ,
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ,-
Եվ ո՞վ, և ո՞վ է մեր ապագային տվել
Անխզելի ընթացք ու գաղափար…

Այն օրերին, երբ հեղափոխական ծնծղաներով փառաբանվում էր Հայաստանի փրկությունը և խլացվում էր ժողովրդի հիշողությունը, Չարենցը խոսում էր նրա պարտությունների ու դատապարտվածությունների մասին, որովհետև տեսնում էր իշխողների կործանարար ազգադավ քաղաքականությունը: Իսկ ժողովուրդը, ըստ Չարենցի, «եղել է հանճարեղ, եղել է կառուցող»: Այսինքն՝ մեղքը ժողովրդինը չէ, այլ՝ նրա կարճատես առաջնորդներինը, որ նրան միշտ գերության են մատնել.

Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
Հավաքական հանճարը զավթիչների հանդեպ,-
Եվ դարձել է ահա ժողովուրդը և՛ս,
Իր տերերի նման, անուղի ու անդեմ…

Այսպես Չարենցը զույրույթի խոսքեր է ասում մեր անքարքար պատմությունը կերտողներին, ովքեր ժառանգաբար սերունդներին են փոխանցել մեր դարերի կորուստը և կործանել ազգային փառքը: Այս դառը մտորումներով էլ նա ավարտում է պոեմը:   


Եղիշե Չարենց | Պատմության քառուղիներով | համառոտ Եղիշե Չարենց | Պատմության քառուղիներով | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:40:00 Rating: 5
Технологии Blogger.