Գրիգոր Նարեկացի | Տաղ Վարդավառին | համառոտ



Հեթանոս հայերը մեծ շուքով տոնել են Վարդավառը, որը կապված է եղել ջրի պաշտամունքի հետ: Այդ տոնը նվիրվել է Աստղիկ դիցուհուն, որին ընծայվել են ծաղիկներ, հակտապես վարդեր: Հայ եկեղեցին այդ տոնը յուրացրել և նվիրել է Քրիստոսի պայծառակերպությանը: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Թաբոր լեռան վրա հայտնվում է արևի պես պայծառ դեմքով և ճերմակափայլ զգեստներով: Նարեկացին, միաձուլելով քրիստոնեականն ու հեթանոսականը, ստեղծել է բնության այլաբանական հրաշալի երգ՝ «Տաղ Վարդավառին»: Այստեղ Փրկչին տեսնում ենք գոհար վարդի ու ճերմակ շուշանի պատկերով: Ահա՛ տաղի առաջին հատվածը՝ գրաբարով.

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից.
Ի վեր ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնըն այն ծաղկին.
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղըն
սնանէր խուռըն տերեւով:

Այսինքն՝ գոհար վարդն էր իր վառ շողերը ստացել արեգակի վեհ վարսերից, վերը՝ վարսերի վրա, ծավալվում էր ծաղիկը ծովային, համատարած ծովից պղպջում էր գույնն այդ ծաղկի, գունեղ, երփներանգ ծաղկի, շողշողում էր պտուղը ճյուղին: Քրքումագույն նորահաս պտուղը սնվում էր խիտ տերևով…
Այս գեղեցիկ հատվածի կրոնական իմաստն այն է, որ Քրիստոս՝ Աստծո որդին, իր պայծառությունն ստանում է Հայր Աստծո լույսից և, ծավալվելով ու հասունանալով որպես շողշողուն պտուղ, տարածում է իր լույսն ու բարիքները՝ ճշմարիտ հավատը: Ինչպես շարունակության մեջ ասված է, այդ պտուղը սնող տերևն էլ Տիրոջ տավիղն է: Շարունակելով այլաբանությունը՝ բանաստեղծը պատկերում է, թե ինչպե՛ս վարդ Քրիստոսի լույսից ու ջերմությունից կյանք և կենդանություն է առնում ողջ բնությունը՝ աշխարհը:

Վարդի խուրներամ փնջից գույնզգույն ծաղկունք ծաղկեցին,
Սոս ու տոսախ ծառերը վարդագույն ոստեր նետեցին,
Նոճն ու բողբոջ արոսը զարդ առաջ վարդ ու շուշանի,
Շուշանն էր շողում հովտում, շողշողում դեմն արեգակի.
Այն հյուսիսային հովն էր հովհարում գոհար շուշանին.
Շուշանն էր շաղով լցված, շող շաղով և շար մարգարտով,
Շաղոտվեց ծաղկունքը ողջ. շաղն՝ ամպից, ամպն՝ արեգակից.
Խմբվեցին աստղունքը ողջ լուսնի դեմ՝ գունդ-գունդ բոլորած.
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, հորինված երկնի շրջանակ:

Տաղի կրոնական այլաբանությունը թեև որոշակի է, բայց բանաստեղծը բնության այնպիսի խոր զգացողությամբ ու սիրով է գծագրել պատկերները, ողողել ջերմ լույսով ու վառ գույներով, որ ստացվել է մի շատ տպավորիչ բնանկար, բնության երգ: Համենայն դեպս, իրենց այլաբանությամբ հանդերձ, Գրիգոր Նարեկացու տաղերը հայ քնարերգության մեջ սկզբնավորում են բնության երգը:


Գրիգոր Նարեկացի | Տաղ Վարդավառին | համառոտ Գրիգոր Նարեկացի | Տաղ Վարդավառին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 05, 2017 Rating: 5
Технологии Blogger.