Լևոն-Զավեն Սյուրմելյան | Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ | համառոտ



Կենսապատումի հունով հյուսվում է Տրապիզոնում ապրող Սյորմելյանների ընտանիքի պատմությունը, և գրողի մանկությունից հասնում է մինչև 1924 թ.: Գիրքը բաժանված է 25 գլխի, որոնցից յուրաքանչյուրը պատմության մեկ էջ է:
Մորական պապը զոհ է գնացել նախկին ջարդերին: Ընտանիքն ապրում էր Տրապիզոնի հունական թաղամասում: Դեղագործությունը նրանց ընտանեկան մասնագիտությունն էր: Քեռին՝ Լևոնը, դաշնակցական էր, հայրը՝ պահպանողական: Մեկը «Ազատամարտ» էր կարդում, մյուսը՝ «Բյուզանդիոն», և ամբողջ օրը վիճում էին իրար հետ: Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Այդ օրը որպես ազդանշան մեծ աղետի, արևի խավարում է տեղի ունենում: Քաղաքի պատերին հայտարարություններ են փակցվում, ըստ որոնց՝ ռուսների հետ դաշնակցած հայերը Թուրքիայի ապահովության համար պետք է տարագրվեն երկրի խորքը: Սկսվում է աքսորը: Ոմանք խելագարվում են, ոմանք ինքնասպանություն են գործում, մեծերին սպանում են, աղջիկներին պղծում, տղաներին շուկաներում վաճառում որպես ստրուկ:
Վեպի հերոսը՝ Զավենը, նախ ապաստանում է ամերիկյան քարոզիչների մոտ, ապա հույն Մետաքսասների ընտանիքում վերամկրտվում Յանկո, մոռանում մայրենի լեզուն: Հետո մի Օսման աղա որդեգրում է նրան, անունը դնում Ջեմալ: Իսլամացումից խուսափելու համար փախչում է:
Ռուսները մտնում են Տրապիզոն: Տրապիզոն է վերադառնում նաև ինքը: Պարզվում է, որ ծնողներին  սպանել են, քեռուն ջրասույզ արել: Անցյալից որպես հիշատակ մնում է վանքի բակից գտած ընտանեկան խմբանկարը, մեկ էլ… տան կատուն: Բայց կյանքը նաև մխիթարանք է տալիս՝ երկու քույր ու երկու եղբայր գտնում են իրար: Ռուսաստանը հայտնվում է հեղաշրջումների ալիքի մեջ, և ռուսական զորքերը լքում են Տրապիզոնը: Նորից թուրքը մտնում է քաղաք: Սկսվում են որբության ու թափառումների տարիները: Որբերի խումբը շարժվում է Բաթում-Վլադիկավկազ-Կրասնոդար-Եյսկ- Նովոռոսիյսկ ուղղությամբ: Մի կտոր հացի համար նա նաև բեռնակրություն է անում ու թերթ վաճառում: Ճանապարհները նրան տանում են Կոստանդնուպոլիս, ապա՝ Նիկիա քաղաքին մոտ գտնվող Արմաշի դպրեվանք:
Նորից ճանապարհներ. այս անգամ՝ Բաթում-Թիֆլիս-Երևան: Ուսման հետ նաև աշխատանք՝ որպես համհարզ, որպես օգնական քարտուղար: Նորից վերադարձ Կոստանդնուպոլիս, որտեղ իր վրա ուշադրություն հրավիրելու համար սկսում է գրական փորձեր անել: Բայց նրա ուշքն ու միտքը մեծ աշխարհ գնալն էր, քանի որ, հանգամանորեն ուսումնասիրելով մեր քաղաքական կյանքի պատմությունը, եկել էր այն համոզման, որ «Մենք Դոն Կիխոտների, անբուժելի ռոմանտիկների ազգ ենք»:
Այսպես 15-16 տարեկան հասակում մեկնում է ԱՄՆ՝ ուսման: Ունեցվածքը՝ հայերեն և ֆրանսերեն մի քանի գիրք, մոր մատանին, ընտանեկան լուսանկարը և 29 դոլլար: Դեպքերը շարունակվում են մինչև հեղինակի 18 տարեկան դառնալը

Տես նաև Մուշեղ Գալշոյան Ձորի Միրո, Անտոնիա Արսլան Արտույտների ագարակը և Ֆրանց Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը

Լևոն-Զավեն Սյուրմելյան | Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ | համառոտ Լևոն-Զավեն Սյուրմելյան | Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:36:00 Rating: 5
Технологии Blogger.