Ֆրիդրիխ Շիլլեր | Հեկտորի հրաժեշտը


Անդրոմաքե

Հեկտորն ընդմիշտ հեռանում է ինձանից
Անդ, ուր անհաղթ Աքիլլեսը քինալից
Ահեղ զոհ է Պատրոկլեսին մատուցում:
Որդիդ ումի՞ց նիզակ նետել սովորի,
Երկրպագել աստվածներին աշխարհի,
Երբ կլանի քեզ Օրքուսը անկշտում:

Հեկտոր

Քա´ղցր իմ կին, մի´ մորմոքիր վշտաձայն,
Մարտնչելու իմ վճիռն է անսասան.
Իմ բազուկն է Պերգամին վիգ ու նեցուկ:
Փրկեմ օջախն աստվածների սրբազան,
Ընկնեմ որպես իմ հայրենյաց պահապան,
Անդարձ իջմեմ Ստիքս գետը տրտմաշուք:

Անդրոմաքե

Չեմ լսելու զենքիդ շառաչն ես արդեն,
Սուր ու զրահ սրահում լուռ կհանգչեն,
Կկործանվի Պրիամոսի ցեղն հզոր:
Կիջնես այնտեղ, ուր արև չի ճառագում,
Անապատում Կոկիտոսն է միշտ սգում,
Եվ Լեթայում կմեռնի քո սերն անզոր:

Հեկտոր

Ողջ կարոտն իմ, բոլոր խոհերն իմ, ավա~ղ,
Սուզվելու են Լեթա գետի մեջ խաղաղ,
Բայց ո´չ սերս. նա սերս չի~ կլանի:
Լսի´ր. վայրագն է մոլեգնում բերդից դուրս…
Ի´նձ տուր սուրս, թո´ղ արցունքդ այդ անհույս.
Սերն Հեկտորի Լեթա գետում չի~ մեռնի:

Տես նաև Բալլադներ

Ֆրիդրիխ Շիլլեր | Հեկտորի հրաժեշտը Ֆրիդրիխ Շիլլեր | Հեկտորի հրաժեշտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:06:00 Rating: 5
Технологии Blogger.