Շահան Շահնուր | Պճեղ մը անուշ սիրտ | համառոտ



Եպրաքսե հանըմը տրամվայում հանդիպում է մի երիտասարդի, ում ձեռքի ծրարը փաթաթված էր հայերեն թերթով և, հասկանալով, որ երիտասարդը հայ է, անմիջապես ջերմ ու սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ: Երիտասարդը խնդրում է հայ մամիկին՝ մի գրություն  հանձնել իր ապրած հյուրանոցի տիրոջը: Երբ Եպրաքսե հանըմը գրության բովանդակությունից ակամա իրազեկ է դառնում երիտասարդի ինքնասպանության մտադրության մասին՝ ցնցվում է մինչև հոգու խորքը՝ խորապես ցավելով երիտասարդի ճակատագրի համար:

Պատմվածքում Շահնուրը շարունակում է «Նահանջը առանց երգի» վեպի գլխավոր թեման, բացահայտում նահանջի նոր դրսևորումներ, մարդկային նոր խեղված ճակատագրեր: Կոտորածից հետո փրկված հայերի մի մասը ապաստանել է Ֆրանսիայում: Պետք է հարմարվեն նոր պայմանների, ապրեն նոր կենցաղով, խոսեն նոր լեզվով: Պատմվածքի երիտասարդ հերոսը՝ Նորայր Կարապետյանը, իր տեղը չի գտնում նոր երկրում, չի մերվում նոր միջավայրին: Այսինքն՝ սոցիալական անապահով վիճակը չէ, որ նրան մղում է ինքնասպանության: Հյուրանոցատիրոջն ուղղված նամակում նա հայտնում է. «Ոչ ոքի սու մը պարտք չունիմ»: Նույնիսկ սենյակում նա դեռ բավականաչափ իրեր էլ ուներ, որ կտակում է անծանոթ կնոջը՝ Եպրաքսե հանըմին, այսինքն՝ իր հայրենակցին, որ օտար երկրում հարազատի պես է ընկալվում: Նորայրը հայտնում է, որ իր արարքի պատճառները անձնական են: Մի բան պարզ է, որ ինքնասպանությամբ Նորայրը հաստատում է, որ հեռանում է իրեն խորթ միջավայրիրց: Գրողը շեշտը չի դնում պատճառի վրա, այլ՝ հետևանքի: Նորայրը պարտվող է, նրա պարտությունն արտահայտվում է ֆիզիկական կործանման ձևով, նա չի հանձնվում հոգեպես, այլ կործանվում է ֆիզիկապես, ինչպես «Նահանջ առանց երգի» վեպում Լոխումը:
Հայերի տեղահանության ողբերգական հետևանքներն իր վրա կրում է նաև Եպրաքսե հանըմը: Նրան հուզողը ոչ այնքան նյութական խնդիրներն են, որքան հոգեբանորեն հարմարվելու հանգամանքը: Իր երկու որդիներն աշխատում են, «պարզ բանվորներ են», ապրում են բարձր, աշտարակի պես շենքի «ոչ թե գագաթը, այլ գագաթին գագաթը», այսինքն՝ ձեղնահարկում, որտեղ սենյակները ծուռ են ուղտի մեջքի պես: Սակայն Եպրաքսե հանըմին նեղողն ավելի շատ կենցաղավարության կերպն է, որը տարբեր է նրա իմացածից: Փարիզն ունի իր օրենքները, որոնք չեն համապատասխանում հայ կնոջ մաքրության չափանիշներին: Իսկ նա չի կարող անտեսել այդ օրենքները՝ կրկին չարտաքսվելու համար: Թուրքական գորգը տանում է քաղաքից դուրս այնտեղ թափ տալու համար: Երբ Նորայրի ինքնասպանության լուրից ցնցված և իրեն կորցրած կինը շտապեցնում է հյորանոցատիրոջը, որպեսզի նա քայլեր ձեռնարկի, վերջինս ասում է. «Չչափազանցնենք, վերջապես օտար մը ըսել եք…»: Ֆրանսիացու համար անհասկանալի է, որ տարագրության մեջ հանդիպած երկու հայ կարող են հարազատ զգալ իրար: Իսկ Եպրաքսե հանըմը փորձում է համոզել, որ իրենք օտար չեն, և արդեն զգաստ դատում է. «Տղա մը պակաս է եղեր… որո՞ւն հոգն է… հաշիվ բռնողն ո՞վ… ո՞վ պիտի գա հոս մարդ պիտի փնտրե… չմեռնիս, յոխսամ… Այսչափ մարդ ջարդեցին, այսչափ մարդ զարկին, այսչափ անմեղի արյուն մտան… ո՞վ որի… »:
Եպրաքսե հանըմի խռովահույզ երևակայությունը մահվան տարբեր տեսարաններ է հորինում, օտար երիտասարդի փոխարեն պատկերացնում է փոքր որդուն… և կրկին հուզվում է մայրական սիրտը: Հոգեկան ծանր ու լարված վիճակում, երիտասարդի ճակատագրի մասին լուրի սպասելիս, ճակատագրի հեգնանքով Եպրաքսե հանըմի մտքով անցնում է սենյակի պատուհանից թափ տալ գորգը, որը և սահում-ընկնում է ցած: Կինը սկսում է նախատել ինքն իրեն: Սակայն այս կոմիկական իրավիճակին հաջորդում է դրամատիկականը: Սեփական արարքից ամաչած՝ Եպրաքսե հանըմը չի վերցնում իր գորգը, բայց և խաղաղ սրտով չի կարող թողնել իր ունեցվածքն ու հեռանալ:     


Շահան Շահնուր | Պճեղ մը անուշ սիրտ | համառոտ Շահան Շահնուր | Պճեղ մը անուշ սիրտ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:23:00 Rating: 5
Технологии Blogger.