Վիլյամ Սարոյան | Կրակը դեռ չի հանգել



Շահմուրադյանը երգում էր կրակի նման և ապրեց կրակի նման: Ես նրան լսել եմ միայն ձայնապնակից, տեսել եմ նրա լուսանկարները միայն, թեպետ առնվազն մեկ անգամ նա այցելել է Ֆրեզնո Քաղաքացիական լսարանում: Համենայն դեպս, այդ համերգի ժամանակ ես Ֆրեզնոյում չեմ եղել: Սակայն հետո իմացա համերգի մասին:

Նրա ձայնը կտրվել է, չի կարողացել հիշել տարիներով երգած իր երգերի բառերը: Ջղայնացել է, գոռացել է երաժիշտների վրա, հանդիմանել ունկնդիրներին:
Մահը եկավ, երբ նա 60-ին չէր հասել: Ես մինչև հիմա էլ լսում եմ նրա ձայնագրած երգերը, և նա ինձ համար մնում է մեծ երգիչներից մեկը: Որոշ ժամանակ երգել է Փարիզի օպերայում, բայց օպերայի երաժշտությունը նրա համար չէր: Հայաստանի երգերի երգիչ էր նա: Ձայնը նույնքան հարուստ էր, ուժեղ ու խորունկ, որքան կրակը: Մի պարզ տղա էր նա, պարզ ծնողների զավակ՝ ծնված Մուշում, որ մեկն է Հայաստանի Վանա լճի շուրջ երրորդություն կազմող քաղաքներից՝ Բիթլիս, Մուշ, Վան:
Իմ ուսումնառության տարիներին գրեթե ամեն օր ունկնդրում էի նրա ձայնին: Միշտ, երբ երաժշտություն էի լսում ձայնապնակներից, պետք է նաև Շահմուրադյանի ձայնը լսեի: Երբ նա երգում էր, ազգն էր ապրում, վառվում էր ազգի հոգին և լույս տալիս: Նրա երգը մելամաղձոտ էր, բարկացած, միայնակ, հպարտ, քնքուշ:
Ֆրեզնոյում նրա վերջին համերգը կոտրեց այն հայերի սիրտը, որոնք նրա ջղագրգիռ վիճակից իրենք էլ չէին նյարդայնացել այնպես, ինչպես շատերը: Նրա անակնկալ մոռացությունը, ջղագրգռությունն ու ձախողությունը շշմեցրեց ու զարմացրեց նրանց, որովհետև նա հայ հոգու կրակն էր կրում բոլոր այն հայերի համար, որ լսել էին նրան, և հանկարծ տեսան, որ կրակը հանգում է:
Հորեղբայրս հազիվ էր կարողանում արտահայտել այն ցավն ու վիշտը, որ զգացել էր, երբ տեսել էր Շահմուրադյանի ձախողությունը:
- Հիվանդացա,- ասաց նա: - Ամբողջ գիշերը չկարողացա քնել:
Մորեղբայրս ասաց.
- Էլ չէր կարողանում երգել, ու վերջ: Բավական չէր, մեկ էլ վիրավորում էր: Կատարյալ ողբերգություն:
- Ի՞նչ տեսք ուներ:
- Խելագարի,- ասաց մորեղբայրս: - Իսկապես խելագար էր: Ու սիրտդ էր ճմլվում: Բոլորն էլ հիշում էին, թե ինչպիսին էր առաջ՝ բարձրահասակ, ուժեղ, գեղեցիկ, հպարտ: Էլ նույն մարդը չէր, ու վերջ: Լմնցել գնացել էր: Չէր կարողանում երգել և մարդկանց էր մեղադրում: Այնպես էր ձևացնում, որ իբր թե նրանք են մեղավոր:
Կրակն սպառեց նրան, բայց դա տեսան իր հարազատները, որոնք նրան սիրում էին այնպես, ինչպես սիրում էին Հայաստանը: Մեծ ձայնն այլևս երբեք չլսվեց ու մնաց միայն ձայնապնակների վրա, ուր նա ձայնագրվել էր երիտասարդ հասակում: Այդ ձայնապնակները ամեն հայ ընտանիքի մասն են կազմում Ամերիկայում: Նորելուկ հայերը, որոնք ամերիկացի են, սկսում են հայաստանի երգն ու երաժշտությունը լսել այնպես, որ իբր թե միայն կատակի համար կարելի է լսել, բայց շուտով հասկանում են, որ դա բոլորովին էլ կատակ բան չէ: Սկսում են հավաքել Շահմուրադյանի ձայնապնակները և շուտով տեսնում են, որ իրենք էլ երգում են այն երգերը, որ նա էր երգում: Որովհետև այս երգերի մեջ կա իրենց սեփական հոգու կրակը: Այս երգերը երգում է նաև իմ որդին, մի մարդ, որ կարող է ասել իր հողը.
- Դեն չե՞ս այդ քո հայությունը, պապ:
- Էլ ինչո՞ւ ես հայերեն երգեր երգում,- հարցնում եմ:
- Չգիտեմ,- ասում է:
Դե ուրեմն կրակը դեռ չի հանգել: Կրակը վերջացավ Շահմուրադյանի անձի մեջ, բայց չհանգավ:
Եղել են ուրիշ հայ երգիչներ, բայց Շահմուրադյանի նմանը չի եղել: Եթե ինձ հարցնենք՝ նա փառավոր կյանք ապրեց: Կարևոր չէ, թե ինչպես և ինչու մահացավ, որովհետև քիչ մարդիկ են փառավոր մեռնում:

Տես նաև Վիլյամ Սարոյան Պատմվածքներ

Վիլյամ Սարոյան | Կրակը դեռ չի հանգել Վիլյամ Սարոյան | Կրակը դեռ չի հանգել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:16:00 Rating: 5
Технологии Blogger.