Պարույր Սևակ | Անձնական թերթիկ


Հարցաթերթի՞կ,
Խնդրեմ այսպե՛ս լրացրեք -
Կուզեք՝ ձեր մտքի մեջ, կուզեք՝ ձեր թղթերում.

-Երբ ողջ աշխարհը մեր
Առաջնորդի ննջող շիրմի առաջ
Ամբողջ հինգ րոպե համրացավ ու լռեց,
Ինչպես վշտահորձանք փոթորիկից հետո
Անտառներն են լռում խորախորհուրդ,-
Մայրս գալարվում էր... երկունքի մեջ...
Եվ առաջին ճիչը, որ կրծքիս տակ ծնվեց,
Իմ առաջին ճիչը - անգիտակից ցավով -
Անլսելի դարձավ սգո համազարկի
Ահեղ բոմբյունի մեջ...

Այնուհետև խնդրեմ լրացրեք այսպե՛ս.

-Նախնիքս - հողագործ,
Գաղթած Պարսկաստանի ինչ-որ գյուղից,
Հայրս, որ դեռևս աշխատում է՝ նույնպե՛ս,
Մայրս - տնտեսուհի:

-Ազգությո՞ւնըս: -Հայ եմ՝
Ավելի քան ամբողջ երկու հազար տարի:

-Մասնագիտությո՞ւնըս: -Կյանքին նայել
Միա՛յն բարձունքներից ապագայի:
-Սովորել եմ կյանքից,
Թեպետ ավարտել եմ համալսարան:

-Վա՞յրը աշխատանքիս.-
Դեռ ուսանող էի, երբ ինձ բանակ տարան:

-Բարեկամներ ունե՞մ ես արտասահմանում.-
Որքան որ կամենաս, որքան շուրթդ բերի:
Երկրագնդի բոլոր գոտիների վրա,
Կա՛ն, տանջվո՜ւմ են նրանք,
Որքան էլ որ մերոնք
Հեռու Պորտ-Արտուրից հասնելով մինչ Բեռլին,
Իրենց անցած ուղու հաղթական հետքերով
Նրանցից շատերին ազատություն բերին:

-Դատի տա՞կ: Քավ լիցի, ո՛չ, չեմ եղել,
Չհաշվելով լոկ այն, որ երեք թե չորս օր
Ընկել եմ թշնամու օղակի մեջ
Իմ թեկուզ և փոքրիկ զորամասով:

-Չորս լեզու եմ, այո՛, տիրապետում -
Հայերենից բացի նաև երեք... զենքի,
Որով կարող եմ ես գալիք գոտեմարտում
(Հակառակ մեր կամքի եթե մի օր նա գա),
Ինչպես հարկն է խոսել
Լեզվագարների հետ ամերիկական:

-Ես արտասահմանո՞ւմ: Կասկածո՞ւմ եք միթե.
Ինչ խոսք, որ եղել եմ, կռվե՛լ և ոչ դիտել:-
Բուդապեշտո՛ւմ, Լոձո՛ւմ, Վարշավայո՛ւմ
Գարեջուր չեմ ըմպել, այլ թափել եմ արյուն,
Իսկ Վայմարում,
Մոռացած, որ արդեն կորցրել եմ մի թև,
Երկու թևով կարծես
Մորս պես գրկել եմ հաղթական Մայիսը...
Չկա՞ն ուրիշ հարցեր:
Իսկ խառնվածքի՞ մասին,
Իսկ այն մասին, թե ես ի՞նչ եմ նախասիրում:

Իսկ այդ առթիվ, խնդրեմ, հաղորդեցեք այսպես.

-Սիրում եմ ես ապրել պայծա՜ռ, խնդումնասի՜րտ,
Ապրել առօրյայո՛վ, երազներո՛վ,
Հորիզոնո՛վ հեռու:
Չեմ զլանում երբեք
Ընթերցել այն, ինչ գրվում է ի՛նձ համար
Կանանց՝ գորովանքից մշուշված աչքերում:

Սիրում եմ ես նաև
Իմ սեփական սրտին ա՛յն հայացքով նայել,
Որով նայում եմ ես դեռ անմշակ,
Բայց արյունով գրված իմ երգերին...

Սիրում եմ ես նաև
Այս ամենի՜ց ավել,
Իմ սեփական բազկի երակներով
Զգալ շունչը դարի,
Շունչս նրա շնչին միշտ համաչափ պահել:
Եվ վերջապես՝ ապրել այնքա՛ն տարի,
Ու չմեռնել այնքա՜ն,
Մինչև որ աշխարհում՝ Հիմալայից - Անդեր
Եվ Անդերից - Մասիս,
Իմ սեփական և իմ հաղթ ձեռքերով
Պարզեմ մի բորբ դրոշ...

Սակայն եղեք ներող...
Ճիշտ որ ես մի վայրկյան
Մոռացա, որ գալիք օրվա մասին
Հարցաթերթիկի մեջ կետեր չկան...

05.IX.1947թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Անձնական թերթիկ Պարույր Սևակ | Անձնական թերթիկ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:16:00 Rating: 5
Технологии Blogger.