Հովհաննես Շիրազ | Հուշարձան մայրիկիս | համառոտ



Շիրազի մարդերգության մեջ հատուկ տեղ է գրավում մորը նվիրված քնարերգությունը: «Հուշարձան մայրիկիս» բնորոշումը, որով Շիրազը համախմբեց ու վերնագրեց այդ բովանդակությամբ բանաստեղծությունները, հուշարձան է մոր սիմվոլիկ կերպարով բնութագրվող մարդկությանը: Մոր կերպարը գրողը դարձրել է բնականոն հունից դուրս սայթակող կյանքին հակադրվող մի աստվածություն, որը մոլորյալ մարդկությանը պատգամում է կեցության անաղարտ բարոյականություն: Իսկ դա նշանակում է, որ մայրը վեր է ամեն ինչից և սուրբ է («Նախերգ»).

Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ…
Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ…

Մայրը Շիրազի համար համաստվածություն է, որը թե՛ ոգեղեն ուժ է, թե՛ երկրային կյանքի բարի հրեշտակ: Այս տրամադրությամբ է գրվել «Մայրս» բանաստեղծությունը.

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս:

Մայրը միաժամանակ և՛ տան ծառան է, և՛ տան արքան, և՛ մրոտ ճրագ է, և՛ արեգակ: Մորը բնութագրող այս տողերը պարզ ու հստակ պատկերներով ստեղծում են ցայտուն մի կերպար, որը դառնում է մարդու, մարդկության, մարդկայնության էությունը բացող համապարփակ տիեզերական ոգի: «Մայրս մի բուռ մայր Հայաստան» բանաստեղծության մեջ մայրն իրենով խորհրդանշում է կեցության չափանիշը:
Ըստ Շիրազի մայրը նաև մարդկային ցավի խտացումն է, որն իր մեջ թաքուն կրում է մարդկության ամբողջ տառապանքը: «Բիբլիական» պոեմին «Մորս խոսքերից» հղումով Շիրազն այսպիսի բնաբան է դրել. «Ցավը տվեց սարերին՝ սարերը չտարան… Ցավը տվեց մարդուն, մարդը տարավ»:
Բանաստեղծի երգերը մոր շիրմին թափվում են որպես դափնե արցունքներ, ինչից հետո գալիս է ծնրադրման ու պաշտամունքի պահը: Մայրը, նախ՝ վերածվում է սրբության տաճարի («Ձեռակերտն է մայրս Աստծո տաճարի»), իսկ հետո այդ սրբությունը վերածվում է միակ պաշտամունքի.

Անցորդ, խոնարհիր
Գլուխը քո սեգ,
Այստեղ հանգչում է
Մի բուռ տիեզերք…

Շիրազի պատկերային գյուտերը հաջորդում են մեկը մյուսին. մայրը՝ ավերակ վանք, կանգուն տաճար, մի բուռ տիեզերք: Կյանքից անդարձ հեռացած մորը, ըստ Շիրազի՝ կարող է փոխարինել սոսկ մայր հայրենիքը, որին էլ խոսք է ուղղում բանաստեղծը.

Իմ մայր հայրենիք, թե մայր ես և դու՝
Մի թող պղտորեն սիրտը քո որդու,
Էլ չկա մայրս աշխարհի վրա,
Դու ինձ գեթ մի օր մայրություն արա…


Հովհաննես Շիրազ | Հուշարձան մայրիկիս | համառոտ Հովհաննես Շիրազ | Հուշարձան մայրիկիս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:41:00 Rating: 5
Технологии Blogger.