
Գործի, ընտանիքի մարդ, գյուղացի,
հազար ու մի հոգսով, երբեք ուրիշ տեղ գնալու ժամանակ չէր գտել, հիմա դուրս եկավ պտտելու:
Որոշել էր ոտքով ման գալ և տնտղել ամբողջ Հայաստանը. դա այնքան էլ դժվար բան չէր: Ոմն
թոշակառու մի քանի տարում Սովետական Միությունն իր բոլոր հանրապետություններով՝ աջ
և ձախ, ձախ և աջ, վեր ու վար, վար ու վեր չափեց-ձևեց: Ո՜ւր մնաց Հայաստանը:
Այս հայ ոտավոր ճանապարհորդը
կարգին ման եկավ հանրապետությունում, հետո Բջնիի, թե Օշականի մոտակայքում կանգնեց,
նշան արեց մի տասը մետր հող ու համոզված ասաց.
- Էս հողին օտարի ոտք չի դիպել:
Հավաքվեցին մի քանի գյուղացի,
մի խմորոտ ձեռքերով կին, մի գավառցի հովեկ, ծուլորեն ծիծաղեցին՝ քի՞չ ծուռ կա Հայաստանում:
Մի գործարար մարդ սուսուփուս թողեց հեռացավ: Մեկն ասաց.
- Որ գիրք կարդաս, կիմանաս,
որ այս հողը երկար ժամանակ պարսիկների ձեռքին է եղել…
- Չէ՛,- հաստատեց ոտավորը:
- Մենակ պարսիկնե՞րը,- գրգռված
զարմացավ մարդը: - Էլ ով ասես չի եղել. ոտնատակ են արել էս կողմի բոլոր գյուղերը…
- Էս հողի վրա օտարը ոտք չի
դրել…
- Ինչո՞ւ անպայման էս 10 մետրը,-
ասաց գյուղացին:
- Լա՜վ… մարդ գտա՞ք խոսելու…
Ութամյա դպրոցի ուսուցիչը ջղայնացել
էր նրա համառության վրա, համբերում էր, որ չհայհոյի, ու կրունկով գետինն էր փորում:
- Բա՞ն գիտես,- հարցրեց խմորոտ
ձեռքերով կինը:
- Էդ ինչո՞ւ ես էդպես համոզված,-
ասաց գավառցի հովեկը:
- Օտարի ոտք չդրած մի պատառ
հող որ չլիներ, բա ո՞նց կմնար էսքան աշխարհը… Մի փոքրիկ տեղ պիտի մնար, որ դառնար Հայաստան:
Սա՛ է էդ հողը… - նա նորից նշեց տեղը,- էս հողի վրա թշնամին ոտք չի դրել…
Սովորական հող էր, հայկական,
քարքարոտ: Ու մարդիկ մի տեսակ, առանց հավատալու, հավատացին: Բոլորն զգացին, որ զարմանալի,
թե ծիծաղելի ճշմարտություն կա նրա ասածի մեջ:
Ոտավորը համբուրեց գետինը,
մի բուռ հող լցրեց ծոցը և վերադարձավ տուն:
Մարդիկ նայեցին նրա ետևից,
հետո օղակեցին հողակտորը և երկար ու լուռ նայում էին, ինչպես կնայեին հուշարձանի:
Տես նաև Աղասի Այվազյան Պատմվածքներ
Աղասի Այվազյան | Ոտավորը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 23, 2017
Rating:
