Պարույր Սևակ | Մարդը ափի մեջ | համառոտ



«Մարդը ափի մեջ» ժաղավածուն գրվել է 1963 թ.: Ընդգրկում է հետրյալ բանաստեղծությունները:

Ժողովածուն ունի ներքին քնարական սյուժե, որի առանցքը ժամանակակից անհատի ոգու ճշմարտության բացահայտման պատմությունն է: «Ծնվել եմ» բանաստեղծությանը հաջորդում է «Մեռնել» բանաստեղծություները: Սկիզբն ու վերջը կողք կողքի են, և սկզբի ու վերջի հստակ գիտակցությամբ է, որ այդուհետև բանաստեղծը բացում է իր հոգու փակագծերը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապրել: Հաջորդում է «Ապրել» բանաստեղծությունը: Հարկավոր է այնպե՛ս ապրել՝

Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

Ապրելու շարունակությունը հոգու երգ ունենալու, աստվածային Բանին հասու լինելու երազանքն է: Այս բաց, անկեղծ ինքնանվիրումի մեջ հանկարծ ընկնում է կասկածի որոմը, և հաջորդում է «Մի պահ զղջում եմ» բանաստեղծությունը: Քնարական հերոսը զղջում է իր նվիրումի համար, որովհետև հավատարմության դիմաց տեսնում է սոսկ անհավատարմություն.

Վստահեցին ոմանք ինձ – հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին – գաղտնիքս առան ու տարան:

Հավատարմության կողոպուտի այս ահավոր դավից ազատագրվելու միակ ձևը դառնում է հրապարակային կյանքը, ամենաթանկ գաղտնիքներն անգամ բոլորին ու բոլորի ներկայությամբ ասելու ճշմարտությունը, որ հանկարծ չնենգափոխեն ասողի խոսքը, նրանից սովորածով՝ նրա վրա խելք չբանեցնեն: Այսինքն՝ մարդը դառնում է բոլորի ափի մեջ դրված մարդ, որ տեսանելի, ճանաչելի, անգամ խոցելի է բոլորի կողմից: Վստահ ինքն իր ուժին այդ մարդը գովերգում է այն խարույկը՝ «Որ բնավ չի մտահոգվում, թե իր մահն է իր իսկ բոցը»: Խոսքի տրամաբանական ընթացքը հասնում է ապագայի հետախույզ ցանկությանը.

Հայտարարում եմ, օ՛, ոչ, խնդրում եմ.-
Գործուղում տվեք ապագա գնամ…

«Խոստանում եմ» բանաստեղծության մեջ ինքնաբացահայտման ներքին հոգևոր շարժումը հասնում է գագաթնակետին. հալածանքներից ու փշե պսակից չվախենալով՝ քնարական հերոսը համարձակորեն հրապարակում է իր հավատամքը.

Խոստանում եմ
Լինել ո՛չ թե հարկահավաքը,
Այլ զավա՛կը
Դժվար դարի,
Ինչպես նրան և ինքս ինձ
Հավետ մնալ հավատարիմ:

«Կարդում եմ» բանաստեղծության մեջ ճշգրտվում է խոսքով սխրանքի գնալու և կյանքում սխրանք գործելու հարաբերակցությունը.

Ես կարդում եմ և… հասկանում,
Որ թեպետ և ինձ հերոսի տեղ են դնում,
Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ են գնում –
Նա խիզախ է, իսկ ես՝ զգույշ,
Նա գործում է, ես՝ լոկ զգում.
Նա կարող է, թե տեղը գա,
Եվ զոհ գնալ, անվախ մեռնել,
Իսկ ես՝ նրան… լավ ըմբռնել,
Բայց ոչ նրա ճամփան բռնել…

Գործ միջավայրում Սևակը փոխադարձ ըմբռնման է կոչում և՛ իր շրջապատի մարդկանց, և՛ համայն մարդկությանը: Մարդու արժեքի բարձրացումը, նրա գովքը դառնում է գերագույն նպատակ և հասնում այսպիսի զուգորդության.

Նաև հասկանանք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանր
Այս երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանր…

Շարքն ավարտվում է մարդկայնության բարձր նկարագրի հաստատումով («Հպարտանում եմ»): Նկարագիր, որն առանց անհարկի զիջումների գնում է ինքնահաստատման՝ հպարտ զգալով իրեն յուրաքանչյուր արարքի համար, որովհետև այդ արարքները նա մեկ առ մեկ դրել է հրապարակային քննության և հիմա տոնում է իր բարոյական հաղթանակը, որը նաև ապրելու ի՛ր սկզբունքների հաստատումն է.

Եթե պետք է լավ հասկացվել,
Եթե պետք է խոր զգացվել
Լոկ եղածի նոր կրկնությամբ՝
Ես հպարտ եմ
Չհասկացվող
Եվ չզգացվող
Իմ ինքնությամբ.
Շատ-շատերից չկարդացվող՝
Բայց և այնպես իմ սեփական ձեռագրով.
Այլյոց կողմից չարդարացվող՝
Բայց և այնպես իմ սեփական ծրագրով


Պարույր Սևակ | Մարդը ափի մեջ | համառոտ Պարույր Սևակ | Մարդը ափի մեջ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:02:00 Rating: 5
Технологии Blogger.