Ֆրիդրիխ Շիլլեր | Հաբսբուրգի կոմսը

«Աախենում, շուքով կայսերական
Իր հնադարյան ապարանքում
Բազմել է գահին Ռուդոլֆ արքան:
Օծման հանդեսն է դեռ աղմկում:
Ճաշ է մատուցում հռենոսցին,
Մատռվակում է բոհեմացին,
Պայազատները` յոթ ընտրողներ,
Ինչպես յոթ աստղեր շուրջն արևի,
Հնազանդ ծեսին բարձ ու պատվի`
Շուրջն են բոլորել իրենց կայսեր:
Ամբոխն է ցնծում պատշգամբում,
Հրճվում են սրտանց մարդիկ բոլոր,
Խնդության կանչն է ահա ձուլվում
Փողերի կանչին հանդիսավոր:
Անցան վեճերը սոսկումով լի,
Անարքա օրերն աղետալի,
Դատավոր ունի երկիրն հիմա:
Չի իշխում նիզակն էլ կուրորեն,
Չի ահաբեկվում թույլը արդեն,
Որ զորավորին կուլ կգնա:

Ոսկե գավաթն է վերցնում արքան,
Գոհունակ խոսում. «Թող բորբոքվի~,
Թող շողա~ հանդեսն այս տոնական,
Որ արքայական սիրտս բացվի:
Սակայն գուսանին ես չեմ տեսնում.
Նա բերկրանքով է սիրտս լցնում,
Սփոփում խոսքով աստվածային:
Երգը մանկուց է եղել ինձ հետ,
Եվ ինչ սիրել եմ իբրև ասպետ,
Հիմա էլ խորթ չէ ինձ` արքային»:

Պայազատների միջից հանկարծ
Երգիչն է ելնում թիկնոցն հագին:
Փայլում են նրա հերքն արծաթված,
Ծերության հետքն է արդեն դեմքին:
«Նիրհում է երգը լարի ոսկում,
Գուսանն է սիրո բարիքն երգում,
Ներբողում ինչ որ լավ է, վսեմ,
Ինչ որ տենչում են սիրտն ու հոգին:
Սակայն ի՞նչ ձոնեմ այս խնջույքին,

Արքային վայել ի՞նչ երգ ասեմ»:
«Չեմ հրամայի ես իմ երգչին,-
Տիրակալն ասում է ժպտադեմ,-
Հլու է նա մեծ Տիրոջ կամքին
Իր ոգեշնչման պահին վսեմ:
Ինչպես հողմ, որը չես իմանում
Որտեղի´ց եկավ, ո´ւր է գնում,
Կամ ինչպես աղբյուր` ծնված հողից,
Սրտի ընդերքից երգն է բխում,
Արթնացնում հանկարծ, կյանքի մղում
Բոլոր հույզերը խորը քնից»:

Գուսանն է զարկում լարին ոսկի,
Երգում է ձայնով ախորժալուր.
«Ազնիվ մի հերոս գնաց որսի,
Որ քարայծ զարկի իր նետով սուր:
Հետը ծառան էր` կապարճն ուսած:
Եվ երբ հովիտը լայնատարած
Իջավ ասպետը ձիով առույգ,
Լսեց հեռավոր խուլ մի ղողանջ,
Տեսավ մի ժամկոչ` ընկած առաջ,
Ու մի քահանա` ձեռքին մասունք:

Ասպետը ձիուց իջնելով ցած,
Գլխարկը հանեց խոնարհաբար,
Երկյուղածությամբ հոգին լցված
Հավատո հանդեպ իր ուղղափառ:
Առուն վարարել հեղեղներից,
Շառաչով իջնում էր լեռներից,
Եվ անցորդների ճամփան փակում:
Ձեռքի մասունքը այն քահանան
Ցած դրեց, հանեց մույկերն անձայն,
Որ հեղեղն անցնի հույսը հոգում:

«Այդ ի՞նչ ես անում»,- կոմսը ձայնեց,
Որ զարմանքով էր նայում նրան:
«Պարոն,- քահանան պատասխանեց,-
Մեռնողն է կանչել հաղորդության:
Առուն վարարել, գետ է դառել,
Փայտե կամուրջն է քշել-տարել,
Չկա անցնելու ոչ մի հնար:
Հեղեղն ուզում եմ անցնել հիմա,
Որ մի տարաբախտ մարդ մերձիմահ
Չմնա հոգով անմխիթար»:

Կոմսը ձին զիջեց քահանային,
Ոսկեզօծ սանձը տվեց նրան,
Որ գնա, հասնի մերձիմահին,
Չթողնի առանց հաղորդության:
Ասպետը հեծավ ծառայի ձին
Ու որս գտնելու սուրաց կրկին:
Հոգևոր պարտքը կատարելով,
Քահանան եկավ արշալույսին,
Նժույգը հանձնեց ազնիվ կոմսին,
Գոհության խոսքեր մրմնջալով:

Խոսեց ասպետը պատկառանքով.
«Դեմ է արարչին ու անվայել`
Կռվել, որս անել այս նժույգով.
Չէ՞ որ Փրկչին է նա ծառայել:
Եթե չես ուզում` քեզ տամ այս ձին,
Թող նա ծառայի Տեր արարչին,
Որն ինձ տվել է ի հատուցում
Երկրային բարիք ու մեծարանք,
Տվել է արյուն, տվել է կյանք
Ե´վ շունչ, և´ հոգի այս աշխարհում»:

«Թող պահապանը ամենազոր,
Որ լսում է մեր աղերսն ամեն,
Քեզ չխնայի ոչ մի շնորհ,
Մեծարի, ինչպես ինքդ` իրեն:
Տա աստված` դառնաս հզոր իշխան,
Հռչակվես երկրում հայրենական,
Թող վեց դուստրերը քո գեղանի
Փթթեն և կամքով աստվածային
Վեց թագ պարգևեն քո օջախին,
Սերնդե-սերունդ փառքդ անցնի»:

Արքան ընկել էր ծովը մտքի,
Օրերն էր հաշվում` անցած անդարձ,
Եվ երբ աչքերին նայեց երգչի,
Հասկացավ` ով է իր դեմ կանգնած:
Արքան ճանաչեց քահանային,
Աչքերը հանկարծ մշուշվեցին,
Թաքցրեց արցունքը ծիրանիով:
Ամբոխը նայեց դեմքին կայսեր,
Ճանաչեց կոմսին աստվածասեր,
Փառք տվեց աստծուն ջերմ խոսքերով:


Ֆրիդրիխ Շիլլեր | Հաբսբուրգի կոմսը Ֆրիդրիխ Շիլլեր | Հաբսբուրգի կոմսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:32:00 Rating: 5
Технологии Blogger.