Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ | Առակներ


Խլուրդ
Խլուրդի բնության մեջ կա, որ շարունակ գետնի հողը փորե և մեկ տեղ դադար չառնե: Կասեն, թե գեշ հոտ ունի, իր սեփական հոտից է, որ շարունակ տեղ կփոխե: Կկարծե, թե հոտը տեղեն է: Ու թեև նորեն ու նորեն հողը կը փորփրե, բայց դարձյալ գեշ հոտը իրենից չի բաժնվի:


Կաքավը և օտար ձուն
Կաքավը գողացավ մի ուրիշ կաքավի ձու և դրավ իր բունը: Երբ ձագեր հանեց, օտար հավկիթից ելած ձագը լսեց իր մոր ձայնը, թողեց այն կաքավին, որ գողություն էր արել ու գնաց իր մոր մոտ:

Առյուծը և թագավորի աղջիկը
Առյուծը տեսավ, որ թագավորի աղջիկը շատ գեղեցիկ է և մոլեկան ախտով բռնվեցավ: Նա մարդ ղրկեց թագավորի մոտ և աղջիկը իրեն կնության ուզեց:
Թագավորը պատասխան ճամբեց. «Արժանի ես ատոր,- ասավ,- որովհետև կենդանիներու թագավորն ես դու: Բայց ես իմ դուստրը քեզ տալ չեմ կարող, քանի որ սոսկալի ժանիքներ ու մագիլներ ունիս: Դրանց ահից արդեն իմ դուստրը կմեռնի:
Առյուծը կպատասխանի. «Լա՛վ, ես քեզ անձնատուր կլինիմ: Հա՛ն ժանիքներս և մագիլներս: Միայն թե ողորմիս ինձ և քո դուստր ինձ տաս. ահա կե՛փի սիրտս, կմեռնիմ աղջկանդ սիրուց»:
Ու թագավորը իր մոտ կանչեց առյուծը, դուրս քաշեց նրա ժանիքները և մագիլները, և այսպես առյուծը մնաց անզեն: Հետո թագավորը կապեց առյուծը, մի քանի գավազան առավ ձեռքը և սկսեց  ծեծել այն, մինչև որ մեռավ, իղձը՝ փորը:

Աղվեսը՝ առյուծի ծառա, գայլը՝ աղվեսի ծառա
Առյուծը իր մոտ ծառայության առավ աղվեսը ու այսպիսի պայման դրավ. «Երբ իմ աչացս մեջ արյուն տեսնես, իմա՛ց արա ինձ, որովհետև այդ նշան է, որ ես որսի պիտի ելնեմ»:
Այսպես ահա, առյուծը, շարունակ որս կաներ, և երկուքը միասին կուտեին և կուրախանային:
Ժամանակ անցավ: Աղվեսը հպարտացավ և դուրս ելավ առյուծի ծառայությունեն: Այժմ ինքը ծառայության առավ իր մոտ գայլը: Ու աղվեսը պատվեր տվավ գայլին. «Իմ աչացս մեջ արյուն լինի թե ոչ, երբ հարցնեմ քեզ, կասեն թե՝ «Այո՛, շատ արյուն կա աչքերուդ մեջ», որովհետև այդ նշան է, թե որսալուս ժամը հասած է»:
Անցավ ժամանակ: Մի օր աղվեսը հարցրեց գայլին, ինչպես որ սորվել էր առյուծից. «Աչքերուս մեջ արյուն կա՞»:
«Այո,- պատասխանեց գայլը,- շատ արյուն կա աչքերուդ մեջ, և ինչպե՜ս թանձր արյուն»:
Աղվեսն ուրախացավ, նստավ եզներու ճամբուն վրա և պատվիրեց գայլին. «Ես այսպես նստած կը մնամ այստեղ, ճանմբու վրա, իսկ դու գնա և որքան կարելի է՝ շատ թվով եզներ խրտներցրու դեպի իմ կողմը»:
Եվ խումբ-խումբ եզները վազեցին դեպի աղվեսը: Աղվեսը արագ հարձակում գործեց, ինչպես որ սովորել էր առյուծից: Բայց եզնե
րը իրենց կոճղակներով լավ հարվածներ իջեցրին աղվեսի գլխին և ջախջախեցին այն: Աղվեսը ուշակորույս վայր ընկավ գետնին:
Գայլը մոտ եկավ և ասաց. «Ել ոտքի, եղբայր, քանի որ այժմ աչքերդ իսկապես թանձր արյունով լի են»:

Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Մխիթար Գոշ Առակներ և Խնկո Ապեր Առակներ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ | Առակներ Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 17, 2017 Rating: 5
Технологии Blogger.