Պարույր Սևակ | Հայտնություն


(Նախերգանքի փոխարեն)

Բոլոր օրերից գուցե առավել անգույն-տարտամը
Այս օրն էր, որ կար,
Իսկակա՛ն միջակ ու տափակ մի օր,
Բայց նա ինձ համար
Մի արքիմեդյան օր դարձավ հանկարծ.
Ոչ այն է կարծես նորից ծնվեցի,
Ոչ այն է հանկարծ
(Առաջի՜ն անգամ)
Գտա ինքս ինձ.-
Խորամուխ եղա
Ստվերի բազում երանգների մեջ,
Ե՛վ լույսի բոլոր զգայարաններն ինքս զգացի,
Ե՛վ ծաղիկների ներկերի հյութը ինձ հայտնի դարձավ.
Դարձա ընդերքի մրափող ապար,
Ժայռի քարաքոս,
Որ արթուն է միշտ,
Դարձա երազկոտ՝
Ջրհորի նման,
Եվ մտամոլոր՝
Որպես արահետ.
Ես ըմբռնեցի,
Որ եթե ունես թռցնող թևեր՝
Չես զգա երբեք ծանրությունը քո.
Եվ ա՛յն հասկացա,
Որ դրամի պես
Մաշվել են արդեն բառերը բոլոր.
Հասկացա նաև,
Որ մինչև անգամ լավ է ավելի
Բառերն իրար հետ կապ իսկ չունենան,
Քան թե չունենան կշիռ ու արժեք...

Հիշեցի նաև այն խոսքը հայտնի,
Որ եթե մեկից կոչվես մեծամիտ
Եվ կամ անհեթեթ,
Եվ կամ խելագար,
Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
Որքա՛ն էլ ջանաս...

14.X.1959թ.          

Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Հայտնություն Պարույր Սևակ | Հայտնություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 16, 2017 Rating: 5
Технологии Blogger.