Վահան Տերյան | Երկիր Նաիրի | համառոտ



Շարքը վերնագրված է «Երկիր Նաիրի»՝ հարություն տալով Հայաստանի հնագույն անվանումներից մեկին՝ ոգեկոչելով առասպելական անցյալը: Շարքն ունի բնաբան՝ «Սիրում եմ հայրենիքս, բայց արտասովոր սիրով…», որը Մ. Լերմոնտովի «Հայրենիք» բանաստեղծության առաջին տողն է: Բանաստեղծը շատ է ապրել հայրենիքի սահմաններից դուրս և ահա, շարքի սկզբում վերադարձը դեպի հայրենիք նա նմանեցնում է հունական առասպելաբանությունից հայտնի հերոսի վերադարձին: Ինչպես Ոդիսևսը 20 տարի թափառելուց հետո՝ Տրոյական պատերազմում հաղթելով, բազմաթիվ գայթակղությունների ու վտանգների դիմագրավելով, վերադառնում է իր հարազատ Իթակե, այդպես էլ իր վերադարձն է ազդարարում բանաստեղծը:

Որպես Լայերտի որդին, որպես
Ուլիս մի՝ թողած և հող, և տուն,
Անցա ծովեր և ցամաքներ ես՝
Ամեն տեղ օտար և անխնդում:

Վերադարձի այս տրամադրությունն անմիջականորեն շարունակում է «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծության մեջ, որը շարքում 7-րդն է: Նրա առաջ կանգնում է մոր պատկերը: Բանաստեղծն իրեն մտաբերում է մանուկ տարիներին՝ մոր կողքին, երբ աշխարհը դրախտի էր նման: Անցած կյանքի հեքիաթը մի պահ պարուրում է նրան և հիշողությամբ ուժ տալիս ապրելու: Իրական մայրն այստեղ վերածվում է տեսիլքի մեջ հառնող խորհրդանշանի.

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.

Տերյանը դիպուկ մակդիրներով ու մանրամասներով կենդանացնում է նկարագրվող պատկերը՝ հին տունը, հին իլիկը, իլիկի անվերջ ու արագ շարժումները, պարզկա լեզուն, որը լեզվին տրված բացառիկ բնորոշում է, մոր մաշված ու բարակ ձեռքերը, մանկան անզոր գլուխը, գետից բարձրացող մշուշը:
Վերադարձի տրամադրություններն առկա են նաև «Այստեղ է լացել իմ մայրը…», «Հիշում եմ՝ ինչպես այն ուշ…», «Երանի՜ նրան…» բանաստեղծություններում: Քանի որ վերադարձը մտովի էր, ավելանում են հուշի անջինջ տպավորությունները, որոնք երազանքի թևերով այցելում են նրան: Այդ պահերի ծնունդ են «Լինեի չոբան սարերում հեռու…», «Հովիվներն այնտեղ…», «Երբ կհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու…» գործերը:
Իրեն նմանեցնելով առասպելական Ոդիսևսին՝ Տերյանը, սակայն, գրում է իրական հայրենիքի մասին: Մի կողմից բանաստեղծը տեսնում էր մահվան գիշերվա խտացումը, ամբողջ մի ժողովրդի անել կացությունը, մյուս կողմից՝ համատարած անհուսության մեջ հույսի ճրագներ վառում: Մահվան մեջ ասես պատկերվում է հարության առասպելը, հակառակ դեպքում չէր գրի անմար հավատի, սուրբ ուղու և վեհ պսակի մասին: Հայաստանն ասես ներկայանում է խաչվող Քրիստոսի կերպարով.

Իջնում է գիշերն անգութ ու մթին,
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին:

Այնտեղ որտեղ հազարամյակներ քաղաքակրթություն էր և այդ քաղաքակրթությունն ստեղծած ու կրող ժողովուրդը, հիմա փլատակներ են. «Ամեն մի միտք՝ հիմա մի վերք»:
Այս պահի համար են ասես նրա տրիոլետներից մեկի այս տողերը. «Օ՜, կգան օրեր ավելի տրտում…»: Ժողովուրդն անզոր է, երկիրը՝ անարգված: Պատմական անցյալի փառքին հակառակ կանգնում է իրական Հայաստանի և իրական հայ մարդու կերպարը: Բանաստեղծը ոչ թե փախչում է հայրենիքի թշվառ վիճակից կամ վերացական խորհուրդներ տալիս, այլ կանգնում է նրա կողքին, ինչպես որդին կկանգներ վիրավոր ծնողի կողքին, որպեսզի, եթե կարող է՝ ամոքի նրա վերքերը, եթե չի կարող՝ գոնե լսել վերջին խոսքը: Գրվում է ամենատխուր բանաստեղծություններից մեկը, և վիշտը դառնում է կենսավիճակ՝ ինչպես ժողովրդի, այնպես և բանաստեղծի համար:

Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հմայող ու հին խոստում:

Վերջի չարագուշակ զգացողությունն ուղեկցում է բանաստեղծին և որպես ողբ մարմնավորվում ներգործման խոր ուժով գրված հետևյալ տողերում.

Երկիր Նաիրի, երազ հեռավոր,
Քնած ես քնքուշ թագուհու նման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման.

Եվ մի՞թե, մի՞թե սիրտս ավերված
Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ,
Քո տեղ փայփայեմ ստվերդ մեռած,
Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ…

«Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծության մեջ հայրենիքը ներկայանում է յոթնապատիկ խոցված Տիրոմոր կերպարանքով, որպես խաչված երկիր: Նաիրյան իր տեսիլքի մեջ Տերյանը պատկերացնում է բարակիրան նաիրուհուն՝ «Նայվածքն այնպես հրեղեն ու անարվեստ»: Տերյանը նաև ներբող է գրում Արարատին՝ որպես իր ժողովրդի հավերժության խորհրդանշանի: Ասես Արարատը նյութեղեն չէ, այլ՝ ոգի, որ կանգնած է որպես «Արդար դրոշ հայության»:
«Երկիր Նաիրի» շարքի անբաժան մասն է «Մի խառնեք…» բանաստեղծությունը:


Վահան Տերյան | Երկիր Նաիրի | համառոտ Վահան Տերյան | Երկիր Նաիրի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 19, 2017 Rating: 5
Технологии Blogger.