Աղասի Այվազյան | Երկխոսություն Լև Տոլստոյի և նրա ձիու միջև



Լև Նիկոլաևիչ Տոլստոյը ոչ մի կերպ չէր կարողանում ամբողովին համակվել իր զմայլանքով, ավելի ճիշտ՝ լուծվել բնության անդորրի մեջ, զգալ հարթ կանաչ բացատն ու հորիզոնը, ուր նա ուղղել էր իր հայացքը… Ուղեղի մի հատվածը, թերևս փոքր մի օջախ, այնքան ուժեղ էր գրգռվել, որ խցանել էր ամբողջ ուղեղը, կանգնեցրել մտքի աշխատանքը… Ցավալին այն էր, որ այդ խանգարիչ գրգռված օջախը փոքր էր, աննշան, և ամենատհաճը իր համար՝ պատճառը կենցաղային փոքրիկ անհարթությունն էր… Եվ որովհետև Լև Նիկոլաևիչի մտքերը բարձրաշխարհիկ էին, խոշոր ձևերի մեջ, մոնումենտալ, որոնց վրա միշտ շնկշնկում էր Աստծո շունչը, զգացվում նրա ներկայությունը, ապա այդ շատ մարդկային, կենցաղային տհաճությունը օտար մարմին էր, միայնակ ու ծանրանում էր, կախվում ամբողջից: Ուրիշ են սովորական մահկանացուները, նրանց կենսական ոլորտը արդեն նմանօրինակ բազմաթիվ շոշափելի, առարկայական տհաճություններից է կազմված, նրանց համար այս խորդուբորդությունը անվերջանալի տհաճությունների շարունակությունն է, և շուտով մոռացվում է:
Ուրեմն այսպես. Լև Տոլստոյը նայում էր կանաչակապտավուն հորիզոնին և կամաց-կամաց լցնում իր ուղեղը Աստծո շնչառությամբ, ջանալով կատարել հակառակը՝ ազատություն տալ ուղեղի մեծ հատվածին և խցանել այդ փոքրիկ օջախը: Նա հիանում էր շրջապատով և զգում այն մեծ ճշմարտությունը, որ Աստված դա բանականություն է: Որ բարին, ճշմարտությունը, հավերժությունը, Աստված նույն բաներն են, և նա մոռացավ, որ նստած է ձիու վրա:

