
Դիոնիսիոս Արիոպագացին ըստ բիբլիական ավանդության (Գործք 17. 16-34) եղել է Աթենքի դատարանի (Արեոպագոսի) դատավոր, որը Պողոս առաքյալի քաղաք այցելության ժամանակ, նրա քարոզն ունկնդրելուց հետո, դարձել է քրիստոնյա։ Ըստ Եվսեբիոս Կեսարացու կողմից վկայված աղբյուրի՝ հետագայում դարձել է Աթենքի երկրորդ եպիսկոպոսը։ 5-6 դդ. ի հայտ են եկել խորհրդապաշտական (միստիկ) բնույթի մի քանի քրիստոնեական աստվածաբանական աշխատություններ (չորս տրակտատ՝ «Յաղագս երկնային քահանայապետութեան»,«Յաղագս երկրային քահանայապետութեան», «Յաղագս աստուածային անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան», և տասը նամակ, որոնց հեղինակությունը այդ ժամանակ վերագրվել է Դիոնիսիոս Արիոպագոսցուն։ Ներկայումս դրանց հեղինակին ընդունված է անվանել Դիոնիսիոս Կեղծ (Պսևդո)–Արիոպագոսցի։
Նրա երկերը ընդհանուր անունով կոչվում են «արեոպագիտիկաներ» («Կորպուս Արեոպագիտիկում»)։ Կրում են նաև նորպլատոնական մտածողության ազդեցությունը։ Արեոպագիտիկաները երկակի ընդունելություն են գտել Հույն եկեղեցում։ Կ. Պոլսի 553-ի ժողովը մերժել է այդ գրվածքները՝ իբրև ապողինարիստական մեղանչումներ։ Սակայն VII դ. բյուզանդացի աստվածաբան Մաքսիմոս Խոստովանողն իր մեկնություններում բացահայտել է այդ երկերի ուղղափառ իմաստը, իսկ VIII դ. աստվածաբան Հովհան Դամասկացին արեոպագիտիկաները (հատկապես՝ աստվածայինը պատկերների միջոցով ընկալելու ուսմունքը) օգտագործել է պատկերամարտության դեմ մղած պայքարում։ Մաքսիմոս Խոստովանողի և Հովհան Դամասկացու շնորհիվ երկերը տարածվել և անվիճելի հեղինակություն են ձեռք բերել Արևելյան և Արևմտյան եկեղեցիների աստվածաբանական ավանդության մեջ։
«Աստվածային անունների մասին» երկում որպես Դիոնիսիոսի ուսուցիչ
հիշատակվում է նաև առաքելական շրջանի մեկ այլ աստվածաբան՝ սուրբ Հիեռոթեոսը: Դիոնիսիոսը
թուղթ է հղել Պատմոս կղզում ապրող Հովհաննես Առաքյալին, մի այլ տեղ նա պատմում է Հիսուսի
մահվան օրը Եգիպտոսի Հելիոպոլիս քաղաքում արեգակի խավարմանը իր ականատես լինելու մասին:
Դիոնիսիոսի, որպես «Արեոպագիտիկաների» հեղինակի, հավաստիության
վերաբերյալ առաջին կասկածը հայտնվում է Կոստանդնուպոլսի 533 թ. մասնավոր ժողովում,
որտեղ նախագահող Եփեսոսի եպիկոպոս Իպաթիոսը կասկածում էր դրանց վավերականությանը:
Դիոնիսոս Արեոպագացու ուսմունքը առաջադրում է երկու խնդիր՝
Աստծո և աստվածացման իմացությունը: Դա կատարվում է Աստծո ինքնաճանաչման ուղիով: Այդ
անընդհատ ինքնաճանաչման ընթացքը տեղի է ունենում պլատոնական և միստիկական տարբեր մակարդակներում,
որոնք սնուցված են իմացաբանական և խորհրդագիտական ավանդներով: Վերջիններով հարուստ
է արևելյան եկեղեցին: «Խորհրդաբանական աստվածաբանությունը» վկայակոչում է Բարդուղիմեոս
Առաքյալին, որը քարոզում էր արևելյան երկրներում և Հայաստանում:
«Գործքում» (ԺԷ), նշվում է, որ Պողոս առաքյալը Աթենքի ժողովարանում
խոսում էր հրեաների և բարեպաշտ մարդկանց, այդ թվում՝ էպիկուրյան և ստիոյիկյան փիլիսոփաների,
որոնցից մեկը պիտի լիներ նաև Դիոնիսոսը: Եթե հիշենք, որ ստոիկյան փիլիսոփաներին հարում
էին այդ շրջանի խոշորագույն ուսյալները (Կիկերոնը, Փիլոն Ալեքսանդրացին, Սենեկան և
ուրիշներ), որոնց խորթ չէր «վայելչության» էպիկուրյան տեսությունը, ապա կարելի է ենթադրել,
որ Դիոնիսոսը նման ուսյալներից պետք է լիներ, որ միացնում էր տիեզերքի և հոգու պլատոնական
ըմբռնումը և հեդոնեի՝ վայելքի, զարմացման՝ էքստազի էպիկուրյան և պլատոնական ըմբռնումները:
Քրիստոսի ուսմունքի լույսը նա ստացավ իր ուսուցիչներ Պողոս Առաքյալից և սուրբ Հիեռոթեոսից,
որն ըստ Դիոնիսիոսի, Սուրբ Հոգով ներշնչված օրհներգում էր Աստվածամոր Նինջի ժամանակ,
և որից նա քաղվածքներ է բերում «Հաղագս աստուածային անուանց» գրվածքում: «Արեոպագիտիկաներում»
կան բազմաթիվ դրվագներ, որոնք արձագանքում են Պլոտինոսի Պորփյուրի, Պրոկլի երկերի զանազան
հատվածների:
Իբրև «Արեոպագիտիկաների» հեղինակ առաջադրվում է նաև Դավիթ Անհաղթը, քանի որ Դիոնիսոս Արեոպագացու առաջին երկու երկերի որոշ հին ձեռագրերում գլուխների
սկզբում և վերջում հունատառ գրված է Դավթի, որպես հեղինակի, անունը և բացի այդ առկա
է գաղափարների էական նմանություն:
Տես նաև Թալես, Դեմոկրիտ և Պարմենիդես
Դիոնիսիոս Արեոպագացի
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 30, 2017
Rating:
