Վահան Տերյան | Ոսկե շղթա | համառոտ



Շարքում տեղ գտած գործերը գրվել են 1913-1917 թթ.: 26 բանաստեղծություն տպագրվել է մամուլում: Ընդգրկում է 71 բանաստեղծություն: Բարձրագույն արժեքն այստեղ սերն է, որը հնչում է սրբազան նվիրումի օրհներգությամբ.

Եթե սեր չկա – ինչի՞ համար
Պիտի չարչարվեմ չար աշխարհում.-
Կգնամ հողի գիրկը խավար,
Կլռեմ որպես քարն է լռում.

Եվ ինձ թող ծաղրե երկինքը ցուրտ,
Երկիրը տոնե խնջույք ագահ –
Եթե աստղերում չկա խորհուրդ,
Եթե աղոթքս լսող չկա:

Սիրո տարածքում զգացումները տարբեր են՝ կարոտից, սպասումից, հանդիպման բերկրանքից մինչև հեռացում ու բաժանում: Կան նաև դավադիր պահեր, որոնք սեպ են խրում նախկին մտերիմների մեջ: Այդպիսի մի պահի է գրված «Դարձար դու, և սիրտս տխուր է…» բանաստեղծությունը:
Նրա աչքի առաջ կյանքի քաոսում կորած մարդկային ճակատագրերն են.

Մենք բոլորս, բոլորս
Մանուկներ ենք որբ…

Այս անիծյալ կյանքում Տերյանը, ինչպես Նարեկացին, ապավինում է Աստծուն: «Գիշերն իջավ…» բանաստեղծության  մեջ գրում է.

Օրհնենք բոլորն, ինչ էլ որ գա,
Եվ ընդունենք սրտով հոժար,
Գուցե և Նա մեր ցավն զգա…

Մարդկային ճակատագրերը որոշակիանում են բանաստեղծի կերպարի մեջ, և իր մասին գրում է.

Նիշված է բախտս վերուստ,
Եվ չկա փրկության դուռ

Աշնան պատկերը վերածվում է ցուրտ հոկտեմբերի և շարունակում է ծեծել դուռը մատնելով անզոր ու անամոք վիճակի.

Թույն ու թախիծ են անկեղծ հուշերս,
Մութ մտքերին իմ հոգիս ավար է,
Ալեկոծում է հողմը գիշերս. –
Անծայրածի՜ր է, սիրտ, քո խավարը…

Տերյանը գրում է «Սիրում եմ ես նրանց…» բանաստեղծությունը, որը համակ սեր է՝ ուղղված այս աշխարհում իրենց երջանկությունը որոնած, բայց այդպես էլ չգտած մարդկանց: Այս շարքի մեջ տրամադրության անցումները շատ են: Ցուրտ հոկտեմբեր գուժող և անհուսություն տարածող աշնան կողքին ստեղծվում է աշնան այս նրբագեղ պատկերը.

Ոսկեդարձ եկար և միգասքող
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն,
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:

Նայվածքներով խորին, եկար, ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:

Տերյանը գրել է նաև տրիոլետներ, որոնք զետեղված են այս շարքում: Տրիոլետը 8 տողանի բանաստեղծություն է, որի մեջ 1-ին տողը կրկնվում է 4-րդ և 7-րդ, իսկ 2-րդը՝ 8-րդ տողերում: Հանգավորումը՝ աբբաաբաբ:
Տերյանը տրիոլետներ է նվիրել Նվարդին՝ Հ. Թումանյանի դստերը, ում հետ մտերմական կամի մեջ էր: Ունի նաև տրիոլետների շարք, որը տոգորված է կյանքի բերկրանքով: Պատկերների հիմքում հուր, արև, ոսկի բառերն են, որոնք ստեղծում են բռնկուն սիրո պատկերներ: Լավագույն տրիոլետներից մեկը գրված է Արա Գեղեցիկի, նրա կնոջ՝ Նվարդի և Ասորեստանի հզոր թագուհի Շամիրամի խորհրդանշաններով: Տերյանը յուրովի վերամարմնավորում է Խորենացու «Հայոց պատմության» դրվագը, և հավատարիմ անցյալի ացանդույթներին, ասում.

Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:

Այս գործն ունի նախապատմություն: 1915-1916 թթ. Վ. Տերյանը Մոսկվայում օգնում էր ռուս գրող Մաքսիմ Գորկուն՝ կազմելու «հայ գրականության ժողովածու» գիրքը: Տերյանը վարժ տիրապետում էր ռուսերենին: Գորկու վրա նա թողնում է զարգացած, առաջնակարգ գրողի և գրական գործչի տպավորություն: Մտահոգված Տերյանի տաղանդով՝ Գորկին նրան խորհուրդ է տալիս ստեղծագործել ռուսերեն, քանի որ հայ ընթերցողների թիվը քիչ է… Հիշյալ տրիոլետը պատասխանն է Գորկուն:
Տերյանը գրել է նաև գազելներ: Գազելը արևելյան բանաստեղծության կայուն ձևերից է: Բաղկացած է երկտող տներից: Առաջին տողի երկրորդ կիսատողը կրկնվում է բոլոր զույգ տողերում՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ և այսպես շարունակ: Լավագույններից է «Հրաժեշտի գազելը» (1917):

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Տերյանը մնաս բարով է ասում աշխարհին և մնաք բարով՝ մարդկանց:  


Վահան Տերյան | Ոսկե շղթա | համառոտ Վահան Տերյան | Ոսկե շղթա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:05:00 Rating: 5
Технологии Blogger.