Ձին նույնպես նայում էր հորիզոնին և, զարմանալի էր, նա նայում էր նույն կետին, ուր նայում էր Լև Նիկոլաևիչը:
- Լավ է, չէ՞…,- ասաց Ձին:
- Շա՜տ, չքնա՜ղ է… մե՜ծ է… այնքան մեծ է, որ կարելի է ասել՝ բնական է, այսինքն՝ ճշմարիտ է, այսինքն՝ բարի է… - ասաց Լև Նիկոլաևիչը անմիջականորեն, առանց լրիվ գիտակցելու, թե ով տվեց իրեն այդ հարցը: Դա այնքան տեղին խոսք էր, բնությունից, տեղանքից և եղանակից ծնված վիճակ, այդ պահի, Աստծո շնչառության ճշգրիտ զգացողություն, որ մեծ գրողը խոսքն ընդունեց որպես բնականոն իրողություն: Դա նաև իր մտքի ձայնն էր:
- Դուք զգո՞ւմ եք հորիզոնի կապը անտառի հետ…- կրկին խոսեց Ձին:
- Իհարկե…- մեղմ շշնջաց Գրողը:
- Դուք զգո՞ւմ եք անտառի անցումը դեպի հովիտ, հովտում միայն ծառեր չկան, մնացածը նույնն է… Եվ այնտեղ օդն ավելի առատ է և… օդն այնտեղ զարմանալի համ ունի՝ թթվաշ է, թոքերի թաղանթը դուրեկան ծակծկող…
Լև Նիկոլաևիչն այդ ուղղակի զգում էր իր թոքերի մեջ և պատասխանի փոխարեն մեղմ ժպտաց, ինչպես ժպտում են քնից կուշտ արթնանալուց հետո:
- Դու տեսնո՞ւմ եք, հովիտը դառնում է ձոր, այդ ձորը նույն հովիտն է, միայն ձևն է փոխել, միևնույն մարմնի շարունակությունն է…- շարունակեց Ձին:
- Այո,- ասաց Գրողը համարյա ինքնամոռացմամբ, թեթև զգալով, որ Սոֆիա Անդրեևնայի հետ կապված դիպվածի թեման շատ հեռվից, այնուամենայնիվ, խանգարում է երջանկության իր ընկալմանը:
- Ձորից սկսվում է բլուրը…- շշուկով խոսում էր Ձին: - Բլրի վրա այնքան մանր ու փափուկ բույսեր կան, որ երբ պառկում ես նրանց վրա, զգում ես աշխարհի մարմինը…
«Լավ է՝ աշխարհի մարմինը»,- մտածեց Գրողը:
- Ես շատ եմ սիրում աշխարհի մարմինը,- շարունակեց Ձին: - Ես կուզենայի փարվել նրան, իմ մարմնով զգալ նրա ձևերը, նրա հոտը, համբուրել նրա բոլոր մասերը՝ նրա ոտքերը, նրա ճակատը, նրա ձեռքերը, նրա շուրթերը…
Լև Նիկոլաևիչն ուզեց յուրովի զգալ աշխարհի մարմինը՝ ոչ թե իմաստավորել, այլ զգալ, և նա այն վերածեց մարդկային մարմնի մասերի ու կարծես հասկացավ:
- Մեր մարմինները աշխարհի մարմնի շարունակությունն են,- ասես կռահեց Հեծյալի միտքը Ձին:
Տոլստոյին համակեց նրա մաքուր ոգևորությունը.
- Եվ բոլորը զգում են իրար…- ասաց նա առանց գիտակցելու, որ արդեն զրուցում է իր Ձիու հետ:
Բոլորը զգում են և հասկանում… Միայն եթե մնան այնպիսին, ինչպիսին ստեղծել է Աստված:
- Եվ եթե նրանք հասկանան, թե ինչ են զգում…
- Նրանք հասկանում են, թե ինչ են զգում… Կարևոր է չկորցնել անհատականությունը…
«Անհատականությո՞ւնը»,- մտածեց Գրողը:
- Անձը, իր իսկությունը,- ճշտեց Ձին:
- Բնությունը միացյալ բանականություն է,- ասաց Գրողը,- բանականությունը՝ Աստված…- և բնազդաբար ինքն իրեն՝ կրկին գրգռելով տհաճ հուշերի մնացուկներով, ասաց.- Մարդ պետք է խելոք լինի, և նա Աստված կունենա… Բանականությունը բերում է դեպի Աստված, բանականությունը բերում է դեպի Աստված, բանականությունը բերում է դեպի ճշմարտություն, բանականությունը բերում է դեպի բարին… Խելո՛ք եղեք, խելո՛ք… Այդ ձեր օգուտն է…
Տոլստոյի խոսքերի մեջ զգացվեց հոգնածությունը մանրմունր կենցաղային անհարթություններից, մերձավորների իրարամերժ հայացքներից, աններդաշնակ մտքերից, ոչ բարի ներքին հոսանքներից, մի խոսքով այն ամենից, ինչ մեծ բանականության դեմ է: Եվ կրկին կոնկրետացավ Սոֆիա Անդրեևնայի հետ առավոտյան դեղի ունեցած անախորժ զրույցը:
Զովը սահեց կանաչ բացատով ու պարուրեց Տոլստոյին և թեթև դողը թափանցեց նրա ոսկորների մեջ: Տոլստոյը ձգեց Ձիու սանձը՝ շրջելու համար նրա գլուխը. վերադառնալ էր հարկավոր: Բայց Ձիու գլուխը չթեքվեց: Նա աներեր առաջ էր ուղղված: Ձին հմայված էր բնապատկերով. երեկոյան զովը թարմացրեց նրա հոգնած մարմինը, և հորիզոնում հետզհետե խտացող, կուտակվող մուգ կանաչը շոյում էր հայացքը, հիշեցնում նրա մանկությունը և մորը, որը հատկապես օրվա այս ժամին մի առանձին քնքշանքով էր փարվում նրան:
Տոլստոյը կրկին ձգեց նրա սանձը. Ձին չէր կարողանում կտրվել դիմացի տեսարանից և անջատվել էր ներքին վիճակից:
- Գնա՛նք,- ասաց Տոլստոյը:
«Չեմ ուզում»,- մտածեց Ձին, բայց ասել չհամարձակվեց, որովհետև սա անառարկելի դրվածք էր իր և Հեծյալի միջև ու ոչ մի առնչություն չուներ նրանց երկխոսության հետ:
Տոլստոյն արդեն սկսել էր նյարդայնանալ. նա հայտնի ձի հեծնող էր, ու ինչ-որ մի տեղ նույնիսկ հաճույք էր զգում այն բազմաթիվ լուսանկարներից, որտեղ ինքը պատկերված էր ձիու վրա: Իր կեցվածքի մեջ կար գիտակ հեծյալի արժանապատվություն, և ձիարշավարանում շատերը կարող էին նախանձել նրա արվեստին:
«Մի քիչ էլ,- ինքն իրեն ցանկացավ Ձին,- մի վայրկյան հետո անտառը զարմանալի բուրմունք կարտաբերի, որ միայն այս պահին է ունենում. դա նրա վերջին արտաշնչումն է… Ես ու մայրս թոքերս լայն բացած սպասում էինք անտառի արտաշնչմանը… Այդ այն պահն է, երբ բոլոր ծառերը, թփերը, միջատները, մանր-մունր կանաչները, բուսականության արմատները, հողի ծակոտիները, փշերը միասին են… Դա միահյուսման պահն է… Աշխարհի մարմնի պահն է… Մի քիչ էլ սպասենք…»:
Բայց այս խոսքերը Ձին միայն մտածում էր, և Տոլստոյը չլսեց: Նրա մարմինը ցրտից սարսռաց ու նա կրկին այս անգամ ավելի ուժգին ձգեց սանձը: Լկամը մտավ ձիու լեզվի տակ, լեզուն նույնիսկ ծալվեց ատամների վրա, բայց Ձին կրկին չշարժեց գլուխը:
Ստիպված, Տոլստոյը կրունկով խթանեց Ձիու կողը: Ձին ուժեղ ցավ զգաց ու սթափվեց:
Եվ գոհ, որ նույնիսկ այս տարիքում հմտորեն պահպանում է հեծյալի իր արժանապատվությամբ լի կեցվածքը, Տոլստոյը շարժվեց կալվածքի կողմը:
Լև Տոլստոյը և Ձին վերադարձան տուն:

Տես նաև Աղասի Այվազյան Պատմվածքներ
Աղասի Այվազյան | Երկխոսություն Լև Տոլստոյի և նրա ձիու միջև Աղասի Այվազյան | Երկխոսություն Լև Տոլստոյի և նրա ձիու միջև Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 20, 2017 Rating: 5
Технологии Blogger.